«Ես ո՞նց հավատամ մեր դատական համակարգին: Ես էսքան ժամանակ ազնիվ աշխատանքով ստեղծել եմ ընտանիք, բնակարան, ունեմ անչափահաս թոռներ, ես ո՞նց հավատամ մի դատական համակարգի, ով արդարացնում ա մի վաշխառուի, խարդախի»,- հարցնում է բուժքույր Լենա Սահակյանը, ով տուժել է վաշխառուի հետ կնքած գործարքից:
«2007 թվականին տղայիս` Գագիկ Հովհաննիսյանին, եւ փեսայիս` Արման Հայրապետյանին, գործիքներ առնելու համար գումար էր հարկավոր: Որոշ հանգամանքների պատճառով բանկից վերցնել չէին կարող, բայց «Գինդ»-ով գտան Սերգեյ Նեյմանին, ով հայտարարություն էր տվել, որ կարող է տոկոսով գումար տրամադրել: Տղաները հանդիպեցին Սերգեյ Նեյմանին, ով խոստացավ, որ Էդուարդ Սարգսյանի միջոցով կարող է այդ գումարը տրամադրել»,- պատմում է տուժած կինը ու հավելում, որ Էդուարդ Սարգսյանը համաձայնել էր տան առքուվաճառքի պայմանագրով տրամադրել ամբողջ գումարը:
Տիկնոջ խոսքով` Էդուարդ Սարգսյանը չի շտապում միանգամից տալ գումարը, այլ` Արման Հայրապետյանից ստացական է պահանջում: Արման Հայրապետյանը ամբողջ գումարը մեկ ամիս հետո վերադարձնելու ստացական է տալիս Էդուարդ Սարգսյանին:
Գումար տրամադրողը` Էդուարդ Սարգսյանը, 50 հազար դոլարից վերցնում է 2500 դոլար` առաջին ամսվա տոկոսները եւ միջնորդավճար` 700 դոլար: 46 հազար 800 դոլար տալիս է Լենա Սահակյանի փեսային` Արմանին:
«Մի ամիս հետո չի ստացվում, որ փեսաս գումարը վերադարձնի, բայց 2007 թվականի հոկտեմբերից մինչեւ 2010 թվականի ապրիլ ամիսը գումարի տոկոսները մուծել է: Հետո փեսաս ուզեցել է գումարը վերադարձնել, որպեսզի մեր բնակարանի առքուվաճառքի պայմանագիրը չեղյալ հայտարարվի, բայց Էդուարդ Սարգսյանը չի համաձայնել, ասել է` պիտի ինձ ոչ թե 46 հազար 800 դոլար վճարես, այլ` 80 հազար դոլար: Մի երկու-երեք անգամ տեսնվելուց հետո արդեն պահանջել է 100 հազար դոլար»,- ասում է տիկին Լենան` նկատելով, որ Էդուարդ Սարգսյանը համարել է, որ ինքը բնակարանը գնել է, քանի որ իր մոտ են եղել բնակարանի առքուվաճառքի պայմանագիրն ու ստացականը:
«Առաջին ատյանի դատարանը արդարացնում ա էդ վաշխառուին, մեզ գալիս են հանելու տնից, մենք վճիռը բողոքարկում ենք եւ վերաքննիչ, եւ վճռաբեկ դատարաններում, դիմումները հետ են վերադարձվում, գրավոր ապացույցներ չլինելու պատճառով»,- ասում է տուժած տիկինը, իսկ փաստաբան Մարգարիտա Հովսեփյանը հավելում է, որ երկու օր առաջ վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը:
Ըստ նրա` դատարանի կողմից կա վտարման վճիռ, եւ եթե վճռաբեկ դատարանի միջոցով իրենց չհաջողվի բեկանել վերաքննիչ դատարանի որոշումը, ապա Լենա Սահակյանը` իր ընտանիքով, կհայտնվի փողոցում:
Նկատենք, որ իրավաբան Մարգարիտա Հովսեփյանը անձամբ ինքն էլ է տուժել տվյալ գործով նախկին ամբաստանյալ Էդուարդ Սարգսյանից, բայց մասնագիտության բերումով իր` օրենքներին քաջատեղյակ լինելն օգնել է, որ ինքը չկորցնի բնակարանը:
Աշոտ ԱԹԱՅԱՆ