Լրահոս
Օրվա լրահոսը

Զանգվածային վնասվածքների գործով՝ դատարկ դահլիճ

Փետրվար 07,2013 13:07

ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանում Գրիշա Մելիք- Սարգսյանի նախագահությամբ, դատավորներ՝ Կարինե Ղազարյանի, Հենրիկ Տեր- Ադամյան, քիչ առաջ ավարտվեց անցյալ տարվա մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում, զանգվածային միջոցառման ժամանակ փուչիկների պայթյունի գործով մեղադրվող Սերոբ Բոզոյանի վերաքննիչ բողոքի հիման վրա հրավիրված դատական նիստը:

Հիշեցնենք, որ Սերոբ Բոզոյանը մեղադրվել է մեթանով լիցքավորված  7000 փուչիկների պայթյունի պատճառով 228 տուժողի մարմնական վնասվածքներ ստանալու համար:

Նա անցյալ տարվա հոկտեմբերի 17-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել էր մեկ տարվա ազատազրկման:

Նկատենք, որ այսօր նրա պաշտպան Կարեն Մանուչարյանի վերաքննիչ բողոքի քննության ժամանակ դատական նիստերի դահլիճը  դատարկ էր, չկային 228 տուժողները, ոչ էլ նրանց ներկայացուցիչները:

Սերոբ Բոզոյանի պաշտպան Կարեն Մանուչարյանը  դատարանում հայտնեց, որ առաջին ատյանում խախտվել է իր պաշտպանյալի նյութական եւ դատավարական իրավունքները, քրեական դատավարության օրենսգրքի խախտումներով  կիրառելը ազդել է գործի ելքի վրա: Նա դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանի վրա, որ մեկ տարվա ազատազրկման է դատապարտվել ծանր, անբուժելի՝ քաղցկեղով հիվանդ մեկը: Նա նաեւ հայտնեց, որ առաջին ատյանը անտեսել է ապացույցը՝ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ինստիտուտի նրա հիվանդության մասին տված տեղեկանքը, բայց առաջին ատյանի դատարանը դատավճռում  մեջ է բերել հիվանդության հետ առնչվող հետեւյալը. «Ամբաստանյալին խորհուրդ է տվել գտնվել  տեղամասային օնկոլոգի հսկողության ներքո»:

Ըստ պաշտպան Կ. Մանուչարյանի, առաջին ատյանի դատարանը չի անդրադարձել Ս. Բոզոյանի՝ պատիժը կրելու  նպատակահարմարությանը:

Մեղադրողը՝ ՀՀ գլխավոր դատախազության ընդհանուր հանցագործությունների գործերով վարչության դատախազ Սամվել Մկրտչյանն ասաց, որ առաջին ատյանը հաշվի է առել ամբաստանյալի հիվանդ լինելու հանգամանքը եւ որ համաչափ է պատժաչափը: Նա ասաց, որ մի բան է 1-2 անձի վնաս հասցնելը, մեկ այլ բան՝ 228-ին:

Նախագահող դատավոր Գ. Մելիք-Սարգսյանը փորձեց պաշտպանից իմանալ, թե ինչպես հասկանալ նրա պահանջը. մի դեպքում պաշտպանը միջնորդում է կիրառել ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ, մի դեպքում ասում է, որ մեկ տարի պայմանական չկիրառվի պատիժը:

Ընդ որում, դատավորն ասաց նաեւ, որ ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ կարող է լինել տուգանքը (ի դեպ, նախատեսված է 300.000-500.000 դրամ):

Ս. Բոզոյանը դատարանին խնդրեց մեկ տարի պայմանական չկիրառել իր պատիժը:

Մինչ դատարանը խորհրդակցական սենյակ կգնար, պաշտպան Կարեն Մանուչարյանը դատարանին հանձնեց Առողջապահության նախարարության Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ինստիտուտի կողմից տրված Ս. Բոզոյանի՝ 2 վիրահատության ենթարկվելու տեղեկանքները:

Դատական նիստերի դահլիճից դուրս Aravot.am-ի հարցին, թե եթե դատարանը կիրառի տուգանք՝ կարո՞ղ եք վճարել, Սերոբ Բոզոյանն ասաց, որ ի վիճակի չէ, քանի որ չի աշխատում, իսկ հիվանդության հետ կապված թոշակ էլ դեռ չեն նշանակել:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728