Տեր-Պետրոսյանի` ՀԱԿ-ի հիմքով նոր կուսակցություն ստեղծելու առաջարկն այդքան էլ ոգեւորիչ չէ՞
«Իմ անձնական կարծիքն է` չեմ կարծում, որ էդպես լինի, մեզ համար չի դա»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը` ՀԱԿ-ը կուսակցության վերաձեւելու տարբերակին:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում մամուլում այդ առիթով շրջանառվող լուրերն այսօր «Չորրորդ ինքնիշխանություն» թերթին տված հարցազրույցում հաստատել է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
«Ինչ վերաբերում է «Հայ ազգային կոնգրեսի» կազմակերպական ձևին, ապա, ինձ թվում է, առայժմ կարելի է պահպանել Համաժողովրդական շարժման կառուցվածքն ու ձևավորված մարմինները՝ Քաղաքական խորհուրդը և Գործադիր վարչությունը։ Ըստ այդմ, «Կոնգրեսի» ստեղծումը Շարժման անդամ-կուսակցությունների միաձուլում չի նշանակում. վերջիններս շարունակելու են պահպանել իրենց ինքնուրույնությունն ու կառուցվածքը, ինչպես նաև անկախ քաղաքական գործունեություն ծավալելու իրավունքը։ Մյուս կողմից, նման բազմազանությունը չի նշանակում նաև, որ խոսքը վերաբերելու է մի արհեստական, խայտաբղետ կազմակերպության, քանի որ մեզ բոլորիս միավորում է մի այնպիսի վեհագույն գաղափար, որպիսին ազատ, ժողովրդավարական, իրավական, բարգավաճ պետության կերտումն է։ Չի բացառվում, անշուշտ, որ համատեղ գործունեության և գաղափարախոսական դիրքորոշումների մերձեցման արդյունքում «Կոնգրեսը» հետագայում վերածվի կուռ կառուցվածքով օժտված կենտրոնամետ կուսակցության»,- ասել էր Տեր Պետրոսյանը:
Կարդացեք նաև
ՀԺԿ քարտուղարը վստահ է, որ իր կուսակիցները եւս կիսում են իր մոտեցումը: Հարցին` ՀԺԿ-ն կարողանալո՞ւ է միայնակ արդյունավետ շարունակել իր գործունեությունը քաղաքական դաշտում, Գրիգոր Հարությունյանը պատասխանեց. «Իհարկե»:
ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն էլ մեզ հետ զրույցում հաստատեց, որ նման նախնական խոսակցություն եղել է եւ ՍԴՀԿ-ին ասվել է այդ մասին: ՍԴՀԿ-ում կո՞ղմ են, թե՞ դեմ նորաստեղծ կուսակցության մաս կազմելու, մեր հարցին ի պատասխան՝ տիկին Սարգսյանն ասաց, որ դեռ որեւէ կարծիք հայտնել չի կարող, քանի որ ՍԴՀԿ-ի կնիքի հարցը դեռեւս վիճարկվում է դատական ատյաններում. «Բնականաբար, մենք ամեն ինչ ուզում ենք անել, որ դատարանում կարողանանք հաղթել: Այս դեպքում մեր դեպքը բացառիկ է»:
Եթե դատարանում չհաղթեք` կհամաձայնե՞ք, հարցի պատասխանն էլ եղավ. «Դա արդեն անձերի խնդիր է դառնում եւ ոչ թե կուսակցության: Բայց ես ցանկանում եմ բացառել այն տարբերակը, որ չենք հաղթի»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