Քարոզարշավը չպիտի որեւէ ազդեցություն ունենա կրթական գործընթացի վրա եւ դասերի ժամին կրթական հաստատություններում քարոզարշավների շրջանակներում որեւէ թեկնածուների հետ հանդիպումը օրենքի խախտում է, եւ եթե նման որեւէ ահազանգ է լինում կառավարությունն անմիջապես ահազանգում է: Այսօր կառավարության նիստից հետո, ճեպազրույցի ժամանակ ասաց կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքերով`ինքը դեռ նախորդ տարի հանձնարարել է, որ քարոզարշավները չպիտի որեւէ ազդեցություն ունենան կրթական գործընթացի վրա:
Այսօր կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարեց պատժել Մասիսի քոլեջի եւ Ագարակի դպրոցի տնօրեններին, դասաժամերի հաշվին քարոզարշավին մասնակցելու համար: Ընդ որում, պարոն Աշոտյանը նաեւ նշեց, որ ինքը հեռուստաընկերություններից մեկով նկատել է, որ դպրոցներից մեկում նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցել է դպրոցական ինչ-որ միջոցառման, ինչը ըստ Աշոտյանի, քարոզարշավի շրջանակում է եղել եւ այս դեպքը լրատվամիջոցներով նախորդների պես, բուռն արձագանք չունեցավ: Հարցին, թե ինչո՞ւ այդ դեպքում չեն պատժել այդ դպրոցի տնօրենին, պարոն Աշոտյանն ասաց` դուք չեք ահազանգել. «Ես չեմ կարծում, որ դպրոցի տնօրենը մեղավոր է, որ իր մոտ անակնկալ հյուր է եկել: Այդ նույն տրամաբանությամբ ես պիտի պատժեի ԵՊՀ եւ մանկավարժականի ռեկտորներին, որոնք պատահաբար ընդունել են նախագահի տվյալ թեկնածուին, որը իրենց գրքեր է բերել, որովհետեւ շատ մտահոգված էր գրադարանային ֆոնդով, դա պատահականորեն համընկավ քարոզարշավի հետ: Կխնդրեմ բոլոր թեկնածուներին գրադարանային ֆոնդով մտահոգվածությունը պահել նաեւ հետընտրական ժամանակաշրջանում: Դպրոցի տնօրենները, ուսուցիչներն ու ուսանողները, հարգելի լրագրողներ, ձեր նման քաղաքացիներ են եւ որեւէ իրավական ակտ չի սահամանափակում իրենց քաղաքական ազատություններն ու իրավունքները, չփորձեք ոչ դուք, ոչ
որոշ քաղաքական ուժեր վեր դասել Սահմանադրությունից եւ սահմանափակել այդ մարդկանց քաղաքական ազատությունները, այն դեպքում, եթե նրանք ձեր ընտրողները չեն»:
Կարդացեք նաև
Ըստ Արմեն Աշոտյանի, կրթօջախների տնօրեններին ուղղորդել քարոզարշավին մասնակցելու, որեւէ հրահանգ կամ միտում չկա, քանի որ հենց ՀՀԿ վերնախավից է դա քննադատվում եւ բացառվում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