Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյունաբերության զարգացման բաղադրիչները

Փետրվար 07,2013 14:14

Վերջին տարիների ընթացքում տնտեսական գործընթացներին կառավարության ակտիվ միջամտությունը ոչ միայն կանխորոշեց ֆինանսատնտեսական ճգնաժամի համեմատաբար քիչ կորուստներով մեղմումն ու հաղթահարումը, այլեւ ոլորտի զարգացման ռազմավարության մշակումը: Երկարամյա սպասումներից հետո գործնականում լուծում տրվեց կառավարությանը եւ առավել ակտիվ գործարար հանրությանը մտահոգող կարեւորագույն հիմնահարցին՝ ինչպես եւ որտեղ օգտագործել երկրի ներքին ու արտաքին կապիտալը, որպեսզի այն չփոշիանա եւ ծառայի իր նպատակին:

Արդյունաբերության բնագավառի ձեռնարկությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հունվարի 23-ին տեղի ունեցած հայտնի խորհրդակցության ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարեւորեց ոլորտում արտադրական հզորությունների ու արտադրության ֆիզիկական ծավալների մեծացման եւ արտահանման ծավալների աճի ապահովման ուղղությամբ կառավարության ստանձնած գործառույթների կատարումը, միաժամանակ հայտարարեց, որ պետությունը պատրաստ է իր ողջ գործիքակազմը ծառայեցնել այդ նպատակին: Ասել է թե՝ նախատեսված է իրականացնել կոնկրետ քայլեր՝ ի վերջո նորից ու նորովի հունի մեջ գցելու ԽՍՀՄ փլուզումից հետո բառացիորեն կազմալուծված արդյունաբերության ոլորտը, գործարարներին հնարավորություն ընձեռել ընդգրկվելու ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած եւ արտահանում իրականացնող երկրների շարքը, ինչպես ասում են՝ «տեղ ունենալ» միջազգային շուկաներում:

Օպերատիվ որոշումները սպասեցնել չեն տա

Արձագանքելով պետական նախաձեռնությանը եւ ողջունելով ձեռնարկվող միջոցառումները, ՀԳՀՄ գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը մեզ հետ զրույցի ընթացքում միաժամանակ նշեց, որ ըստ էության կառավարությունը ստանձնել է տեսանելի ժամանակահատվածում միջազգային ստանդարտների ներդրման, նոր արտադրական հզորությունների տեղակայմամբ լրացուցիչ աշխատատեղերի ստեղծման, արտահանման ուղիների դյուրացման, միջպետական նոր համաձայնագրերի կնքման եւ առկա ենթակառուցվածքների արդիականացման բավականին բարդ գործի իրականացումը: Դա, ըստ Գ. Մակարյանի, նաեւ թույլ կտա գործնականում բացահայտել, թե նոր արտադրությունների զարգացումը որքանով է խթանում որակյալ կադրերի պատրաստման գործընթացները եւ գիտական որոշակի ճյուղերի զարգացումը:

Արդյունաբերության զարգացման հիմնադրամի տնօրեն Հայկ Միրզոյանն իր հերթին հարցազրույցներից մեկում կարեւորել է արդյունաբերության զարգացման նպատակով 2013-ի պետական բյուջեում 300 մլն դրամի չափով գումարի նախատեսումը, ընդգծել, որ գործարարներին կառավարության աջակցությունը, ի տարբերություն հակաճգնաժամային գործողությունների, առավելապես կլինի ոլորտային: Ըստ նրա՝ նախատեսված է նաեւ սուբսիդավորել արտահանողների վարկային տոկոսադրույքների որոշակի մասը, մինչեւ 50 տոկոսի չափով համաֆինանսավորել արտահանող ընկերության արտադրանքի՝ դրսի շուկայում սերտիֆիկացման գործընթացը, միաժամանակ, որոշակի ապրանքների տեղում արտադրման եւ այդ չափով ներմուծման սահմանափակման նպատակով, իրականացնել համապատասխան ուսումնասիրություններ:

Առաջարկներ գործարար հանրությանը

Անդրադառնալով արտահանման վրա հիմնված արդյունաբերական քաղաքականության հիմնախնդիրներին, Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը մասնավորապես նշեց.

– Կառավարության հետեւողական միջամտությունը տնտեսական գործընթացներին այսօր արդեն կանխորոշել է ոլորտի զարգացման ռազմավարությունը, փոխկապակցված գործողությունների ծրագիրն ու համապատասխան գործիքակազմի մշակումը: Որոնք են դրանք.

