Հայաստանի իշխանությունը փորձում է իր հավատամքը դարձնել այն, որ անցկացնում է Հայաստանի պատմության մեջ լավագույն ընտրությունները, և այդ ընտրությունները լինելու են միջազգային չափանիշներին համապատասխան:
Բացառությամբ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի, իշխանությունները քարոզարշավի ընթացքը գրեթե իդեալական են գնահատում: Սակայն այս իդիլիայի մեջ նրանք մոռանում են մի բան: Միջազգային մակարդակի ընտրությունների կարևորագույն առանձնահատկություններից մեկը բանավեճն է: Սա միջազգային ընտրական պրակտիկայի հիմնարար արժեքներից, հիմնասյուներից մեկն է, որովհետև բանավեճն է, որ ընտրողին առավելագույնս հնարավորություն է տալիս կողմնորոշվել նախընտրական քարոզարշավի բուռն շրջանում, որտեղ նա հազար խոստում և հազար տեսլական է լսում՝ հաճախ ոչ թե կողմնորոշվելով, այլ ավելի խճճվելով այդ ամենի մեջ: Աշխարհի բոլոր զարգացած կամ զարգացող երկրներում ընտրական բանավեճը հանդիսանում է լրջագույն կողմնորոշիչ և չափորոշիչ:
Երբ իշխանությունը հայտարարում է միջազգային մակարդակի ընտրություններ կազմակերպելու պատրաստակամության մասին, ապա բանավեճի պարագան ենթադրվում է ինքնին: Բայց արի ու տես, որ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն ոչ միայն չեն մտածում բանավեճի մասին, նրանք ուղղակի բանավեճից խուսափում են այնպես, ինչպես աղետից: Եվ ինքնին հասկանալի է, որ բանավեճը նրանց համար իսկապես աղետ կլինի: Որովհետև հեշտ է կանգնել հասարակության դիմաց և մենախոսել, գեղեցիկ բաներ խոստանալ կամ հայտարարել բաներ, որոնք պահանջում են բանիմաց, մասնագիտական ընդդիմախոսություն։ Եվ այդպիսի ունակությունների տիրապետելու դեպքում ամենևին դժվար չի լինի մերկացնել իշխանության կեղծիքն ու սուտը, ցինիզմն ու շահարկումները: Դրա համար էլ իշխանությունները բանավեճից խուսափում են՝ որպես աղետից, որովհետև շարքային քաղաքացիները միայն լսում են, իսկ քաղաքական մրցակիցները այդ ամենը կարող են մերկացնել:
Այդպես Հայաստանում իշխանությունը նախընտրական քարոզարշավը վերածում է մենախոսության՝ հրաժարվելով բանավեճից: Եվ այդ դեպքում պարզ հարց է առաջանում՝ էլ ինչ միջազգային մակարդակին համապատասխան ընտրություններ: Սա զուտ հայկական մակարդակին համապատասխան մենախոսություն է, որ իշխանությունը վարում է ինքն իր հետ վարչահրամայական մեթոդներով հավաքվող դահլիճներում և հրապարակներում:
«Ժամանակ»
սս-ի արածը, կտա նաև իր ծանր պատմական հերևանքները: Երբ պարտադրված սուտը համատարած բնույթ է կրում, այն չի կարող մեկ կամ տասը տարում անհետանա, մինչդեռ առաջիկա 5 տարում դեռ ընթացք է հավաքում: