Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրիաս Ղուկասյանին ծաղրողներն արդեն սկսել են մտավախությամբ վերաբերվել

Փետրվար 07,2013 11:30

Երբ հայտնի դարձավ, որ նախագահական ընտրություններում ՀԱԿ-ը եւ ԲՀԿ-ն չեն առաջադրելու թեկնածուներ եւ չեն սատարելու որեւէ թեկնածուի, քաղաքական գրեթե բոլոր փորձագետները շտապեցին կանխատեսել, որ այս ընտրությունները լինելու են ամենականխորոշված, ամենաանհետաքրքիր եւ ոչ մրցակցային ընտրությունները։ Քաղաքագիտական տեսանկյունից նման պնդումներն, ինչ խոսք, բավականին հիմնավորված էին թվում՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ ընտրություններին մասնակցող ոչ իշխանական թեկնածուների հետեւում չկային այնպիսի քաղաքական եւ ֆինանսական ռեսուրսներ, ինչպես ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի առաջնորդների դեպքում։

Սակայն ինչպես ցույց տվեցին հատկապես վերջին մեկ շաբաթվա իրադարձությունները, Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխելու համար ամենեւին էլ պարտադիր չէ ունենալ վերը նշված ռեսուրսները։ Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձից հետո ակնհայտ դարձավ, որ առկա իրավիճակում անգամ մեկ հոգին կարող է հասարակության մեջ այնպիսի կայծ առաջացնել, որը մարելու համար Սերժ Սարգսյանը գուցե ստիպված լինի շատ ավելի մեծ ջանքեր գործադրել, քան նույն Գագիկ Ծառուկյանին կամ Լեւոն Տեր-Պետրոսյանին խաղից հանելու դեպքում։ Քանի որ նախ՝ վերը նշված գործիչներից խորապես հիասթափված հասարակությունը նախընտրական այս շրջանում քաղաքականապես շատ ավելի ընկալունակ է եւ զգայուն՝ պատրաստ գնալու Սերժ Սարգսյանի վերարտադրությունը խոչընդոտող գործընթացի հետեւից, եւ երկրորդ՝ նախագահի բոլոր թեկնածուները այսօր առավել քան երբեւէ պաշտպանված են իշխանության հնարավոր ճնշումներից ու տիրապետում են երկրի քարոզչական մեքենային՝ ոչ պակաս, քան Սերժ Սարգսյանը։

Մահափորձից հետո մենք տեսանք, թե ինչպես է ամբողջ ժողովրդի ուշադրությունը բեւեռվել Պարույր Հայրիկյանի վրա, որը, ցանկության դեպքում, կարող էր փոխել ողջ գործընթացի տրամաբանությունը։ Նա դա չարեց։ Թե ինչու՝ դժվար է միանշանակ պնդել, սակայն թերեւս առավել հավանական է շրջանառվող այն տեսակետը, որ կատարված մահափորձում առկա էր մի «նյուանս», որը որոշակիորեն կաշկանդեց Հայրիկյանին։ Բայց այս ընտրությունների առանձնահատկությունն այն է, որ առաջադրված թեկնածուների շարքում կան որքան անփորձ, նույնքան էլ անկանխատեսելի դեմքեր։

Օրինակ՝ արդեն 18-րդ օրը հացադուլ անող Անդրիաս Ղուկասյանը, որին սկզբում ծաղրողներն արդեն սկսել են մտավախությամբ վերաբերվել։ Քանզի գնալով ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ Ղուկասյանը անում է մի քայլ, որը մինչ օրս Հայաստանում չի արել եւ ոչ մի քաղաքական գործիչ, նա մեկ հոգու, անհատի անկոտրում կամքն է հանում ընդդեմ քրեաօլիգարխիկ ապարատի՝ այդպիսով ամենահզոր ուղերձը փոխանցելով ժողովրդին եւ ցույց տալով, որ եթե որեւէ քաղաքական գործիչ իր պայքարում մինչեւ վերջ ազնիվ է, վճռական եւ անկախ, ապա այս երկրում նա կարող է իրավիճակ փոխել: Իսկ սա կործանարար ուղերձ է ոչ միայն իշխանության, այլեւ տիտղոսակիր ընդդիմության համար:

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728