Դեռ նախորդ տարվա ամռանն ուղարկված միջնորդությունը անպատասխան է մնացել
Վանաձորի հանրային պաշտպանի գրասենյակի պաշտպան, փաստաբան Գուրգեն Հարությունյանը դեռ անցած տարվա ամռանը գրավոր միջնորդություն էր ուղարկել ինչպես Լոռու մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կարեն Շահբազյանին, այնպես էլ Լոռու մարզի քննչական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Թաթուլ Շուշանյանին՝ պահանջելով գրավոր ներողություն հայցել իրենից:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, խուլիգանության մեջ մեղադրվող վանաձորցի Մուշեղ Կիրակոսյանի նկատմամբ կայացրել էր արդարացման դատավճիռ: Դատարանում Մուշեղ Կիրակոսյանի պաշտպանությունն իրականացնում էր Վանաձորի հանրային պաշտպանի գրասենյակի հանրային պաշտպան, փաստաբան Գուրգեն Հարությունյանը:
Մեղադրական կողմի բերած վերաքննիչ բողոքի մեջ նշվել էր, թե վերոնշյալ գործի շրջանակներում փաստաբանը տուժողին եւ վկային դրդել է սուտ ցուցմունք տալ:
Կարդացեք նաև
Վերոնշյալ փաստի առիթով Լոռու մարզի քննչական բաժնում Գուրգեն Հարությունյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ:
2012 թվականի մայիսի 18-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մուշեղ Հարությունյանի, որոշում էր կայացրել պարտավորեցնելու Լոռու մարզի քննչական բաժնին վերացնել Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Գուրգեն Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական գործը եւ այն վարույթ ընդունելու մասին որոշումը՝ այդկերպ պարտավորեցնելով քննչական մարմնին վերացնել փաստաբանի իրավունքների եւ ազատությունների սահմանափակման կոպիտ խախտումները:
Գուրգեն Հարությունյանի փոխանցմամբ՝ 2012 թվականի մայիսի 30-ին Լոռու մարզի դատախազության դատախազ Ս. Խաչատրյանը որոշում է կայացրել Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ Ռ. Երիցյանի 2012 թվականի ապրիլի 25-ի որոշումը վերացնելու մասին: Նույն որոշմամբ Ս. Խաչատրյանը կարճել է նաեւ հարուցված քրեական գործի վարույթը՝ Գուրգեն Հարությունյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 38-338-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմի բացակայության հիմքով:
«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 42-րդ կետի եւ 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ես համարվում եմ արդարացված: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 10-րդ մասի կատեգորիկ պահանջն է, որ քրեական հետապնդման մարմինը պարտավոր է գրավոր ներողություն հայցել արդարացվածից, իսկ նույն օրենսգրքի 6-րդ հոդվածի 22 կետի համաձայն՝ քրեական հետապնդման մարմիններ են դատախազը (մեղադրողը), քննիչը եւ հետաքննության մարմինը»,- «Առավոտի» հետ զրույցում նշեց Գուրգեն Հարությունյանը:
Նա, սակայն, հավելում է, որ մինչ օրս պատկան մարմինները չեն արձագանքել իր միջնորդությանը եւ օրենքի տառին համապատասխան՝ իրենից գրավոր ներողություն չեն խնդրել:
«Մինչեւ այսօր այդ միջնորդությունների հետ կապված որեւէ պատասխան չունեմ, դեռ սպասում եմ, եւ չի բացառվում, որ մոտ ժամանակներս ես արդեն լուրջ քայլերի դիմեմ, չի բացառվում՝ քաղաքացիաիրավական կարգով որոշակի միջոցառումներ ձեռնարկեմ: Ամեն դեպքում, վարույթ իրականացնող մարմինները թույլ են տվել իմ իրավունքների խախտումներ և պետք է ներողություն խնդրեն»,-ասում է փաստաբանը:
ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Վանաձոր
«Առավոտ» օրաթերթ