Հայաստանում Լեհաստանի դեսպան Ռաչինսկու երեկվա հարցազրույցը իսկական փոթորիկ էր առաջացրել հայ քաղաքական դաշտում: Առավոտից սոցիալական ցանցերն էին հեղեղված այդ նյութի քննարկումներով, օրվա երկրորդ կեսին խոսակցությունը տեղափոխվեց խորհրդարան:
Անշուշտ, ոչ մի նորություն պարոն դեսպանը չէր բացահայտել, սակայն օտարերկրացու հայացքը, այն էլ՝ դիվանագետի, եւ հետաքրքիր էր, եւ սթափեցնող: Կարդալիս մտածում էիր՝ Տեր աստված, ուրեմն այս ամենը ոչ միայն մենք՝ հայերս ենք տեսնում, այլեւ օտարազգիները, որոնք, թվում է՝ ընդամենը աշխատանքային պարտականություններ են կատարում եւ բոլորովին պարտավոր չեն խորանալ հայկական մենթալիտետի, մեր ազգային «առանձնահատկությունների» մեջ, ըմբռնել, թե ինչ է նշանակում ընտրություն, ինչպես են աշխատում մեր հատուկ ծառայությունները, ինչ ընտրակեղծիքների մեխանիզմներ են գործում մեզանում, վերջապես՝ ով ով է: Գուցե ճշմարիտ են այս հարցազրույցի մեջ գեոպոլիտիկ շահեր ու բախումներ տեսնողները: Գուցե իսկապես դեսպանը որոշակի «մեսիջներ» է հղել ՀՀ իշխանություններին եւ քաղաքական ուժերին:
Բայց այս դեպքում կարեւորը դա էլ չէ, այլ այն, որ մենք մեր վարքուբարքով ստիպել ենք քաղաքակիրթ աշխարհին դիվանագիտական ակնարկների լեզվից հրաժարվել եւ ուղիղ ու մերկապարանոց ճշմարտություններ հնչեցնել: Եվ որքան էլ արտաքին գործերի նախարարն ու փոխնախարարը, վարչապետն ու պատգամավորները վրդովվեն՝ մենք ինքներս ենք ստեղծել այդ վիճակը, եւ չարժե դեսպանին մեղադրել իր լիազորությունների շրջանակը գերազանցելու մեջ: Եթե դու ի վիճակի չես ինքնուրույնաբար կարգուկանոն հաստատել քո տանը, հարեւանները ստիպված են միջամտել ու օգնել, հակառակ պարագայում վտանգ կա, որ այդ «անկարգությունը» կտեղափոխվի նաեւ ընդհանուր օգտագործման տարածք:
Արմինե Օհանյան
«Հրապարակ»