Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայրիկյանի դեմ մահափորձի վարկածների հավանականության աստիճանը

Փետրվար 07,2013 11:42

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձը շարունակում է հանելուկային մնալ։ Մահափորձից անցել է մեկ շաբաթ, եւ այս ընթացքում որեւէ փոքրիկ դետալ անգամ չի պարզվել, որ կարող էլ լույս սփռել այն հարցի վրա, թե ով է կանգնած դրա հետեւում։ Միևնույն ժամանակ՝ շարունակում են ի հայտ գալ նորանոր վարկածներ, դրսի ուժերի կողմից, ՀՀ իշխանությունների կողմից, անձամբ Հայրիկյանի կողմից կազմակերպված լինելու վարկածներին ավելացել են եւս երկուսը՝ կենցաղային հողի վրա կազմակերպված հանցագործություն եւ իշխանության թեւերից մեկի կողմից կազմակերպված մահափորձ։ Արժե թերեւս նշված վարկածները դիտարկել դրանց հավանականության աստիճանը գնահատելու սկզբունքով։ Նախ արձանագրենք մի փաստ՝ ՀՀ իրավապահ համակարգը առանձնապես չի շտապում այս գործի հետ կապված հանրությանը որեւէ տեղեկատվություն տրամադրել, եւ բոլոր հիմքերը կան կասկածելու, որ նույնիսկ ջանքեր է գործադրում տեղեկատվությունը թաքցնելու ուղղությամբ։ Մասնավորապես այն փաստը, որ մինչ օրս չի կազմվել հանցագործի ֆոտոռոբոտը, առավել քան տարօրինակ է, եւ նշանակում է՝ կամ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը դրա կարիքը չունեն, այսինքն իրենց համար արդեն պարզ է, ով է հանցագործը, կամ կարող է եւ կազմել են, բայց չեն հրապարակում միայն մի նկատառումով, որ պոտենցիալ մարդասպանի արտաքինը որեւէ հավելյալ տեղեկատվություն չհուշի մարդկանց, ասենք ազգություն, կամ սեփական հարեւանին ճանաչելու հնարավորություն տալ եւ այլն։

Սակայն սկսենք վարկածների հավանականության աստիճանը գնահատելուց.

Մահափորձ կենցաղային հողի վրա. այս դեպքում իրավապահ մարմինները վաղուց հայտարարած կլինեին, որ իրենք առաջին հերթին քննում են նման վարկած, հրապարակած կլինեին ենթադրյալ հանցագործի տվյալները, նկարը։ Դա կօգներ օր առաջ ազատվել ՀՀ պետական ինստիտուտներից մեկի՝ նախագահի թեկնածուի նկատմամբ իրականացված ոտնձգության՝ բոլորի համար տհաճ, իսկ պետության համար ամոթալի խարանից։

Մահափորձ, որ կազմակերպել է ինքը՝ Հայրիկյանը. այս վարկածի հավանականությունը գնահատելու համար պետք է ընդամենը հնչեցնել մի քանի հարց.

1. Հայրիկյանն ինչ է, առաջին անգա՞մ է ՀՀ նախագահի թեկնածու, ինչո՞ւ նման բան ինքն իր հետ չարեց նախորդ որեւէ ընտրության ժամանակ։

2.Հայրիկյանն ինչ է, մտածում էր, որ ինքը հաղթելու շանսեր ունի եւ նման «մեծ PR ակցիան» կօգներ պակասող 10-15 տոկոս ձայներին տեր դառնա՞լ։

3. Որեւէ բան շահե՞ց Հայրիկյանն այս մահափորձից, որպես մարդ կամ որպես թեկնածու, արդյո՞ք մի քանի օր հեոուստաէկրանին եւ թերթերի առաջին էջերին լինելու ցանկությունը կարող էր Հայրիկյանին դրդել նման բանի։

4. Արդյո՞ք Պարույր Հայրիկյանի կենսագրությունն այնքան հարգանքի արժանի չէ, նրան նման «մեղադրանք» չներկայացնելու համար։

Մահափորձ, որ կազմակերպել են իշխանությունները.

Այս վարկածի դեպքում նույնպես, ավելի շատ հարցեր են առաջանում, քան պատասխաններ հնչում։ Մասնավորապես, իշխանություններին եւ նրա թեկնածուին, ովքեր նպատակ էին դրել ՀՀ պատմության մեջ ամենախախանդ

ընտրությունն անցկացնել եւ շատ մոտ էին իրենց այդ նպատակի իրագործմանը, ինչի՞ էր պետք պատմական «բիծ» դնել այդ ընտրության վրա։

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳԻ «կուկլա» զեկույցը (մինչեւ մահափորձը զեկույցը սպառնում էր ընտրությունները քննադատել առավելագույնը հասարակության հարաբերական անտարբերության եւ անմրցակցային լինելու համար, առաջինը դեռ կարելի էր ուղղել, իսկ երկրորդի համար իշխանական թեկնածուն անուղղակիորեն է միայն պատասխանատու) հարվածի տակ դնել։ Միթե՞ ՀՀ-ում կար որեւէ գործընթաց, որ սպառնում էր իշխանական թեկնածուի վերընտրությանը եւ նման ճանապարհով իշխանությունը հասարակության ուշադրությունը շեղեց դրանից։

Մահափորձ, որ կազմակերպել է իշխանության թեւերից մեկը. դժվար է ասել, թե ում նկատի ունեն այս վարկածը առաջ քաշողները՝ իշխանության թեւերից մեկը ասելով։ Հայաստանյան ներքաղաքական դասավորությունների մասին խոսելիս՝ մի քիչ համոզիչ չի հնչում իշխանության թեւեր արտահայտությունը։ Առավել եւս համոզիչ չի հնչում, երբ իշխանության մի թեւ են առանձնացնում, որը կարող էր նախագահի թեկնածուի նկատմամբ մահափորձ կազմակերպել։ Ո՞վ, ինչի՞ համար։ Այս հարցերի պատասխանը չկա։

Մահափորձ, որ կազմակերպվել է արտաքին ուժերի կողմից. Այս վարկածը գնահատելու համար կրկին մի քանի հարց է պետք բարձրացնել։ Գոյություն ունեն արդյո՞ք արտաքին ուժեր, որ կարող են Հայաստանում ներքաղաքական պրոցեսներ հրահրել եւ այդ պրոցեսները հարմարեցնել իրենց համար նախընտրելի իրադարձությունների եւ ժամանակացույցի հետ։ Ընդհանրապես կա՞ արտաքին մի ուժ, որ սովոր է Հայաստանն օգտագործել իր սեփական շահերի համար, եւ որը տարածաշրջանում ունի սեփական ամբիցիաներն ու տարածաշրջանային երկրներին անհրաժեշտության դեպքում կարողանում է կառավարել։ Արդյո՞ք այդ ուժը կարող է Հայաստանում նախագահի թեկնածուի նկատմամբ մահափորձ կազմակերպել եւ ոչնչացնել բոլոր հետքերը կամ չոչնչացնելու դեպքում, ստիպել համապատասխան մարմիններին՝ ուղղակի մոռանալ իրենց տեսածի կամ հայտնաբերածի մասին։ Եւ վերջապես, կա՞ այնպիսի արտաքին մի ուժ, որի մատը խառն է Հայաստանում կատարված բոլոր աղմկոտ սպանությունների մեջ, որի գեներալները 2008 թվականի մարտի 1-ի նկարների զարդն են։

 

Աննա Վ. ՀԱԿՈԲՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728