Լրահոս
Օրվա լրահոսը

Բժիշկ Էդուարդ Կարապետյանի մասին ոչ մի խոսք չասացին

Փետրվար 07,2013 13:53

Մարդ կա, երբ մեռնում է, աշխարհից մազ չի պակասում, մարդ էլ կա, որի մահով թվում է, թե աշխարհի կեսը գնաց: Նոր տարվա սկզբին կյանքից հեռացավ պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր Էդուարդ Թադեւոսի Կարապետյանը՝ հանրապետության լավագույն թոքաբաններից մեկը: Թվում է՝ եթե ոչ մարդկության կեսը, գոնե Էդիկի մահով գնաց Հայաստանի բժիշկների կեսը: Եթե Էդիկը լիներ «օրենքով գող» կամ ինչ-որ մի օլիգարխ, ապա նրա մասին հարկ կհամարեին Հայաստանի Հանրապետությանը տեղեկացնել, որ մահացել է այսինչ նշանավոր «օրենքով գողը» կամ այսինչ օլիգարխը:

Էդիկի մասին, նրա՝ կյանքից հեռանալու մասին մամուլում ոչ մի տող չգրվեց: Նրա մահից անցել է համարյա մեկ ամիս, մինչեւ հիմա էլ ընկերները անտեղյակ զանգ են տալիս Էդիկի տուն եւ հարցնում նրա առողջության մասին: Տխուր է, բայց՝ փաստ: Էդիկը հազարավոր մարդկանց կյանք է փրկել, 4 հազարից ավելի ամենաբարդ վիրահատություններ է կատարել:

Նույնիսկ ՀՀ առողջապահության նախարարությունը հարկ չհամարեց ցավակցական մի քանի տող հաղորդել պրոֆեսոր Էդուարդ Կարապետյանի մասին: Էդիկն այն տղան չէր, ում հեղինակությունը պայմանավորվեր ՀՀ առողջապահության նախարարության կամքով: Հրապարակախոս Սեյրանուհի Գեղամյանն Էդիկին նվիրված մի գրքույկ է ստեղծել: Հեղինակը նկարագրել է պրոֆեսորի մանկությունը, որը համընկել է Հայրենական մեծ պատերազմի տարիներին:

Ս. Գեղամյանը անդրադարձել է նաեւ Էդիկի հետագա կյանքի ընթացքին՝ բուհ, աշխատանք, գիտության թեկնածու, գիտության դոկտոր…

Էդիկի համար շատ շոյիչ էր, երբ նրան գնահատում էին ոչ միայն որպես մեծ բժշկի, այլեւ բարձր բարոյականության, հիպոկրատյան դպրոցի ներկայացուցչի: Ս. Գեղամյանն իր գրքում նաեւ գրում է Էդիկի կյանքի անցած ուղու, նրա ընկերների, բարեկամների, ուսուցիչների մասին: Առանձնապես անդրադառնում է նրա ուսուցիչ, պոֆեսոր Լեւ Կոստանտինովիչ Բոբուշին, որը Խորհրդային Միության թիվ 1 մասնագետն էր թոքաբանության բնագավառում: Մոսկվայի բժիշկների կատարելագործման ինստիտուտի ֆթիզատրիայի ամբիոնի ֆթիզովիրաբուժական կուրսի ղեկավարն էր: Էդիկ Կարապետյանը շատ սերտորեն կապված էր հանրապետության անվանի բժիշկների հետ, եւ նրանց համագործակցությունն արդյունավետ էր հանրապետության բժշկագիտության առաջընթացի համար:

Ս. Գեղամյանը գրքում մեջբերել է նաեւ հանրապետության անվանի կենսաբանների կարծիքները նրա մասին: Առանձնապես Էդիկին բարձր են գնահատել հանրապետության անվանի վիրաբույժներ Համլետ Թամազյանը, ակադեմիայի թղթակից անդամ Հայրապետ Գալստյանը: Նա այնքան ճանաչված բժիշկ էր, որ հարկ չեմ համարում թվել բոլոր նրանց, ովքեր բարձր են գնահատել Էդիկին որպես բժիշկ եւ որպես բարոյական անձնավորություն: Ես, որ տարիներ շարունակ առնչվել եմ Էդուարդ Կարապետյանի հետ, այն կարծիքին եմ, որ այսօր հանրապետությունում քիչ են նրա պես մեծ բժիշկներն ու մեծ մարդիկ: Եվ դա հետեւանք է վերջին տարիներին մեր հակաառողջապահական նախարարության, հակաառողջապահական նախարարների գործունեության:

ՀՐԱՆՏ ՂԱԶԱՐՅԱՆ

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նարէ says:

    Միայն հիմա եմ իմանում այս ցավալի լուրը… Իրոք մեր բժշկությունը մեծ կորուստ ունեցավ.. Ինքս բուժվել եմ Էդուարդ Թադևոսովիչի մոտ… Նա հիանալի մարդ ու հոգատար բժիշկ էր, նման չէր շատ այն բժիշկներին, ովքեր միայն հիվանդի գրպանի կարողության մասին են մտածում… Ես շատ տարբեր բժիշկների մոտ էի այցելել, ամեն մեկը մի հիմարություն էր դուրս տալիս, իսկ նա կարողացավ բուժել ինձ ու հասկացավ իմ վատառողջ լինելու գաղտնիքը… Մեծ ցավով կարդացի այս նյութը, ուզում էի որ իր անունը չհամապատասխանի, բայց ցավոք…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728