Լրահոս
Օրվա լրահոսը

Անհասցե սպառնալիք

Փետրվար 07,2013 13:18

Վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանից արտագաղթել են տասնյակ հազարավոր հայեր: Ընդդիմությունն ասում է՝ 200 հազար, իշխանությունը՝ 100 հազար, կարեւոր չէ, անգամ երկրորդ թիվը մեր փոքր երկրի համար սոսկալի է: Դրա համար պատասխանատու է առաջին հերթին ներկայիս իշխանությունը՝ նախագահի գլխավորությամբ: Բայց, ինձ թվում է, քաղաքական, հասարակական գործիչները, մտավորականները, մեկնաբանները, մի խոսքով՝ մենք բոլորս՝ այն մարդիկ, որոնց խոսքից ինչ-որ բան է կախված, չենք անում «մեր ձեռքից եկածը»՝ այդ երեւույթը մեղմացնելու համար: Մեզ համար, կարծես թե, ավելի էական է հասարակության, այսպես ասած, «ծափահարությունները կորզելը», «ժողովրդահաճո» կեցվածք ընդունելը՝ «սրանք վզները հաստացրել են, իսկ խեղճ ժողովուրդը սոված կոտորվում է, պանդխտության ճանապարհն է բռնել» եւ այլն: Այդպիսով մեր քաղաքացիներն ամբողջությամբ ազատվում են ինքնուրույն եւ ակտիվ գործելու, այստեղ՝ Հայաստանում մնալու եւ պայքարելու պարտականությունից, նրանց գնալը երկրից ոչ միայն բացասական գնահատական չի ստանում, այլեւ ներկայացվում է գրեթե որպես քաղաքացիական արիության դրսեւորում՝ «բա ի՞նչ անեն մարդիկ»:

Արդյունքը մենք՝ լրագրողներս, արձանագրում ենք ամեն օր, երբեմն՝ օրը մի քանի անգամ: Բոլոր մեծ ու փոքր ցույցերի մասնակիցները, անկախ նրանից՝ իրենց պահանջներն օրինական են, թե օրինական չեն, իրենց ամեն մի ելույթի կամ հարցազրույցի վերջում սպառնում են արտագաղթով: Օրինակ՝ տաքսիստները ցանկանում են կայանել այնտեղ, որտեղ իրենց է հարմար, եւ չեն ուզում, որ արագաչափերն ու տեսախցիկները ֆիքսեն իրենց խախտումները: Իսկ եթե իրենց նպատակին չհասնեն, ասում են նրանք՝ «կթողնենք ու կգնանք այս երկրից»: Բաժնետոմս ունեցողները, որոնց տնօրենը զրկել է դիվիդենդներից, նույնպես պնդում են, որ իրենց հասանելիք գումարները չստանալու դեպքում արտագաղթելու են: Ստոմատոլոգներից ոչ մեկս երբեւէ ՀԴՄ կտրոն չենք ստացել մեր մուծած գումարների դիմաց, եւ նրանց եկամուտները, հետեւաբար, դուրս են որեւէ վերահսկողությունից, բայց երբ կառավարությունը նրանց առաջարկում է վճարել ատամնաբուժական աթոռի համար, ընդվզում են եւ ասում, որ այդ դեպքում նրանք կհեռանան երկրից: Նույնը բացօթյա առեւտրականները, պետական կարիքների զոհերը եւ խնդիրներ ունեցող մնացած քաղաքացիները: Խնդիրներն իրականում կան եւ դրանք լուծման կարիք ունեն: Բայց ո՞ւմ են ուղղված այդ սպառնալիքները: Իշխանությա՞նը: Նա շա՞տ է հուզվում արտագաղթից:

…Ողջ ձմեռվա ընթացքում իմ տան էլեկտրաէներգիայի լարումը միջինը մոտ 170 վոլտ է, ինչի հետեւանքով, մասնավորապես, լվացքի մեքենան միանում է միայն գիշերվա ժամը մեկից հետո: Եթե փետրվարի ընթացքում Էլցանցը այդ խնդիրը չլուծի, ես, հավանաբար, արտագաղթեմ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Maxim says:

    Հարգելի՝ Արամ Աբրահամյան: Ձեր արտագաղթելու մասին, նույնիսկ լրիվ կատակով միք ասի,
    քանի, որ եթե նույնիսկ մեկ մարդ հավատա և արտագաղթի, դա ևս մեկ ողբերգություն է: Իսկ եթե
    Դուք և Ձեր նման մարդիք արտագաղթեն, կստացվի, որ մենք այլևս հայրենիք չունենք: Հայրենիքը
    իմ համար Ձեր նման մարդիք են և ոչ թե հանցախումբը: Նրանք ընդհամենը հայրենիք կործանող
    են, որոնք որպես պարկաճիճու ներխուժել են ազգի որովայնը, և լափում առանց կշտանալու: Նրանց
    վերջը գալու է, երբ ժողովուրդը շուտով հիպնոսից դուրս գա: Ինձ երբեմն միստիկական մտքեր են
    առաջանում,որ կարծես նրանք հայտնվել են,՝ զուգահեռ աշ խարհից: ,,параллельный мир,, որոնք
    կարծես մուտանտներ լինեն, մարդու և այլն-ի միջև: Հակառակ դեպքում, ինչպես կարելի է այդքան
    կազմակերպված կործանել երկիրը, հենց այդ երկրի ժողովրդի օգնությամբ:

