Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս հանդգնեցիր հարություն առնել

Փետրվար 07,2013 12:47

1930-ական թվականների սկզբին Ճապոնիայում տեղի ունեցավ ռազմական հեղաշրջում։ Ապստամբած սամուրայները ներխուժեցին կառավարական գերատեսչություններ եւ թրատեցին մի շարք աստիճանավորների։

Բոլորը համոզված էին, թե զոհերի մեջ էր նաեւ վարչապետը, ինչի մասին կայսրը հայտարարեց անձամբ։ Բայց մի քանի օր անց վարչապետը գտնվեց. ողջ ու անվնաս։ Եվ շնորհավորանքների փոխարեն կառավարության ղեկավարի գլխին կշտամբանքների տարափ տեղաց. ինչպե՛ս հանդգնեցիր ստախոս հանել կայսրին։ Այդքանով խեղճ քաղաքական գործչի կարիերան փաստորեն ավարտվեց։

Մոտավորապես համանման վիճակում է հայտնվել այսօր նաեւ Պարույր Հայրիկյանը։ Բացի գործող նախագահ Սերժ Սարգսյանից, մյուս բոլոր թեկնածուները հույս ունեին, թե մահափորձից հետո Պարույր Հայրիկյանը եթե անգամ ողջ մնա, ապա գոնե կդիմի Սահմանադրական դատարան՝ ընտրությունները հետաձգելու կամ ընդհանրապես չեղյալ հայտարարելու պահանջով։

Բայց նա, ինչպես հայտնի է, այդպես չվարվեց, այլ, հակառակը, որոշեց շարունակել քարոզարշավը։ Եվ ապաքինման առիթով շնորհավորանքների փոխարեն խեղճ Հայրիկյանի գլխին կշտամբանքների տարափ տեղաց. ինչպե՛ս հանդգնեցիր հարություն առնել, ո՞վ էր քեզ սպասում։ Ամեն ինչ փչացրի՛ր քո վերադարձով։

Իսկ ինչպիսի՜ հաճույք էինք ստանում մենք՝ ասուլիսների ժամանակ կիսագրագետ դեռատի լրագրողուհիների առջեւ դատողություններ անելով այն մասին, թե ինչ ահավոր բարքեր են տիրում ընտրություններ կազմակերպելու անընդունակ իշխանության միջանցքներում, եւ ինչպիսի՜ երանություն է մեր շտաբներում։

Հիշո՞ւմ եք, թանկագին ընթերցող, Եվգենի Շվարցի «Սովորական հրաշքը»։ «Գիտեք, երեւի, թե ինչ բան է թագավորական պալատը։ Պատի հետեւում մարդիկ կոխկրտում են միմյանց, մորթում հարազատ եղբայրներին, խեղդամահ անում քույրերին. մի խոսքով ընթանում է սովորական առօրյա կյանքը։ Իսկ մտնում ես դստերդ մոտ. այնտեղ երաժշտություն է, խոսակցություններ լավ մարդկանց, պոեզիայի մասին, հավերժական տոն։

Նստում եմ, աշխատում, ստուգում միմյանց դեմ մինիստրների զրպարտչագրերը, դուստրս նստած է կողքիս, ծննդյանս օրվա առթիվ շարֆ է ասեղնագործում, ամեն ինչ խաղաղ է, հանգիստ, դայլայլում են ծիտիկները»։

Այո, մնացած վեց թեկնածուների միջեւ իսկապես հարաբերությունների երանություն է տիրում։ Ոչ ոք ոչ մեկին չի փորձում սպանել, չի պատվիրում։ Բանավեճն ընթանում է բանավոր մակարդակով, եթե որեւէ մեկին էլ խեղդում են, ապա բացառապես զրպարտանքով։ Ձեռքերը չեն մրոտում։

Միայն առանձին դեպքերում է գործի դրվում ծծմբաթթուն կամ աղաթթուն, որը շփում են մրցակցի երեսին։ Իսկ ընդհանրապես այդ իդեալական ոչնչություններն անչափ մտահոգված են սեփական ֆրակի ճերմակությամբ։ Եվ չեն հոգնում կրկնել, որ անպայման կհաղթեն։ Ո՞ւմ կհաղթեք, տղերք։ Ե՞րբ։ Եվ գլխավորը. ինչո՞ւ։

