ՀՀ ԿԳՆ նախարար պրն. Ա. Աշոտյանին
ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի
նախագահ Ս. Հարությունյանին
Բաց նամակ
Կարդացեք նաև
«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն ստորև Ձեզ է ներկայացնում կազմակերպության անդամ, ԵՊՀ ասպիրանտ Լիլիթ Հակոբյանի նամակը և «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ առաջարկությունները՝ ուղղված ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեին:
2013թ. փետրվարի 1-ին հայտարարվեցին «Ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2012» մրցույթի հաղթողները, և ես հիշեցի, թե ինչ զգացի 2 տարի առաջ՝ իմ անունը գտնելով 2010թ. նույն մրցույթի հաղթողների ցուցակում: Ցանկացած երիտասարդ գիտնականի համար անչափ կարևոր է գիտական ծրագիր իրականացնելու համար դրամաշնորհի արժանանալը, պակաս կարևոր չէ այն փաստը, որ այդ դրամաշնորհը տրամադրվում է ոչ թե արտասահմանյան աղբյուրներից, այլ մեր երկրի պետբյուջեից: Սակայն այժմ ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագրի կարևորության մասին չէ, որ ուզում եմ խոսել, այլ այն անկատար մեխանիզմների, որոնցով դրամաշնորհները հասցվում են շահառուներին: Ստիպված եմ մատնանշել այն թյուրիմացությունը, որ կոչվում է եռակողմ պայմանագիր, և որի կողմերն են ԳՊԿ-ը, ծրագրի հաղթող ասպիրանտը և այն կազմակերպությունը, որում իր աշխատանքն է իրականացնում վերոհիշյալ ասպիրանտը: Նախ այնքան էլ պարզ չէ, թե ինչ նպատակ ունի ԳՊԿ-ի և ասպիրանտի միջև երրորդ կողմի ավելացումն այն պայմաններում, երբ այդ կողմը այսպես կոչված “overhead”-ի տեսքով արդեն ստացել է իր տարածքում աշխատանքներ կատարելու դիմաց վճարը: Համաձայն այդ պայմանագրի՝ ԳՊԿ-ը վերը նշված կազմակերպությանն է տրամադրում դրամաշնորհի ֆինանսական միջոցները, և ասպիրանտին այդ միջոցները հասցնելու հետագա պարտավորությունն արդեն այդ կազմակերպության խնդիրն է: Այստեղ էլ սկսվում են ասպիրանտի «արկածները»՝ արդեն շահած դրամաշնորհի գումարները ստանալու համար կրկնակի զեկուցագրեր գրելուց մինչև պահումներ աշխատավարձից: Բանն այն է, որ դրամաշնորհով հատկացվող աշխատավարձը փոխանցվում է ասպիրանտին՝ որպես տվյալ կազմակերպությունում ստացվող աշխատավարձի մի մաս, որի հետևանքով ոչ միայն ենթարկվում է հարկման (հարկվում է յուրաքանչյուր ամիս ստացվող աշխատավարձի մոտ 28%-ը), այլև, մեծացնելով այդ կազմակերպությունում ասպիրանտի աշխատավարձը, փոխում է դրա հարկման ձևը՝ ավելացնելով հարկվող գումարի չափը: Համեմատության համար նշեմ, որ ANSEF-ի կողմից տրամադրվող դրամաշնորհների դեպքում գիտաշխատողի աշխատավարձը ընդհանրապես չի հարկվում: Ստացվում է անտրամաբանական պատկեր, երբ պետությունը մի կողմից դրամաշնորհ է տրամադրում գիտական աշխատանքի կատարման համար, մյուս կողմից հետ վերցնում տրամադրած չնչին գումարի մի մասը: Այսպիսի անարդյունավետ մեխանիզմը ծրագրի ընթացքին հետևելու ծանր պարտավորությունից ազատում է ԳՊԿ-ին` միաժամանակ ավելորդ խնդիրներ ստեղծելով երիտասարդ գիտաշխատողի համար: Հարց է առաջանում` արդյո՞ք պարտավոր եմ եղել ստորագրելու այդ պայմանագիրը: Այն ժամանակ ես դա չեմ պարզել, հույս ունեմ դրամաշնորհների այսօրվա շահառուներն ավելի խելացի կգտնվեն: Իմ կողմից ավելացնեմ, որ հրաշալի կլիներ, եթե այս նամակով կարողանայի պատասխանատու կողմերի ուշադրությունը հրավիրել ծրագրի իրականացման մեխանիզմների անկատարության վրա, որով ստվեր է գցվում այնպիսի ողջունելի նախաձեռնության վրա, ինչպիսին «Ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագիրն» է:
Այսպիսով, «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն ԳՊԿ մրցույթները և աշխատանքը երիտասարդ գիտնականներին հասանելի դարձնելու նպատակով առաջարկում է՝
ա/ Կազմակերպել քննարկում երիտասարդ գիտնականների և շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ՝ վերոհիշյալ խնդիրները քննարկելու նպատակով:
բ/ Հրապարակել «Ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագիր-2012»-ի մասնակիցների ծրագրերի փորձագետների գնահատականները և այսուհետ բոլոր ծրագրերի փորձագիտական գնահատականները ներկայացնել հանրությանը:
գ/ Երիտասարդ գիտնականների համար նախատեսված ծրագրերի փորձագիտական գնահատման հետ մեկտեղ հաղթող չճանաչված երիտասարդ գիտնականին ներկայացնել իր ծրագրի թերությունները, բացթողումներն ու առաջարկները՝ տվյալ ծրագրի բարելավման նպատակով:
դ/ Հերթական անգամ «Ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագիր-2012»-ի շրջանակներում անտեսվել են հայցորդները, ովքեր, ի տարբերություն առկա և հեռակա ասպիրանտների, իրավունք չեն ունեցել դիմելու դրամաշնորհին, սակայն ինչպես ասպիրանտները, գիտահետազոտական աշխատանք են իրականացնում և ավարտին ստանում են գիտությունների թեկնածուի կոչում: Հետագա բոլոր մրցույթներում հնարավորություն ընձեռել հայցորդներին՝ մասնակցելու «Ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագրին»:
ե/ Ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագրի բոլոր իրականացված ծրագրերի գիտական և ֆինանսական հաշվետվությունները հասանելի դարձնել ԳՊԿ կայքում:
Հարգանքներով՝
«Երիտասարդ կենսաբանների
ասոցիացիա» ՀԿ նախագահ՝
Ա. Գասպարյան