Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ-ն ամեն ինչ անում է ոճրագործությունը բացահայտելու համար

Փետրվար 07,2013 12:54

Ազգային անվտանգության ծառայությունն անում է ամեն ինչ, որ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ կատարված ոճրագործությունը շուտափույթ բացահայտվի: Այս մասին Ազգային ժողովի փետրվարի 7-ի նիստում հայտնեց Ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանը` ի պատասխան «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանի հարցի: ԱԱԾ առաջին փոխտնօրենն իր այս հակիրճ պատասխանին հավելեց, որ այլ տեղեկություններ հայտնել չի կարող:

Մինչ այդ Ռ. Հարությունյանը, որպես հարակից զեկուցող, ներկայացրեց «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀԿ խմբակցության անդամների հեղինակած օրինագծի կապակցությամբ կառավարության տեսակետը: Այս հարցում ևս նրա խոսքն ավելի քան հակիրճ էր: Նա հայտնեց, որ կառավարությունը նպատակահարմար է համարում այդ փոփոխությունների հաստատումը:

Նշենք, որ առաջարկվող փոփոխություններն ու լրացումը բխում են գործող օրենքները Սահմանադրության 2005թ.-ի փոփոխություններին համապատասխանեցնելու, նաև ՀՀ սահմանադրական դատարանի 2012թ. մարտի 6-ի որոշման պահանջներից:

Ըստ այդմ, մասնավորապես, առաջարկվում է ամրագրել, որ ՀՀ պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների ցանկը հաստատվում է կառավարության կողմից և ենթակա է հրապարակման:

Առաջարկվում է նաև օրենքը լրացնել նոր մասով. «Գերատեսչական ցանկերը չեն գաղտնագրվում և ենթակա են հրապարակման, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանցում ընդգրկվող կոնկրետ տեղեկության վերտառությունն (անվանումը) ինքնին ամրագրման փաստի ուժով կարող է իրենից պետական կամ ծառայողական գաղտնիք ներկայացնել: Այդպիսի տեղեկությունների գաղտնագրումն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով:

Գերատեսչական ցանկերում ընդգրկվող տեղեկության վերտառությունը /անվանումը/ իր ամրագրման փաստի ուժով պետական կամ ծառայողական գաղտնիքի շարքին դասելու չափանիշները սահմանվում են համապատասխան լիազոր մարմնի կողմից»:

Գործող օրենքի համաձայն` ՀՀ պետական գաղտնիքի շարքին դաuվող տեղեկությունների ցանկը վավերացվում է երկրի Նախագահի կողմից, վերանայվում է անհրաժեշտության դեպքում և ենթակա է հրապարակման:

ՀՀ կառավարության որոշումները, մասնավորապես` ՀՀ պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկը հաստատելու մասին ՀՀ կառավարության 1998 թվականի մարտի 13-ի որոշումը, մինչև ՀՀ Սահմանադրության 2005թ. փոփոխությունները վավերացվում էին ՀՀ Նախագահի կողմից` գործող կարգին համապատասխան: Սակայն, հաշվի առնելով 2005թ. սահմանադրական փոփոխություններից հետո ՀՀ կառավարության որոշումների ընդունման և գործողության մեջ դնելու նոր կարգը, անհրաժեշտ է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքը ևս` պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների ցանկի հաստատման մասով համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրության պահանջներին:

Առաջարկվող փոփոխությունը բխում է նաև ՀՀ սահմանադրական դատարանի 2012թ. մարտի 6-ի որոշման պահանջներից, որով «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի` «Գերատեսչական ցանկերը գաղտնագրվում են և հրապարակման ենթակա չեն» դրույթը, այնքանով, որքանով չի վերաբերում գաղտնագրման ենթակա կոնկրետ տեղեկության, ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 27-րդ և 43-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:

«Փաստինֆո»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728