Կարդացե՞լ եք միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հրապարակած վարկանիշերը։ Չե՞ք հավատում դրանց։ Ճիշտ էլ անում եք, քանզի քաղաքական գործիչը հավատում է վարկանիշերին միայն այն դեպքում, երբ տեսնում է սեփական անունը ամենավերեւում։

Իսկ հիմա ահավասիկ թեկնածուները ստիպված են նորից թափառել հայոց աշխարհի քարքարոտ ճանապարհներով՝ հատուկենտ ընտրողների որոնումներով։ Թեպետ մեծ ամբոխները նրանց չեն էլ հրապուրում։ Իսկական մարգարեի համար առանձին մարդը ոչ պակաս կարեւոր է։

Թեեւ Հիսուս Նազովրեցու հետեւից ամբոխներ էին շրջում, Նա դիմում էր բառացիորեն յուրաքանչյուրին։ Նրա համար չկար մեծամասնություն ու փոքրամասնություն։ Չկար «կոլեկտիվի» գերազանցություն «անհատի» նկատմամբ։

Անհնար էր լսել Հիսուսի շուրթերից «Անպետք ոչխարը փչացնում է ամբողջ հոտը» կարգի արտահայտություն։ Հակառակը։ Հենց «անպետք ոչխարին», ընկած մարդուն է պետք, ինչպես ասում էր Հիսուսը, փրկել առաջին հերթին։ Ոչ թե լքել, ոչ թե արհամարհել, ոչ թե վռնդել, այլ փրկել։

Այս միտքն, ի դեպ, անցնում է ողջ Ավետարանի միջով։ Եվ առավել հստակ՝ հարյուր ոչխարների մասին առակում, որոնցից մեկը կորել է։

«Ձեզանից ո՞վ է այն մարդը, որ եթե հարյուր ոչխար ունենա եւ դրանցից մեկը կորցնի, իննսունիննին չի թողնի անապատում ու չի գնա կորսվածի հետեւից, մինչեւ որ գտնի նրան։ Իսկ գտնելով, ուրախ կդնի իր ուսերին։ Եվ տուն գալով՝ կկանչի բարեկամներին ու դրացիներին եւ կասի նրանց. «Ուրախացե՛ք ինձ հետ, քանզի կորսված ոչխարս գտա»։

Ասում եմ ձեզ, որ ճիշտ այսպես էլ ավելի մեծ ուրախություն պիտի լինի երկնքում մեկ մեղավորի համար, որ կապաշխարի, քան իննիսունինը արդարների համար, որոնց ապաշխարություն պետք չէ (Ավետարան ըստ Ղուկասի, գլուխ 15, 4-7)։

Ահա կարդացի գրածս եւ որոշակի շփոթմունքով հայտնաբերեցի, որ ակամայից անցել եմ ինձ բացարձակապես ոչ բնորոշ, փոքր-ինչ հրճվալից ոճի։ Իսկ ի՞նչ անել, եթե ամեն ինչ հենց այդպես է, որ կա։

Համենայն դեպս ընտրությունները չհետաձգելու վերաբերյալ Պարույր Հայրիկյանի որոշմանը նախագահի մյուս թեկնածուների արձագանքի մասին պատմությունն ինքնըստինքյան միանգամայն արժանի է մեր հրճվալից արձագանքին։ Բայց լինում են, գիտեմ, խստաբարո ընթերցողներ, որոնք պահանջում են բարոյախոսություն եւ լուրջ եզրահանգումներ։ Նրանք մշտապես, համաձայն Զոշչենկոյի անմահ բանաձեւի, հարցնում են՝ «ի՞նչ էր ուզում ասել հեղինակն իր հոդվածով»։

Թող հարցնեն։ Ծայրահեղ դեպքում կպատասխանենք դոկտոր Ֆրեյդի եւ նրա դստեր մասին հանրահայտ պատմության խոսքերով. «Պատահում են դեպքեր, աղջիկս, երբ երազում տեսած բանանը նշանակում է ընդամենը բանան»։

Գագիկ ՄԿՐՏՉՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728