Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք պատրաստված-նստած չէինք

Փետրվար 07,2013 14:25

Serj_1Հազար ինն հարյուր իննուսուներկո՞ւ, թե իննուսուներեք թիվն էր… Ու էդ «Ավանգարդի» լրագրողներ Հովհաննես Արմենակյանը (հոգին փառավորվի) ու Սարմեն Ղահրամանյանն էին, որ ներխուժեցին մեր առանձնասենյակ: Ու հազար ինն հարյուր իննուսուներկո՞ւ, թե իննուսուներեք թիվն էր… Ու կռիվ էր, ու սով էր, ու ավերվածություններ էր՝ պատերազմ էր: Ու մարդը վազում էր՝ փողոցում կլիներ, թե մարտադաշտում, եւ ոսոխի արձակած ականը չհարցնելու նման գալիս-թափով խփում ու մարդու գլուխը կտրում, ու մարդը դեռ վազում էր ապրելու նման, վազում էր ականից գլխատված մարդը: Ու կռիվ էր, ու փոշու-ցեխի մեջ թաղված-շնչարգել լինող տանկերի թրթուրների շիկացած կրճտոց էր, վշտից շալի տուտը կուլ տվող-կրծոտող մայրերի կսկիծ էր: Ու՝ հաց չկար, շոր չկար, զենք չկար: Ու տնից դուրս էիր գալիս ու հնարավոր էր՝ այլեւս ձերոնց չտեսնելու նման՝ էլ տուն չդառնայիր: Ու Աղդամի թորքերը: Աղդամի թորքերը: Թուրքերը: Շունչը նրա՝ ծոծրակիդ: Վրա տվող ու նախահարձակ թուրքի ծանր շունչը՝ ծոծրակիդ: Ու ծանր լուծը նրա՝ վզիդ փաթաթված ու վզիդ փաթաթվել փորձող: Ու՝ մենք: Ու մենք՝ հայերս: Հայերս՝ Հայաստան-Աշխարհս ու Արցախ-Աշխարհս՝ մի բուռ՝ կծկված, պրկված: Պատրաստ: Մահվան պատրաստ: Մահվան պատրաստ ու հավատով, հավատով, անպայման հաղթելու մի անկասելի-անպատմելի հավատով: Հաղթելու հավատով մի անպատմելի-անկասելի:

Ու մենք պատրաստված-նստած չէինք նկարվելու-գովազդվելու համար ու իննուսուներկո՞ւ, թե իննուսուներեք թիվն էր, ու էդ, «Ավանգարդի» լրագրողներն էին, որ էդ թվերին իրենց աներեսությամբ ու պնդերեսությամբ ոտատակ էին տալիս բոլոր առաջապահ դիրքերն ու խրամատները, մեկ էլ որտեղից-որտեղ՝ անակնկալ ներխուժեցին մեր առանձնասենյակ իրենց պատրաստի պահած ֆոտոխցիկով-թուղթ ու գրչով ու իրենց-նույն պնդերեսությամբ ու աներեսությամբ: Ու մենք պատրաստված-նստած չէինք: Ուղղակի, մենք-մեր գործն էինք անում: Մենք՝ մեր գործն էինք անում: Ու դժվար էր, ծանր էր՝ պատերազմ էր: Ու մենք՝ մեր գործն էինք անում. էդ Հողի զավակներն ենք: Ու էդ թեմայից մեր խոսակցություններում փախչում ենք, բայց այո, մեր Հայրենիքի՝ Հայաստան-Աշխարհ-Արցախ-Աշխարհի զավակներն ենք, ու ձեռքերդ ծալած ո՞նց նստեիր: Հայրենիքի Հարցն էր, ու զավակներ որպես՝ ձեռքերդ ծալած ո՞նց նստեիր: Ու քնել էինք ուզում՝ քնեեե՜լ, բայց քնելու ժամանակ չկար, սափրվելու ժամանակ չկար, այնքա՜ն բան կար ասելո՜ւ-խոսելո՜ւ, բայց ասել-խոսելու ժամանակ ու հավես չկար՝ ապրել-մեռնելու Հարց էր: Ապրել-մեռնելու Հարց էր, ու ավերվածություններ էր, զոհեր ու դիակներ, անտուն-անտեղ երեխաներ ու ծերեր, այրիացած կանայք ու… որբացած տղամարդիկ: Որբացած տղամարդիկ: Ու թուրքի շունչը: Նախահարձակ ոսոխի ծանր շունչը ծոծրակիդ ու ծանր լուծը վզիդ՝ ձերբազատվել էր պետք: Ու մենք-մեր գործն էինք անում՝ գլուխ-գլխի: Գլուխ-գլխի: Մեր Հայաստան-Աշխարհ-Արցախ-Աշխարհ հազարավոր զավակների ինքնանվիրումով ու ինքնազոհողությամբ, ինքնանվիրումով ու ինքնազոհողությամբ: Ու հազար Փառք: Հազար Փառք: Հազար Փառք նրանց:

Ու փառքի համար չէր: Ու դափնիների համար չէր: Փառքի ու դափնիների համար չէր մեր արածը՝ մենք-մեր գործն էինք անում: Ու Վերեւից ձեռքը դնում ճակատիդ ու քո Անցնելիքը եւ ամեն-մեկի Անցնելիքը՝ Խաչում է կանխորոշված: Խաչում է: Եվ արժեքը-անարժեքին շատ խառնողներ կլինեն: Փառքից թուլացած շատերը կլինեն: Ու շատ-շատերը գայթակղություններին չեն դիմանա: Շատ անվաստակներ՝ վաստակավոր կերեւակայեն: Ու շատ անմաքուրներ՝ մաքրված են երեւակայում: Բայց մենք տեսել ենք էդ բոլորը: Մենք տեսել ենք էդ բոլորը՝ վիշտը, կսկիծը, ցավը, ավերը… պատերազմն ու Հաղթանակը: Պատերազմն ու Հաղթանակը: Մաքառումն ու Հաղթանակը: Եվ Հաղթանակած ժողովուրդը պետք է լավ ապրի: Նա պետք է լավ ապրի՝ չխաբել ներքին քաղաքականության մեջ եւ չխաբվել արտաքին քաղաքականության մեջ՝ արդյո՞ք սա չէ պետության, մեր նորանկախ պետության հիմնական խնդիրը: Ու էդ իմաստով եւ կանխորոշված՝ լծվել ենք: Լծվել ենք կանխորոշված ու էդ իմաստով՝ Հաղթանակած ժողովուրդը պետք է լավ ապրի:

Ու հիմա էլ: Հիմա էլ: Փառքի համար չէ եւ դափնիների համար չէ: Ու մենք-մեր տեսածով ու փորձով ու մեր անցածով ու մեր վաստակով՝ ընդամենը մեր գործն ենք անում ու շարունակում: Մեր գործն ենք անում ու շարունակում: Շարունակում… որովհետեւ, հիմա խաղաղ օրեր են, խաղաղ օրեր են, բայց սահմանին իր բանին կացած հայ-ռանչպարն է զոհվում, մեր զինվորն է զոհվում ոսոխի գնդակից: Ու ոսոխը դեռ հոխորտում է՝ խաղաղ չէ նա՝ եղած-չեղածով զենք է հավաքում-հայթայթում, ու խաղաղ չէ դեռ մեր օրերն ու ոսոխը: Խաղաղ չէ դեռ մեր օրերն ու ոսոխը: Ու պատերազմ է դեռ: Նույն պատերազմն է դեռ: Նույն պատերազմն է դեռ՝ թաքո՜ւն ու վտանգավոր: Թաքո՜ւն ու վտանգավոր՝ անվտանգ չենք դեռ: Անվտանգ չենք դեռ:  Իսկ պատերազմի ժամանակ Գլխավոր Գերագույն հրամանատարությանը թեթեւ վաստակով ու թեթեւ ձեռքով՝ սպանո՞ւմ են, գլխատո՞ւմ են, թուլացնո՞ւմ են բերանում ոսկոր չունեցող լեզվանի, ստեղից-ընդեղից քաղված-լա՜վ-ճո՜խ մեջբերում-հաթաթա-հոխորտանքներով: Թուլացնո՞ւմ են:  Անվտանգության երաշխավորին՝ թուլացնո՞ւմ են, գլխատո՞ւմ են:

Ծառայամիտ-անդեմ ստրուկը՝ թուրքից բեթար է՝ գիտենք: Իմիտատոր-գործից փախած եւ մանվածապատ ուղեղներով չինովնիկներն ու անհագուրդ-կաշառակերները երկրի թշնամին են՝ գիտենք: Արտագաղթը կա ու գործազրկությունը կա ու աղքատությունը կա ու՝ գիտենք: Ու դրա համար չէ, բայց երկրորդ ժամանակաշրջանը նաեւ Պատմության համար է՝ էդ էլ գիտենք: Դրա համար չէ, ու մերն է այս Հայրենիքը: Մերն է այս Հայրենիքը: Եվ ինչքան էլ մեր խոսակցություններում փախչենք այդ թեմայից, սակայն մեր գործն ենք անելու, եւ Հայրենիքի զավակներ որպես՝ անելու ենք ամենը, անելու ենք ամենը՝ որպեսզի Հաղթանակած Հայաստան-Աշխարհը, որ Արցախն է նաեւ, պինդ ու ամուր, հզոր ու արդար, ուժեղ ու հարուստ, ապահով ու ապահովված պետություն դառնա ու լինի: Ապահով ու ապահովված քաղաքացիով ապահով ու ապահովված պետություն դառնա ու լինի:

ՍԱՐՄԵՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Լուսանկարները՝

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ        

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728