  2. Maxim – ի խօսքերը ներկայ իրականութիւնը այնքան ճշգրիտ ներկայացուցած են ուր անկարելի է նոր տող մը աւելցնել ։
    Ատենէ մը իվեր ես ինծի հարց կու տամ թէ արդեօք օրն ի բուն խօսելով ու գրելով թատրոնի։-
    հեռատեսիլային պատմուածքներու-շարժանկարի – հանրային ընկերային եւ քաղաքական վերլուծումներու մասին պատահական անձերու հետ մեր Հայրենիքը թատերաբեմ դարձած է? եւ ժողովուրդն ալ դերասան? որ չի տեսներ տակաւին աղբամաններ խառնող ընտանիքի հայրեր եւ մայրեր նախադարեան խրճիդներու մէջ ապրող հազարաւոր ընտանիքներ –արդեօք անգործութիւնն է որ զիրենք փողոց կը նետէ? փողկապաւոր քարոզիչներէն յոյս ակնկալելու առանց հաւատքի։։։։։։։։

  3. Տիգրան says:

    Հարգելի Արամ
    Սկիզբը լավ էր, բայց ես ամենեւին համաձայն չեմ, որ ստոմկլինիկաները հդմ չեն տալիս: Ես կարող եմ նշել կլինիկա, որը պարտաճանաչորեն է աշխատում նաեւ հարկային դաշտում: Եւ հենց այդ կլինիկան էլ երեւի թե փակվի, եթե ՀՀ հարկահավաքային մոլուցքի հերթական դրսեւորումը տեղ գտնի կյանքում: Ու ի՞նչ անի այդ բժիշկը, որը տարիներով կլինիկա է դրել, բարեխղճորեն աշխատել, ձեռք բերել շրջապատ, որը բուժվում է իր մոտ: Նոր ձեւով փորձելով լցնել ՀՀ-ի անտակ բյուջեն` պիտի բուժման վարձը թանկացնի, որը, հաշվի առնելով իր հիվանդների տնտեսական վիճակը, նշանակում է, որ կկորցնի նրանց, հետեւաբար չի կարողանա բավարարել կառավարությանը, հետեւաբար պիտի փակվի: Եւ այս պարագայում, դուք ասեք, խնդրում եմ, ի՞նչ անի նման վիճակում հայտնված մարդը: Ինչ մնում է արտագաղթին, ապա երբեմն ինձ թվում է, որ դրանից գոհ են թե՛ գնացողները, թե՛ նրանք, ովքեր հասցնում են մարդկանց արտագաղթի: Արդյունքում դժգոհող չկա, անձ, ինստիտուտ, որն արտագաղթը կանխելը իր խնդիրը համարի` չկա: Բայց տաքսիստների ու ստոմատոլոգների դեպքը նույնը չէ: Ու ես դարձյալ մնում եմ իմ հարցին. ի՞նչ անի նկարագրածս կլինիկայի բժիշկը:

  4. Ruben says:

    Շատերն են ցանկանում վերադառնալ Հայաստան (տուն), ներդրումներ կատարել, հիմնել իրենց բիզնեսը (արդյունաբերություն ու արտադրություն), նոր տեխնոլոգիաներ կիրառել եւ այլն: Երկու տասնյակ անկախ գործարարներ, որոնք ազատ ու անկախ են ազգային համայնքներից ու քրեական կլաններից, իրենց երկրներում պետական հարկեր են վճարում ավելի շատ գումար քան ՀՀ բյուջեն է:
    Նրանք չեն վախենում, որ իրենց Հայաստանում կխաբեն, կկողոպտեն, «կնետեն» (кинут) կամ «պատին դեմ կտան»: Բարութի հոտն առած մարդ են:
    Բայց բոլորին մտահոգում եւ հետաքրքրում է մեկ հարց. Ով է վճարելու 23 տարվա կառավարության պարտքը: Մենք աշխատենք, ստեղծենք կապիտալ, հարկեր վճարենք, որ կառավարությունը ծակե՞րը փակի:
    Ով ուտի ու գողանա, ով ջառմե՞ն քաշի…ոչ էրնեկ ձեր տիրոջը:
    Բայց, ինչ որ բան կմտածենք…

  5. Մարգար Մախսուդյան says:

