Երկարատեւ եւ ծանր հիվանդության հետեւանքով փետրվարի 7-ի լուսաբացին մահացել է հայ ժամանակակից ականավոր գրող Հովհաննես Գրիգորյանը: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը: Նրա խոսքով` այժմ աշխատանքներ են տարվում թաղման կառավարական հանձնաժողով ձեւավորելու ուղղությամբ:
Հովհաննես Գրիգորյանը ծնվել է 1945 թվականի օգոստոսի 7-ին: Նրա բանաստեղծական սիրված ժողովածուներն են` «Երգեր առանց երաժշտության», «Բոլորովին ուրիշ աշուն», «Անձրեւ` մի տխուր առիթով», «Դանդաղ ժամեր», «Հրեշտակներ մանկության երկնքից», «Երկու ջրհեղեղի արանքում», «Կես ժամանակ», «Գիշերահավասար», «Երբեք չմեռնես-ահա թե ինչ կասեմ քեզ»: Նա ստացել է Ավ. Իսահակյանի անվան գրական մրցանակ, Մովսես Խորենացու մեդալ, Վահագն մրցանակի դափնեկիր, Արցախի պետական մրցանակ:
ՆՈՐ ՏՈՂԻՑ
Ծնվել եմ առավոտյան շուտ,
Գյումրվա մի աղքատիկ առավոտ:
Ինձ հետ ծնված քույրս մահացել է մի քանի ժամ հետո,
երբ օգոստոսի արևը վաղուց արդեն դուրս էր եկել
և անտարբեր նայում էր մեր մոլորված ընտանիքին,
որը մեկ խնդում և մեկ լալիս էր սրտակեղեք…