Ասում է ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը
«Կարծում եմ, որ եթե պարոն Հարությունյանը փոքր-ինչ լարի իր հիշողությունը, ապա կմտաբերի, որ նախապես եմ հայտարարել այն մասին, որ ՀՀ-ում արդարադատության համակարգի կատարյալ անգործունակության եւ արդարադատություն իրականացնելու հարցում նրա անազատ լինելու պայմաններում անիմաստ եմ համարում որեւէ հարցով դիմել ՀՀ համապատասխան ատյաններին»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը՝ անդրադառնալով ՀՀԿ թեկնածուի շտաբի պետի տեղակալ Դավիթ Հարությունյանի հայտարարությանը: Հիշեցնենք, որ վերջինս՝ արձագանքելով նախօրեին մամուլի ասուլիսում Արման Մելիքյանի այն հայտարարությանը, որ թաղապետերը շենքերի լիազորների միջոցով ճնշում են գործադրում ընտրողների վրա եւ կաշառք առաջարկում, ասել էր, որ այդ հայտարարությունը «ոչ այլ ինչ է, քան քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության մասին հայտարարություն»: Դավիթ Հարությունյանը նաեւ հավելել էր. «Եթե թեկնածուն իր տրամադրության տակ իսկապես ունի հստակ փաստեր, ապա իրավաչափ է, որ սահմանված կարգով դիմի իրավապահ մարմիններին՝ համապատասխան ընթացք տալու համար: Հակառակ պարագայում հայտարարությունը լոկ մերկապարանոց մեղադրանք է»: Արման Մելիքյանը նաեւ ասաց. «Նա գուցե նաեւ հիշի, որ մի քանի օր առաջ ՀՀԿ շտաբն էր հայտարարություն տարածել, որում հորդորում էր քաղաքացիներին ամենաչնչին խախտումներն արձանագրելու պարագայում տեղեկացնել դրանց մասին վերոնշյալ շտաբին: Գուցե այս մի քանի օրերի ընթացքում ինչ-որ բան է փոխվել, ու այդ շտաբին այլեւս հետաքրքիր չեն համատարած խախտումների վերաբերյալ տեղեկությունները, բայց գոնե նեղություն քաշեն ու մի նոր հայտարարությամբ ՀՀ քաղաքացիներին էլ այդ մասին իրազեկեն՝ ասեն, որ եթե ինչ-որ մեկը ՀՀԿ-ի շտաբի հետ հույսեր ուներ կապած, թող էլ չկապի: Պարոն Հարությունյանն էլ, լինելով այդ շտաբի պատասխանատու ներկայացուցիչ, կարող է անձամբ կողմնորոշել բոլորին այս հարցում եւ բարձրաձայնել այդ նոր հայտարարությունը: Ամեն դեպքում ես ընտրությունների օրինականությունը վտանգող գործոնների վերաբերյալ մեր մտահոգությունները պաշտոնական գրությամբ կներկայացնեմ ԿԸՀ-ին ու միջազգային դիտորդական առաքելություններին թերեւս հենց այսօր»:
Ի դեպ, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի հայտնի բլոգային գրառման առիթով, որը մեծ աղմուկ բարձրացրեց մեր երկրում՝ դա համարելով միջամտություն մեր երկրի ներքին գործերին, Արման Մելիքյանն «Առավոտին» ասել էր, որ այդ մարդիկ արտաքին միջամտության մասին չեն մտահոգվում, երբ փող են մուրում դրսերում, սակայն վրդովվում են, երբ իրենց ասում են, որ «ժուլիկությամբ են զբաղվում»: ՀՀԿ թեկնածուի շտաբի պետ Հովիկ Աբրահամյանն այս առիթով Արման Մելիքյանին խորհուրդ էր տվել սեփական քարոզարշավով զբաղվել: «Առավոտի» հարցին՝ ընդունո՞ւմ է խորհուրդը, նախագահի թեկնածուն ասաց. «Ես իսկապես վստահ եմ, որ եթե ժուլիկություն չանեն, նման գնահատականների էլ չեն արժանանա: Հիմա գանք խորհուրդ տալու փաստին՝ չգիտեմ, թե պարոն Աբրահամյանն իր խորհուրդը տվել է՝ որպես ՀՀ ԱԺ նախագա՞հ, թե՞ որպես պարոն Սերժ Սարգսյանի շտաբի պետ, գուցե նաեւ պարզապես զուտ մարդկայնորեն է ցանկացել ինձ ճիշտ ուղղորդել, սակայն այդ խորհուրդը եւ ձեւով, եւ բովանդակությամբ տարօրինակ է: Նա ասում է. «Չգիտեմ, թե Արման Մելիքյանն ինչ է ասել, սակայն խորհուրդ եմ տալիս իրեն զբաղվել իր քարոզարշավով»: Մտահոգիչ է, երբ մարդը խորհուրդ է տալիս՝ չիմանալով, թե ինչ եմ ասել, թեեւ աչք է ծակում, որ այս չիմանալով «խորհուրդ տալը» դարձել է նաեւ ԱԺ բազմաթիվ այլ պատգամավորների հռետորաբանության անքակտելի մասը: Ես ԽՈՐՀՈՒՐԴ ԿՏԱՅԻ նրանց այլեւս ոչ մեկի հրապարակավ խորհուրդ չտալ՝ էլ չեմ ասում, որ տեղին չէ, երբ թեկնածուներից մեկի շտաբի պետը խորհուրդ է տալիս ոչ թե իր, այլ մեկ ուրիշ թեկնածուի»:
«Առավոտ» օրաթերթ