Ադրբեջանի մոտ մեկ տասնյակ ազդեցիկ հասարակական եւ իրավապաշտպան կազմակերպությունները արշավ են նախաձեռնում` ընդդեմ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) այն պատգամավորների, որոնք տապալեցին երկրում քաղբանտարկյալների վիճակին նվիրված զեկույցի ընդունումը հեղինակավոր այս կառույցի ձմեռային նստաշրջանի ընթացքում:
Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրով զեկուցող Քրիստոֆ Շտրասսերի կազմած բանաձեւի նախագծի դեմ քվեարկեցին Վեհաժողովի միանգամից 125 պատգամավորներ: Նրանցից միայն վեցն էին ներկայացնում Ադրբեջանը` մնացյալը Եվրամիության եւ հետխորհրդային տարածքի պետությունների ներկայացուցիչներ էին:
«Ամենաանհանգստացնող գործոնն այն է, որ մի շարք պետությունների պատվիրակություններ ամբողջական կազմով հանդես եկան այս բանաձեւի դեմ», – նշում են ադրբեջանցի իրավապաշտպանները երեկ Բաքվում տարածած հայտարարության մեջ` պնդելով, թե եվրոպացի խորհրդարանականների նման միահամուռ պահվածքի հետեւում նշմարվում են պաշտոնական Բաքվի լոբբիստական քայլերը: Օրինակ, Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայությունն ընդունող բանաձեւի դեմ քվեարկել են Խորհրդարանական վեհաժողովում Ռուսաստանը ներկայացնող 18, Թուրքիայի` 10, Իտալիայի եւ Իսպանիայի` 8-ական պատվիրակներ:
«Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում կայացած քվեարկության արդյունքները բխում էին Ադրբեջանի իշխանությունների շահերից եւ բռնաճնշումների ենթակվող մարդկանց զրկեցին Եվրոպայի խորհրդի աջակցությունից», – նշում են բաքվեցի իրավապաշտպանները:
Կարդացեք նաև
Նրանք նաեւ կազմել են Շտրասսերի բանաձեւին դեմ քվեարկած բոլոր 119 եվրոպացի պատգամավորների անվանական ցանկը` պահանջելով դրանում տեղ գտած եւ ոչ մի գործչի չընդգրկել եվրոպական դիտորդական առաքելությունների կազմում, որոնք պատրաստվում են հետեւել աշնանը կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքին:
Ադրբեջանցի իրավապաշտպանների նախաձեռնած այս արշավը ավելի քան հրատապ էր հատկապես վերջին օրերի իրադարձությունների ֆոնին, երբ հունվարի 23-ին Իսմայիլլի քաղաքում տեղի ունեցած բախումների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում երկամսյա նախնական կալանքի դատապարտվեցին ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ Թոֆիկ Յաղուբլուն եւ հայտնի քաղաքագետ, Բաքվում գտնվող եւ Եվրոպայի խորհրդի հովանու ներքո գործող քաղաքագիտական դպրոցի տնօրեն Իլգար Մամեդովը: Ադրբեջանական դատախազությունն այս գործիչներին մեղադրում է Իսմայիլլիում անկարգություններ հրահրելու եւ ոստիկանության աշխատակիցներին դիմադրություն ցուցաբերելու մեջ:
Գեւորգ Ստամբոլցյան
«Ազատություն» ռադիոկայան