Հատվածներ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ԱԺ-ում նախագահի նախկին ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանի հետ հարցազրույցից:
– Համաձա՞յն եք Պ. Հայրիկյանի այն հայտարարությունների հետ, որոնցում նա իր դեմ կատարված մահափորձի մեջ մեղադրում էր ՌԴ գաղտնի ծառայություններին։
– Շատ հստակ կարող եմ ասել հետևյալը, որ կատարվածը բացարձակ կապ չունի Ռուսաստանի, ինչպես նաև՝ մեր տարածաշրջանում ազդեցիկ այլ երկրների հատուկ ծառայությունների հետ։ Պատշաճ չէ ազդեցիկ տերությունների հատուկ ծառայությունների գործելաոճն այդքան պրիմիտիվ գնահատել։
– Համաձա՞յն եք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և բազմաթիվ
Կարդացեք նաև
բարձրաստիճան պաշտոնյաների այն հայտարարությունների հետ,
ըստ որոնց՝ կատարվածը Հայաստանի պետականության դեմ էր ուղղված։
– Իմ խորին համոզմամբ, անկախ գործողության դրդապատճառից (անձնական հողի վրա, կամ ինչ-ինչ ուժերի նախաձեռնությամբ)՝ գործողությունից տուժեց գործողության օբյեկտ Պարույր Հայրիկյանը, իսկ գործողությունն ուղղվեց (ուղղված էր) կոնկրետ անձի՝ հանրապետության գործող նախագահ, նախագահի թեկնածու, գործողության սուբյեկտ Սերժ Սարգսյանի դեմ։
– Հայրիկյանը Ռուսաստանի համար վտանգ ներկայացնո՞ւմ էր, ինչպես ինքն է նշել։
– Ես Հայրիկյանին ճանաչում եմ՝ որպես կիրթ, խաղաղասեր և միշտ համերաշխության կոչ անող անձնավորություն։ Չեմ կարծում, որ նման մարդիկ Ռուսաստանի համար կարող են վտանգ ներկայացնել։
– Քաղաքական գործիչներից և քաղաքացիներից շատերը կատարվածը որակեցին՝ որպես բեմականացում, ներկայացում։ Համամի՞տ եք այս տեսակետներին։
– Հավանաբար մեր քաղաքական գործիչներն ու քաղաքացիները սիրում են դասականներին և ցիտել են հանճարեղ Վիլյամ Շեքսպիրի պնդումը՝ «Կյանքը թատրոն է, իսկ մարդիկ՝ դերասաններ»։
– Ձեր կարծիքով՝ այս միջադեպը նախագահական ընտրությունների ընթացքը կարո՞ղ է փոխել, թե՞ ոչ։
– Արդեն պարզ է, որ այն որևէ ազդեցություն չի կարող ունենալ ընտրությունների բնականոն ընթացքի և ոչ էլ՝ արդյունքի վրա։
– 2012թ. դեկտեմբերին խոսեցիք, ըստ Ձեզ՝ բավականին լուրջ ցուցակների մասին, որոնցում մանրամասն տեղեկություններ կան Հայաստանի ողջ քաղաքական էլիտայի, գործարարների և գեներալիտետի մասին՝ սկսած 1990-ական թվականներից մինչև այսօր՝ մոտ 3-4 հազար մարդու անուն։ Ե՞րբ են
հրապարակելու հայտնի ուժերն այդ ցուցակը։
– Այդ հարցը պետք է տալ այդ հայտնի ուժերին, բայց որ ինչ-որ ժամանակ նրանք դրսևորվելու են, դրանում տարակուսանք չկա, այլապես իմաստ չէր ունենա, որ նրանք իրենց մասին, թեկուզ և միջնորդավորված, ակնարկեին։
– Ինչո՞ւ չկարողացան ՀՀ ԱԱԾ ծառայությունները կանխարգելել Հայրիկյանի հետ կատարվածը։ Մի անգամ Դուք թերագնահատել էիք ՀՀ հատուկ ծառայությունների ինֆորմացված լինելը։ Այս անգա՞մ էլ ինֆորմացված չէին, թե՞…
– Ամեն ինչ ծանրացնել Ազգային անվտանգության ծառայության ուսերին՝ չեմ կարծում՝ ճիշտ է։ Կան նաև ուրիշ ծառայություններ, վերջապես, մեծ դերակատարություն ունի նաև հասարակությունը։ Պարզապես կարծում եմ, որ կա աշխատանքները շատ ավելի լավ ու որակյալ կոորդինացնելու խնդիր։ Մենք պետք է գիտակցենք մի պարզ ճշմարտություն, ամենևին անհրաժեշտություն չկա սեփական թերացումների համար մեղավորներ փնտրել, առավել ևս՝ ներքին թշնամիներ։ Ցավոք, Հայաստանի Հանրապետությունում կա երևույթների ընկալման խեղաթյուրում։ Ճիշտ քննադատությունը շատ հաճախ ընկալվում է թշնամաբար, անկեղծ վրդովմունքը՝ որպես սպառնալիք։ Սա ճիշտ ելակետ չէ։
– Խոստացել էիք, որ պետք է ակտիվանաք։ Ե՞րբ եք ակտիվանալու։
– Հաճելի է, որ ոմանց համար աննկատ է մնում, բայց մենք վաղուց արդեն ակտիվացել ենք։
Տիգրանուհի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
«168 ժամ»