Քննադատում են գյումրեցիները
Երեկ գյումրեցի մի քանի մտավորականների միջոցով «Սիվիլիթաս» հիմնադրամի փորձագետ Թաթուլ Հակոբյանը փորձեց պարզել, թե ինչ կարելի է անել կյանքը մայրաքաղաքից ապակենտրոնացնելու ու օրինակ՝ ասենք, Գյումրի տեղափոխելու համար: Փորձագետին հետաքրքիր էր, թե Գյումրու իշխանությունները քաղաքը գրավիչ դարձնելու համար ի՞նչ կարող էին անել, որ չեն արել եւ չեն անում: Ի պատասխան այս հարցադրման՝ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակի Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը նկատեց, որ եթե հետեւենք մեր երկրի զեկույցներին, Հայաստանը շատ առումներով դրախտ է: Ըստ նրա՝ Գյումրին, իհարկե, կարող էր լինել Հայաստանի երկրորդ բեւեռ, սակայն մեն ու միակը մնում է Երեւանը, իսկ պատճառն այն է, որ տեղական ինքնակառավարումը Հայաստանում կայացած չէ: «Եթե ես Տոլստոյի «Աննա Կարենինա»-ի սկիզբը մի փոքր փոխված ասեմ, բոլոր երջանիկ ընտանիքները իրար նման են, յուրաքանչյուր դժբախտ ընտանիք դժբախտ է յուրովի: Հայաստանում կան 915 յուրովի դժբախտ համայնքներ: Ես չեմ կարող Հայաստանում մեկ համայնք նշել, որը նորմալ է, ապահով, անվտանգ ու գրավիչ տարածք է մարդու համար: Եվ նա էդ տարածքում պահանջված է, ունի հեռանկար, տեսնում է այն իր որդիների եւ հետագա սերունդների համար: Չկա պարզապես: Շատ պարզ պատճառով՝ տեղական ինքնակառավարումը պետք է լինի ինքնակառավարում, ընտրությունները պետք է լինեն ազատ: Իսկ այդ ազատությունը արդեն խաթարված է շատ պարզ պատճառով. դրանք ծառայում են որպես նախնական փուլ էն մյուս ընտրությունների համար: Որոշում են՝ ով պետք է լինի, ամեն գնով պետք է լինի մեր մարդը, որից հետո ինքը սկսում է աշխատել էն մյուսների համար՝ Ազգային ժողովի եւ նախագահի համար»,- ասաց բանախոսը: Ըստ նրա՝ մեր երկրորդ դժբախտությունն այն է, որ համայնքի ղեկավարը անվերջ ընտրվում է, եւ յուրաքանչյուրը իր պաշտոնում իրեն թագավոր է զգում: «Մեր երկրում տեսել եք, թե ինչպես կառավարությունը ժողովրդին հաշվետու չէ. հեռուստատեսությամբ ցույց են տալիս, թե ինչպես կառավարությունը հաշվետվություն է տալիս նախագահին, հետո դուրս է գալիս համապատասխան պաստառի ֆոնի վրա եւ ասում է, թե իրենք ինչ են արել, երբ որ հարկավոր է ժողովրդին հաշվետու լինել: Նույն կերպ տեղական ինքնակառավարումը ժողովրդին հաշվետու չէ»,- ասում է Սեյրան Մարտիրոսյանը: Ըստ բանախոսի՝ Հայաստանում չկա ավագանի ընդհանրապես, չկա ձեւի համար մեկ ավագանի, որին կարելի է մատնացույց անել, թե ինքնուրույն է գործում: «Երեւանյան ավագանին դա չէ, հեռվից նայելիս թվում է, թե իջեւանյան ավագանին դա, է բայց նույնիսկ իջեւանյան ավագանին դա չէ: Շանսեր կային, որ դա կարող էր լինել Գյումրու ավագանին, եթե ընտրվեին «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնությունից ավելի շատ անդամներ, բայց քաղաքի հասարակությունը այլ կերպ ընտրեց: Ընտրեց թաղային հեղինակությունների, որոնցից յուրաքանչյուրը իր մայլի երկու տեղամասի ձայներով անցավ՝ բացարձակապես ոչ մի ծրագիր չներկայացնելով: Պարզ է, որ այս ամենը չի կարող նպաստել, որ Գյումրին լինի էնտեղ, որտեղ պետք է լինի»,- ասաց բանախոսը:
Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության Հյուսիսային բաժանմունքի պետ Սերգեյ Նազարեթյանը շատ ավելի կոնկրետ փաստերով քննադատություններ ներկայացրեց: Նա, կարեւորելով տուրիզմի զարգացումը Գյումրիում, նկատեց, որ Ախուրյանի ջրամբարը ամենեւին չի օգտագործվում այս նպատակին: «Տուրիզմի զարգացման օբյեկտներից մեկը, որի մասին, դժբախտաբար, չի խոսվում եւ չի օգտագործվում, Ախուրյանի ջրամբարն է: Եթե ուշադիր նայեք, թուրքերը էն կողմից օգտագործում եմ լիճը տարբեր նպատակներով, այդ թվում՝ լողանալու համար եւ այլն, եւ այլն: Չգիտես ինչու, մեր կողմից ցանկապատված է, երբ էսօրվա վիճակով անվտանգության տեսակետից ինձ չի թվում, թե այդ ցանկապատը լճի շուրջ էական դեր կարող է խաղալ: Եվ եթե բացվի ցանկապատը եւ որոշակի տարածք, որը անվտանգության տեսակետից քիչ թե շատ ապահով է, հատկացվի լողանալու համար, հանգստավայր դարձվի, դրանից կշահեն եւ քաղաքը, եւ բնակչությունը, եւ հարակից շրջանների մարդիկ: Այդ դեպքում, փոխանակ գնան Սեւանում լողանալու, կգնան էդտեղ լողանալու: Սեւանում լողանալու ժամանակահատվածը 2 ամիս է, էստեղ 4 ամիս է, որովհետեւ ջրի մակարդակից 500 մետր ցածր է»,- ասաց Սերգեյ Նազարեթյանը: Նա նաեւ նկատեց, որ սեյսմիկ ռիսկի տեսակետից Երեւանը խիստ վախեցնող է՝ այդպես են գնահատել ճապոնացիները, սակայն չեն հագենում կյանքը, բիզնեսը այնտեղ կենտրոնացնել: Ըստ նրա՝ պետք է որոշակի արտոնություններ տրվեին Գյումրիին՝ այստեղ ներդրումներ կատարելու ու զարգացնելու համար: «Գյումրին ազատ տնտեսական գոտի դարձնելու առումով մի մտավախություն կար. եթե ազատեին հարկերից, պետությունը կտուժի, բայց եթե նայես Գյումրու մուծած հարկերի տոկոսը, հանրապետության հարկերի տոկոսի համեմատ՝ մի աննշան բան է, եթե չվճարեն, պետությունը, բնականաբար, չի տուժի, բայց կարող է զարգացման համար լուրջ խթան հանդիսանալ: Ես եղել եմ Արաբական Էմիրություններում, գիտեմ՝ չեղած տեղից, անապատում, երբ որ ջուր էլ չկա, մի փյունիկյան արմավենին պահելու համար տարեկան 1000 դոլար ծախսում են ծառը ջրելու համար. էդպիսի պայմաններում դարձավ խոշոր տնտեսական գոտի: Այսինքն՝ օրինակները կան, պետք է կիրառել՝ ելնելով Գյումրու առանձնահատկություններից»: Ըստ բանախոսի՝ երբ այս հարցը բարձրացրել են ԱԺ-ում, մտավախություն են հայտնել, թե Երեւանից գործարարները կգան, իրենց բիզնեսը ձեւականորեն կգրանցեն Գյումրիում, բայց կծավալեն Երեւանում: Ըստ Սերգեյ Նազարեթյանի՝ ցանկության դեպքում դրա հակաքայլն էլ կա:
Ազգագրագետ Արտաշես Բոյաջյանն էլ նկատեց, որ այսօր Գյումրու ամենակարեւոր խնդիրը ոչ թե բնակարանաշինությունն է, այլ արդյունաբերական ձեռնարկությունների ստեղծումը: Ըստ նրա՝ կառավարությանը թվում է, թե բնակարանների հարցը լուծելով՝ Գյումրու բոլոր խնդիրները լուծում է, սակայն քաղաքը դատարկվում է: Աշխատատեղեր չունենալու պատճառով Գյումրին վերածվում է մեծ գյուղի: Ըստ բանախոսի՝ ժողովրդրագրական կայուն զարգացման պայմաններում Գյումրին այժմ պետք է ունենար 300 հազարից ոչ պակաս բնակիչ, մինչդեռ այսօր 200 հազարով պակաս բնակչություն ունի, առկա բնակիչների թիվը 90-100 հազար է:
Կարդացեք նաև
Ի դեպ, բանախոսները թեկնածուների նախընտրական ծրագրերի Գյումրուն վերաբերող կետերի հետ ոչ մի հույս էլ չեն կապում: «Եթե վերցնենք գործող նախագահի նախընտրական ծրագիրը եւ 5 տարվա կտրվածքով նայենք, կտեսնենք, որ էն, ինչ որ ինքը ասում էր, լրիվ հակառակն է տեղի ունեցել: Ինքը ասում էր, որ ուսուցիչների միջին աշխատավարձը պետք է լինի երկու հարյուր երկու հազար դրամ, հիմա էդպես չէ: Ասում էր, որ բոլոր գյումրեցիները պետք է ապահովվեին բնակարանով, այդպես չեղավ: Ասում էր, որ Շիրակի երկրագիտական թանգարանի շենքը պիտի կառուցվի, չեղավ…»,- նկատեց ազգագրագետը:
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