Լրահոս
Օրվա լրահոսը

Սբ Վարդանանց տոնը Մայր Աթոռ Սբ Էջմիածնում

Փետրվար 07,2013 14:00

Փետրվարի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեծ հանդիսավորությամբ նշվեց Սրբոց Վարդանանց զորավարաց տոնը, որը նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվանակոչության օրն է:

Այս առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Հայրապետի, մատուցվեց Ս. Պատարագ, որին ներկա էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբանությունը, Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները և բազում ուխտավորներ: Պատարագիչն էր Մայր Աթոռի հոգևոր կրթական հաստատությունների վերատեսուչ, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:

Պատարագի սրբազան արարողությանը Գևորգ Սրբազանն իր քարոզում անդրադարձավ Սբ Վարդանանց տոնի կարևորությանը հայ ժողովրդի կյանքում: «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու խորաններից այսօր վերստին աղոթք և գոհաբանություն է բարձրանում Սրբոց Վարդանանց նահատակների անմահ հիշատակին: Աշխարհով մեկ սփռված հայությունն այսօր շտապում է եկեղեցի իր հարգանքի տուրքը մատուցելու Ավարայրի դաշտում ընկած 1036 վկաներին, խոնարհվելու նրանց ոգու արիության, հավատքի ամրության առջև, վերանորոգելու ուխտը սեփական պատմության, Մայր Եկեղեցու և լեզվի հանդեպ, երդվելու Վարդանանց գաղափարի կրողը լինել: Մանավանդ, հայրենիքից հեռու, սփյուռքի գաղթօջախներում բնակվող մեր քույրերի և եղբայրների համար յուրահատուկ նշանակություն ունի այս օրը, մի այլ հուզումով են նրանք պատրաստվում այս տոնին, կարծես Վարդանանք նրանց ավելի են մոտեցնում իրենց արմատներին, օգնում ավելի խորը գիտակցելու սեփական ինքնությունը, հասկանալու հայրենիքի և հավատի արժեքը, լսելու արյան կանչը:

Վարդանանց պատմությունն այն բացառիկ իրադարձությունների թվին է պատկանում, որը միավորող նշանակություն ունի աշխարհասփյուռ հայ ժողովրդի համար, տալիս է նրան ինքնության գիտակցություն և կամք: Մեր հավաքական գիտակցությունն այնքան վառ և նպատակասլաց է արտահայտվել Վարդանանց շարժման մեջ, որ դարեր շարունակ այն ներշնչման անսպառ աղբյուր է ծառայել սերունդների դաստիարակության, քրիստոնեական նկարագրի կերտման համար:

…Վարդանանց վկայությունն ուղեկից է եղել մեզ պատմության քառուղիներում, ներշնչել և ուղղորդել է մեր ընթացքը,  քանի որ, ինչպես հայ նշանավոր գրողն է ասում, ՙպատմությունը գիրք չէ, այլ ոգու պատմություն՚: Վարդանանց պատմությունը հենց այդ ՙոգու պատմությունն՚ է, որն ամեն տարի շարունակ վերապատմում ենք` հիշելով, թե ի°նչ որոշում կայացրեցին հայ իշխանները Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ, ինչպե°ս էր հայ հոգևորականը զինվորին հավասար սուրը ձեռքին մարտնչում թշնամու դեմ, ինչպե°ս հայ փափկասուն կանայք քաջությամբ հետ չմնացին իրենց ամուսիններից», – նշեց պատարագիչ Սրբազանը: Քարոզի ավարտին Սրբազան Հայրը Մայր Աթոռի միաբանության անունից շնորհավորեց Ամենայն Հայոց Հայրապետին անվանակոչության տոնի առիթով:

Սուրբ Պատարագի ավարտին Իջման սբ սեղանի առջև, նախագահությամբ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանի, կատարվեց Հայրապետական մաղթանք: Եկեղեցականաց դասը և բարեպաշտ ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված` Ամենայն Հայոց Հայրապետության պայծառության և Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կենաց արևշատության և երկարամյա արգասավոր հայրապետության համար:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728