Բրիտանական «Guardian» օրաթերթը «Հիասթափված Հայաստանում նախագահը պատրաստվում է վերընտրության» վերնագրով երեկվա հոդվածում անդրադարձել է փետրվարի 18-ին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին։ Հոդվածագիրը, մասնավորապես, նշում է, թե «կարծես գրեթե կասկած չկա, թե ինչպիսին կլինեն նախագահական ընտրությունների արդյունքները»։
«Հունվարի 21-ին սկսված պաշտոնական քարոզարշավը հազիվ թե իրարանցում առաջացնի այդ երկրի հիսաթափված ընտրազանգվածի շրջանում։ Դատելով ամեն ինչից՝ ընտրություններում ֆավորիտը Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանն է։ Խորհրդային նախկին բոլոր հանրապետություններում գործող նախագահները որոշիչ առավելություն ունեն, նրանք վերահսկում են պետական ապարատը ոչ միայն ազգային, այլեւ տեղական մակարդակներում, ինչը թույլ է տալիս մոբիլիզացնել ընտրողներին։ Այս դեպքում ընդդիմության հնարավոր թեկնածուները դուրս են եկել ընտրապայքարից՝ թեթեւացնելով Սարգսյանի գործը»,- գրում է «Guardian»:
Բրիտանական պարբերականը հիշեցնում է, որ 2012-ի դեկտեմբերին Հայաստանի առաջին նախագահ, 68-ամյա Լեւոն Տեր-Պետրոսյանը, առաջ բերեց շատերի զարմանքը, երբ հայտարարեց, որ տարիքի պատճառով չի մասնակցելու ընտրություններին։ «Նրա ղեկավարած «Հայ ազգային կոնգրեսը» որոշեց չաջակցել ավելի երիտասարդ թեկնածուի՝ նախընտրելով բոյկոտել ընտրությունները, քանի որ դրանց արդյունքներն արդեն կանխորոշված են»,- նշել է հոդվածագիրը, ապա հավելել,- «2008 թվականին Տեր- Պետրոսյանը պարտվեց, ինչը հանգեցրեց իր կողմնակիցների եւ ոստիկանության միջեւ դաժան բախումների, որի պատճառով արտակարգ դրություն հայտարարվեց։ Ռեժիմը նրան մեղադրեց իշխանությունն ուժով զավթելու փորձերի, ինչպես նաեւ 10 ցուցարարների մահվան համար։ Այս անգամ նա որոշեց խուսափել առճակատումից»։
Այնուհետեւ բրիտանական պարբերականը հիշեցնում է, որ ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եւս ոչ ոք չի ներկայացնի՝ չնայած, որ այն մայիսին կայացած ընտրություններում ստացած ձայներով երկրորդ տեղն էր զբաղեցրել։ «ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը եւս որոշել է դուրս չգալ Սերժ Սարգսյանի դեմ։ Մյուս թեկնածուները, մասնավորապես՝ ՀՀ առաջին ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, թերեւս, մասնակցելու են ընտրապայքարին»,- արձանագրել է «Guardian»-ը:
Կարդացեք նաև
«Հայկական ժամանակ»