    «Բայց ո՞ւմ են ուղղված այդ սպառնալիքները: Իշխանությա՞նը: Նա շա՞տ է հուզվում արտագաղթից»:
    Իսկ կարծում եք, ո՞չ… այնքան է հուզվում ուրախությունից, որ ոչ միայն խոստովանում է կրիտիկական զանգվածի վտանգի վերացման մասին, այլև որդեգրում համապատասխան կարգախոս.
    «ԱՌԱՋ ԴԵՊԻ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԶԱՆԳՎԱԾՆԵՐԻՑ ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ»

  6. Maxim says:

    Ես կփորձեմ մինչև այս մարտի վերջը, մի ցավալի, իրական պատմություն ուղարկել իմ շատ հարգելի,՝
    ,,Առավոտ,,-ի արդար դատին, արտագաղթի մասին: Եթե գտնեք, որ իրենից արժեք է ներկայացնում, ապա կարող եք ներկայացնել,՝ Լևոն Շանթի մրցույթին, հեղինակի իրավունքով: Այդ մասին մի քանի անգամ գովազդել է Հ1-ը: Եթե մեր գրողների միության անդամներից շատերը՝, կամ լրիվ ամոթները
    կորցրած,՝ դեղնած, չռած աչքերով ինչպես օրինակ՝ մերուժան տեր-գուլոյանը, գովերգում են հանցա-
    խմբի ղեկավարին, խաշի ու խորովածի սեղանի շուրջ կատարած հայրենանվեր վաստակների դիմաց,
    կամ էլ, մյուս մասը օրվա հոգսերի տակ չեն համարձակվում ծպուտ հանել, ,,իսկ բացառությունները
    թող ինձ ներեն,, ապա մնում է, մեզնից յուրաքանչյուրս ձգտել նրանց տեղը լրացնել,՝ աստծու օգնութ-
    յամբ: Դժվարը,՝ առաջինն է, որից կախված՝ կլինի հաջորդը կամ հաջորդները:

  7. Լավատես says:

    Հայերի Հայրենիքը լքել գնալը անբնական է, ուրեմն մեր մեջ հայն է վերանում։ Խնդրի լուծումը՝ հայի մեջ վերակենդանացնել հային, խոսել մաքուր գրականով ու բարբառներով, ոչ մի միջազգային բառ չօգտագործելով, իսկականից վերակենդանացնել մեր փրկութունը, մեր խելքն ու խիղճն ու հոգին՝ մեր ազգային հայոց Հավատը, որը մեզ կապում է մեր հպարտ ու հզոր նախահայրերի հետ, ինչպես նաև մեր հպարտ ու հզոր ապագա սերունդների հետ, եթե, իհարկե, նրանք չմոռանան մեր ազգային հայոց Հավատը, ինչպես մենք ենք այսօր համարյա մոռացել։ Սա մեր մտավորականության խնդիրն է, բայց մեզնից ամեն ոք ինքն իր վրա պետք է աշխատի։

  8. Աննա Վանաձորից says:

    Հարգելի պարոն Աբրահամյան այդ սպառնալիքները անհասցե չեն Հայաստանում դեռ միամիտ մարդիկ կան, մտածելով թե իշխանությունների մեջ կան մարդիկ ում հուզում է այս երկրի ճակատագիրը:Արևմտյան Հայաստանը հազար տարում դատարկվեց, իսկ Արևելյանը, եթե այս տեմպերով գնա 50 տարուց կվերանա: Մտքով համեմատում եմ մեր ներկաիս իշխանության վարած քաղաքականությունը երիթ թուրքերի իշխանության հետ՝ տարբերություն չեմ տեսնում: Նրանց մոտ ազգությամբ թուրքը ավելի արտոնյալ ու բարձր խավի մարդ էր համարվում քան հայը, հայերը ավելի բարձր հարկ էին վճարում, քան թուրքերը, այստեղ այդ արտոնությունները իրենց կլանի մարդիկ են վայելում: Երիթ թուրքերը ամեն գնով հայերին ստիպում էին հավատափոխ լինել, նույնը անում են ներկայիս ղեկավարներ 10 հազար դրամով ստիպում են մարդկանց վաճառել իրենց հավատքը, հույսը, ապագան:Խոստովանվենք, որ բարոյազրկված, բարոյալքված հասարակության մեջ ամեն մարդ չի կաղող ապրել: Աստվածաշնչում հստակ նշվում է վախեցեք հոգին սպանողներից: Հա, միգուցե թուրքերը արդարանան չէ՞ որ այդ ամենը անում էին իրենց ազգի շահերից ելնելով, իսկ մեր ղեկավարները ոչ երկնքում, ոչ երկռի վրա արդարացում չունեն:

  9. Էլեն says:

    Մարդիկ չեն ուզում արտագաղթել, մարդիկ ուզում են ապրել այնտեղ, որտեղ ծնվել են: Կեսից էլ քիչ հնարավորությունների դպքում նախընտրում են իրենց բնօրրանը:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728