Լրահոս
Օրվա լրահոսը

Պետրոս Մակեյանը դեմ է Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկին

Փետրվար 07,2013 12:29

«Անունը փոխելով` բովանդակությունը չի փոխվի»

«Դա նոր խոսակցություն չէ, ուղղակի հիմնադիր նախագահի բերանով առաջին անգամ է հնչում: Մեկ տարուց ավելի՝ դա տարբեր էտապներում խոսվել-քննարկվել է: Այդ գաղափարին ինքը վաղուց է անդրադարձել: Մենք մերժել ենք, մեր կուսակցությունը դեմ է այդ տարբերակին: Առաջիկայում էլ մենք համագումար ունենք եւ բոլոր պատասխանները հստակ կտանք, բայց ես,որպես կուսակցության նախագահ, դեմ եմ այդ ճանապարհով գնալուն: ՀԱԿ-ի հռչակագիրը` արտահերթ ընտրություններով երկրում սահմանադրական կարգը վերականգնելու մասին է, ոչ թե, որ ՀԱԿ-ը վերածվի կուսակցության, որի հիմնական կորիզը պետք է լինի ՀՀՇ-ն»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը` անդրադառնալով ՀԱԿ-ի հիմքով նոր կուսակցություն ստեղծելու առաջարկին:

Հիշեցնենք, որ կուլիսներում քննարկվող այդ թեմային այսօր «Չորրորդ ինքնիշխանություն» թերթին տված հարցազրույցում հրապարակայնորեն անդրադարձել է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: «Ինչ վերաբերում է «Հայ ազգային կոնգրեսի» կազմակերպական ձևին, ապա, ինձ թվում է, առայժմ կարելի է պահպանել Համաժողովրդական շարժման կառուցվածքն ու ձևավորված մարմինները՝ Քաղաքական խորհուրդը և Գործադիր վարչությունը։ Ըստ այդմ, «Կոնգրեսի» ստեղծումը Շարժման անդամ-կուսակցությունների միաձուլում չի նշանակում. վերջիններս շարունակելու են պահպանել իրենց ինքնուրույնությունն ու կառուցվածքը, ինչպես նաև անկախ քաղաքական գործունեություն ծավալելու իրավունքը։ Մյուս կողմից, նման բազմազանությունը չի նշանակում նաև, որ խոսքը վերաբերելու է մի արհեստական, խայտաբղետ կազմակերպության, քանի որ մեզ բոլորիս միավորում է մի այնպիսի վեհագույն գաղափար, որպիսին ազատ, ժողովրդավարական, իրավական, բարգավաճ պետության կերտումն է։ Չի բացառվում, անշուշտ, որ համատեղ գործունեության և գաղափարախոսական դիրքորոշումների մերձեցման արդյունքում «Կոնգրեսը» հետագայում վերածվի կուռ կառուցվածքով օժտված կենտրոնամետ կուսակցության»,- ասել էր Տեր Պետրոսյանը:

Մակեյանից հետաքրքրվեցինք` գուցէ նաեւ այդ հարցում իր դեմ լինե՞լն էր պատճառը, որ կուսակցությունում պառակտումներ սկսվեցին, մանավանդ տեղեկություններ եղան այն մասին, թե դրանք ՀԱԿ կենտրոնական գրասենյակից են հրահրվել: «Դա դուք ասացիք: Բայց հիմա արդեն կարելի է ենթադրությունները, կասկածները հստակեցնել: Իմ դիրքորոշումը վաղուց հայտնի էր, իսկ մեր ազնիվ ընկերները, կարծելով, որ ուրիշ խնդիր է, ներքաշվեցին այս գործընթացի մեջ (Մակեյանը նկատի ունի Ղուկաս Մեհրաբյանին-Ն. Գ.)»:

Հարցին` կարծում եք, որ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը քաղաքական դաշտում միայնակ ի զորո՞ւ է հանուն արդարության պայքար տանել, Մակեյանը պատասխանեց. «Ես այդքան միամիտ չեմ, որ մտածեմ, թե «Ժողովրդավարական հայրենիքը» միայնակ կարող է երկրում իրավիճակ փոխել: Բայց «Ժողովրդավարական հայրենիքը» 15 տարի փորձել է աջակցել այն ուժային կենտրոնին, որն ինչ-որ բան կարող է երկրում փոխել: Դա եղել է 2003-ին, 2008-ին, ինչու ոչ` նաեւ 1998 թվականին: Հիմա, եթե մենք վստահ լինենք, որ Հայ ազգային կոնգրես կուսակցությունն ինչ-որ բան կարող է փոխել` դարձյալ խնդիր չենք տեսնում, բայց անունը փոխելով` բովանդակությունը չի փոխվի»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728