* Արտոնյալ վարկերի տրամադրման նպատակով նախատեսված է հատկացնել պատկառելի գումար, որը հատկապես փոքր ու միջին բիզնեսի համար էական օգնություն է:

* Որոշակի չափով սուբսիդավորել նոր աշխատատեղեր ստեղծող եւ արտահանման ուղղվածություն ունեցող խոշոր ձեռնարկություններին տրամադրվող վարկային տոկոսադրույքները:

* Կառավարությունը պատրաստ է հարկային արտոնություններ տրամադրել 10 մլն դոլարից ավելի ներդրումներ իրականացրած ձեռնարկություններին, որոնք ունեն արտահանման ուղղվածություն եւ ստեղծում են նոր աշխատատեղեր:

* Այս տարի առաջին անգամ նախատեսվել է պատկառելի գումար հատկացնել Հայաստանի տնտեսության առաջատար ճյուղերը եւ արտահանվող ապրանքատեսականին արտերկրի միջազգային շուկաներում ներկայացնող առնվազն չորս ցուցահանդեսների կազմակերպմանը՝ հավասարապես կիսելով մասնավոր հատվածի ծախսերը եւ ապահովելով նաեւ դոնոր կազմակերպությունների ու Համահայկական բանկի աջակցությունը (ի դեպ, սա ծանրակշիռ աջակցություն է գործարարներին եւ խոսուն վկայություն մասնավոր հատվածի հետ նպատակային համագործակցության):

* Ֆինանսավորել խոշոր արդյունաբերական ու առեւտրատնտեսական ցանցերի ներկայացուցիչներին՝ ապահովելու Հայաստանի տնտեսական ոլորտի ներկայացման կարեւորագույն խնդրի լուծման գործընթացները:

Առաջարկ է եղել նաեւ կազմակերպել ու իրականացնել գործարար ծրագրերի միասնական մշակում պետության հովանավորության ներքո եւ վերլուծական –խորհրդատվական կազմակերպությունների նեգրավմամբ, ինչը դրանք առավել գրավիչ կդարձնի միջազգային դոնոր կազմակերպությունների համար: Այսինքն՝ ստեղծված է արդյունաբերության ոլորտի զարգացմանն աջակցող պետական մեխանիզմ, որի գործարկումը, անշուշտ, բարդ է, բայց նաեւ հեռանկարային: Եթե գործարար հանրությունը բավարար իրազեկումից հետո պատրաստ լինի օգտվել այս ամենից, կարողանա առաջարկել իրատեսական ծրագրեր ու դրանք իրականացնել, ապա, համոզված եմ, հնարավոր է կտրուկ փոխել իրավիճակը եւ կարճ ժամանակում արդյունաբերության ոլորտում արձանագրել էական առաջընթաց:

– Պարոն Ղազարյան, ծրագրերի քանակը կարո՞ղ է սահմանափակվել:

– Ո՛չ, իհարկե: Ոլորտները պարզ են, եւ դրանք առաջարկելու է բիզնես հանրությունը: Ես հասկանում եմ, որ կլինեն նաեւ մարդիկ, ովքեր, այսպես ասեմ, կարող են վազել դեպի էժան վարկեր, ինչը նույնպես բնական եմ համարում: Սակայն գտնում եմ, որ նախանշված պետություն-մասնավոր հատված համագործակցության ֆորմատը ուղղակի պարտադրում է առաջարկել արդիական, նաեւ երկարաժամկետ ծրագրեր, որոնցում գործարարը ստանձնում է պետությանը հավասար ռիսկեր եւ որոնց արդյունքը շոշափելիորեն զգացվում է: Սա հեռանկարային քաղաքականություն է իր ռազմավարությամբ, մարտավարությամբ եւ նպատակային գործիքակազմով, որը տարին-տարու վրա ընդլայնվելու է՝ ընդգրկելով նաեւ այլ ոլորտներ (օրինակ՝ կրթության եւ գիտության) եւ դրանց վերապահելով նոր հարաբերություններով դերակատարություն (օրինակ՝ բանկային համակարգում):

Ի դեպ, բանկերի տոկոսադրույքների առումով: Հաճախ է խոսվում, թե բանկային տոկոսադրույքները բարձր են, թեեւ նրանք, ինչպես ասում են, «գրեթե ապահովագրված են» բիզնես ռիսկերից: Ես համաձայն եմ, որ համակարգը բավական կոնսերվատիվ է, սակայն ի վերջո նաեւ դրանով է պայմանավորված, որ մեր երկրում արդեն մեկ տասնամյակից ավելի ժամանակահատված է, որ չունենք բանկային համակարգում կոլապսներ, եւ բիզնեսի ու քաղաքացիների ավանդները երաշխավորված են: Ավելին ասեմ: Իրականում բանկերի տոկոսադրույքների վերանայման գլխավոր նախապայմաններից մեկը, երկարաժամկետ փողերի շուկայի ձեւավորումն ու կայացումն է (կուտակային, կենսաթոշակային հիմնադրամներ, արժեթղթերի շուկա եւ այլն), որոնց ուղղությամբ հստակ քայլեր են արվում: Եվ սա նաեւ կանխորոշել է ռազմավարության ծրագրի շրջանակներում վարկային տոկոսադրույքները որոշակի մասով սուբսիդավորելու կառավարության պատրաստակամությունը:

Ասելիքս այն է, որ տնտեսության, արդյունաբերության ոլորտում պետականորեն իրականացվող նոր մոտեցումները նպատակային են, նաեւ հեռանկարային: Պետությունից կարելի է ակնկալել մի բան՝ հավասար մրցակցային դաշտ ապահովել, եւ երկիրը կարձանագրի տնտեսական լուրջ առաջընթաց:

ԱՆԴՐԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ

Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728