Լրահոս
Օրվա լրահոսը

Նույնիսկ դաղստանցիներն ունեն կիթառի կոնցերտ

Փետրվար 07,2013 14:19

Հայերը ոչ միայն կիթառի կոնցերտ, այլեւ Պակո դե Լյուսիային «կես գնով» հրավիրելու փող չունեն

«Առավոտը» ժամանակին անդրադարձել է կիթառի հանդեպ հայ ժամանակակից կոմպոզիտորների անտարբերության փաստին: Տարօրինակ է նաեւ, որ աշխարհում ամենատարածված այս գործիքը հաճախ իբրեւ «մենակատար» չի հնչում մեր բեմերից: Սա այն դեպքում, երբ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան շուրջ 20 տարի պատրաստում է բարձրագույն կրթությամբ կիթառահարներ:

«Առավոտի» հետ զրույցում կիթառահար, ՀՀ վաստակավոր արտիստ, դոցենտ Հակոբ Ջաղացպանյանը համակարծիք լինելով ասվածին, նշեց. «Նույնիսկ չեչեններն ու դաղստանցիներն ունեն կոնցերտներ՝ գրված կիթառի համար: Վրացիներն էլ այս գործիքի հանդեպ ունեն հատուկ համակրանք: Էլ չեմ խոսում ռուս ստեղծագործողների մասին: Հայերից կարող եմ նշել միայն կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանի ստեղծագործությունները, որ հնչեցրել եմ նաեւ եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում եւ այլն: Իսկ թե ինչու մեր կոմպոզիտորները չեն անդրադառնում կիթառին, բացատրությունը մեկն է՝ նրանք պարզապես ոչ միայն չեն տիրապետում այս գործիքին, այլեւ թեորեպես ծանոթ չեն: Նույնիսկ ֆլամենկո ոճի կիթառահարները 1960-ականներին անդրադարձել են հայկական երաժշտությանը, իսկ կիթառի աշխարհահռչակ վարպետ Խոսե Ռամիրեսը նույնիսկ կարծիք է հայտնել, թե կիթառն ունի հայկական ծագում: Կարծում եմ՝ գոնե այս փաստը պետք է «կաշառի» մասնագետներին»:

Մեր զրուցակիցը հավելեց, որ համագործակցում է Արամ Սաթյանի հետ. «Թեման, որ ներկայացրել եմ կոմպոզիտորին, հավանության է արժանացել նրա կողմից: Այժմ Սաթյանն աշխատում է գործիքավորման վրա, ու առաջիկայում կհնչեցնեմ այդ երկը ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ»:

1994 թվականից Երեւանի կոնսերվատորիայի դոցենտը, որ կրթել է շուրջ 50 ուսանող, հայտնեց, որ իր նախկին սաներից ոմանք շարունակում են ուսումը Մեծ Բրիտանիայի «Ռոյալ» ակադեմիայում, Միլանի Վերդիի անվան կոնսերվատորիայում, Սեւիլիայի բարձրագույն երաժշտական դպրոցում եւ այլն, ոմանք էլ ապրում ու ստեղծագործում են ԱՄՆ-ում, եվրոպական երկրներում:

Ռեպլիկին՝ ինչո՞վ են զբաղվում իր դասարանն ավարտած մյուս երաժիշտները, կիթառահարը նախ ժպտալով ասաց. «Ուզում եք լսել, որ աշխատում են ռեստորաններո՞ւմ… Այսօր անգամ զվարճանքի վայրերում կիթառահարի թափուր տեղեր չկան»: Հետո էլ ավելացրեց, թե 2-3 երաժշտական դպրոցից բացի (Սայաթ-Նովայի, Սպենդիարյանի անվան), մյուսները չեն ձգում կիթառի մասնագետներին, առաջին հերթին չնչին աշխատավարձի պատճառով, ու նրանք ստիպված անցել են մասնավոր դասեր տալուն: Իսկ ինչո՞ւ կիթառի համար փոխադրություններ չի իրականացնում՝ հրատարակելով ձեռնարկ, մանավանդ անցյալ տարի իր ղեկավարած Los Locos կիթառահարների անսամբլի համերգին լսեցինք Կոմիտասի «Քելե-քելեի» եւ լատինաամերիկյան ռումբա պարի համադրությամբ սեփական «Նաիրի-ռումբա» ստեղծագործությունը, որը ջերմորեն էր ընդունվել ունկնդրի կողմից: «Միայն զբաղվածությունս է պատճառը, որ չեմ նախաձեռնում իմ մշակումներով ձեռնարկի հրատարակումը: Ինչ վերաբերում է «Նաիրի-ռումբա» երկին, կուզենայի, որ այս գործի հասցեին մասնագետների կողմից հնչեր խոսք, նույնիսկ քննադատություն: Միայն կինս՝ երաժշտագետ Մարգարիտա Բաղդասարյանը, ողջունելով կոմիտասյան երաժշտության եւ ռումբայի «միքսը», ասաց, թե ֆորմայի տեսակետից, իր կարծիքով, այն թերի էր ու խորհուրդ տվեց, որ հիմնական շեշտը պետք է դրվեր «Քելե-քելեի» վրա, իսկ ռումբայի երաժշտությունն օգտագործել համեմունքի ձեւով»,-ասաց արվեստագետը:

Կիթառահարը ափսոսանքով հայտնեց, որ 2012թ. «Կադանս» պրոդյուսերական կենտրոնի ղեկավար Նիկա Բաբայանի բանակցությունները՝ աշխարհահռչակ կիթառահար Պակո դե Լյուսիայի երեւանյան համերգի առիթով, դրական վախճան չունեցան՝ գումարի պատճառով: Սա այն դեպքում, երբ ժամանակին ինքը հանդիպել է Պակո դե Լյուսիայի հետ, վերջինս մեծ ցանկություն ու պատրաստակամություն է հայտնել համերգ ունենալ Հայաստանում, նույնիսկ իր կես հոնորարի չափով, որը կազմում է 70 հազար եվրո:

Ի դեպ, անվանի կիթառահարն ու իսպանացի ճանաչված երգչուհի Նինյա Պաստորին ձայնագրել են «Արմենիա» վերնագրով երգը:

Հակոբ Ջաղացպանյանը տեղեկացրեց, որ «Արամ Խաչատրյան» համերգասրահում փետրվարի 8-ին հանդես կգա Ռոդրիգոյի կիթառի եւ նվագախմբի համար գրված հանրահայտ կոնցերտի կատարումով, նշելով. «Էդուարդ Թոփչյանը ճաշակով է ընտրել ծրագիրը: Առաջին բաժնում Ռիմսկի-Կորսակովի Իսպանական կապրիչիոն, որը, եթե չեմ սխալվում, ավելի քան 30 տարի չի հնչել Հայաստանում, կնախապատրաստի հանդիսականին՝ իսպանացի կոմպոզիտորի երկն ունկնդրելու համար»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728