Փորձագետի խոսքով` մարդիկ հոգնել են քաղաքական քննարկումներից
«Դիտարկելով քարոզարշավը, կարելի է ասել, որ թեկնածուներից մեկն ունի ակնհայտ լիդերություն, իսկ երկուսը հայտնի են այս կամ այն քաղաքական բեմի վրա: Կա նաեւ թեկնածուների զանգված, որը մասնակցում է տարբեր նպատակներով, կամ պարզապես մասնակցում է մասնակցելու համար` չներկայացնելով ծրագիր: Թեկնածուների ծրագրերի լրջության տարբերությունն ակնհայտ է, թեեւ ծրագրերը այս կամ այն կերպով ներկայացնում են թեկնածուների ընկալումը քաղաքական գործընթացի վերաբերյալ»,-այսօր «Հայացք» ակումբում ասաց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
Նրա խոսքով. «Ընտրապայքարում մրցակցությունն ընթանում է ոչ թե կուսակցությունների եւ ծրագրերի, այլ անհատների միջեւ, սական թեկնածուների մի մասը գոնե փորձում է քաղաքական մրցակցության փոխարեն ծրագրային մրցակցություն ծավալել»:
Համեմատելով նախորդ տարվա խորհրդարանական եւ սպասվելիք նախագահական ընտրությունները, մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը փաստեց, որ ապրիլ-մայիսին Facebook-ը սարսափելի քաղաքականացված էր. «Ընթանում էին զուտ քաղաքական եւ տնտեսական բանավեճեր, գործում էին կեղծ օգտատերերի մեծ բանակներ: Դա հանգեցրեց նրան, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Հայաստանում Facebook-ը քաղաքական քննարկումների ամենաակտիվ հարթակն էր` չնայած Odnoklassniki-ում ավելի շատ մարդ կա գրանցված: Սակայն հարցումները ցույց են տալիս, որ մարդիկ հոգնեցին քաղաքական վեճերից եւ մայիսի 15-ից հետո միայն վերադարձան Facebook»:
Կարդացեք նաև
Նախագահական ընտրությունների վերաբերյալ փորձագետն ասաց, որ թեեւ բոլորը չեն հետաքրքրվում ընտրություններով, բայց քննարկումներ են ծավալում դրանց շուրջ. «Մարդկանց հետաքրքրում է, թե որ թեկնածուն ինչ քայլեր է արել: Մարդիկ ծաղրում են թեկնածուներին, բայց դա արդեն ուրիշ դաշտ է: Կամ ստեղծում են շատ էջեր եւ թեկնածուի մի ֆրազի շուրջ մեծ քննարկումներ անում, մինչդեռ այդ ֆրազը քաղաքական դիրքորոշում չի արտահայտում»:
Սամվել Մարտիրոսյանը նաեւ ասաց, որ կեղծ օգտատերերի բանակ այսօր չկա. «ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն չեն մասնակցում, հետեւաբար` ՀՀԿ-ն առանձնապես անելիք չունի: Այդպես Facebook-ում «գործազրկություն» է տիրում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