Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լեւոն Տեր-Պետրոսյան. «Ժամանակն է, որպեսզի Կոնգրեսը վերածվի մեկ միասնական կուսակցության»

Փետրվար 07,2013 10:35

Հատվածներ ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հարցազրույցից:

 Դուք է՞լ եք, համարյա բոլորի նման, կարծում, որ ընտրությունների ելքն արդեն կանխորոշված է։

– Ցավալին այն է, որ հենց այդ կանխորոշվածությունն է Հայաստանի ամենամեծ դժբախտությունը, որովհետեւ դրա մղձավանջային հետեւանքն ինձ համար ակնհայտ է։ Եթե Սերժ Սարգսյանի նախագահական առաջին ժամկետում մեր երկրից արտագաղթել է տարեկան 50 հազար մարդ, ապա երկրորդ ժամկետում արտագաղթելու է արդեն տարեկան 100 հազար։ Այսպես շարունակվելու դեպքում Հայաստանը կանգնելու է դեմոգրաֆիական աղետի եւ պետականության կորստյան վտանգի առջեւ։ Բնակչության թվի շեշտակի նվազման հետեւանքով տաս-քսան տարի հետո մեր երկիրը կորցնելու է իր պաշտպանունակությունը եւ կրկին հայտնվելու է 1920 թվականի երկընտրանքի առջեւ, այսինքն՝ վերջնական բնաջնջումից խուսափելու եւ ազգի գոյությունը մի կերպ ապահովելու համար, սեփական իշխանությունների ձեռքով ինքնակամ հրաժարվելու է անկախությունից եւ, որպես դաշնության սուբյեկտ կամ ասոցացված անդամ, ուղղակի մտնելու է Ռուսաստանի կազմի մեջ։ Այնպես որ, եթե վերադառնանք Ձեր նախորդ հարցին, ապա ներկայիս նախագահական ընտրարշավն ինձ ավելի շատ ժանտախտի ժամանակ տեղի ունեցող խրախճանք, քան որեւէ այլ բան է հիշեցնում։

 Ի՞նչ կասեք Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի եւ դրա վերաբերյալ շրջանառվող վարկածների մասին։

– Նախեւառաջ տեղի ունեցածը ցնցող, վրդովեցուցիչ ու դատապարտելի իրադարձություն է, որի միակ մխիթարական կողմը մահափորձի ձախողումն ու Պարույրի ապաքինումն է։ Ինչ վերաբերում է շրջանառվող վարկածներին, ապա չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է լուրջ համարվող որեւէ քաղաքագետ, լրագրող կամ քաղաքական գործիչ իրեն թույլ տալ ինչ-որ վարկածներ առաջ քաշել։ Չէ՞ որ ակնհայտ է, որ եթե հազար վարկած էլ նշվի, վերջիվերջո, հանցագործության բացահայտման պարագայում, ճիշտ է դուրս գալու միայն դրանցից մեկը, իսկ մնացյալ 999 վարկածների հեղինակները հայտնվելու են, մեղմ ասած, ապուշ վիճակում։ Մի՞թե այդ մարդկանց համար հասկանալի չէ, որ վարկածների առաջքաշումն ու ուսումնասիրությունը բացառապես հետաքննության գործն ու պարտականությունն է։ Հետեւաբար, դատարկաբանության փոխարեն, բոլոր քաղաքական ուժերի եւ քաղաքացիական կազմակերպությունների միակ պահանջը, իսկ իշխանությունների միակ խնդիրը պետք է լինի հանցագործության շուտափույթ բացահայտումը։ Եթե այդ բանը տեղի չունենա, ապա անջնջելի բիծ է ընկնելու թե՛ ընտրությունների օրինականության, եւ թե՛ ընդհանրապես պետության վարկի վրա, չխոսած այն մասին, որ դա, կասկածամտության մթնոլորտ ստեղծելով, թունավորելու է հասարակության կյանքը, ինչպես մինչեւ այժմ շարունակում է թունավորել հոկտեմբերի 27-ի եւ մարտի 1-ի ոճրագործությունների չբացահայտման փաստը։

– Ձեր պատասխանն ինձ համար սպառիչ է։ Հուսով եմ՝ նույնքան սպառիչ պատասխան կտաք նաեւ Հայ Ազգային Կոնգրեսի ներսում ընթացող խմորումներին վերաբերող հարցին։

– Թաքցնելու բան չկա։ Կոնգրեսի ներսում իսկապես խմորումներ կան։ Որոշ ուժեր եւ անհատներ դե յուրե, իսկ ոմանք դե ֆակտո դուրս են եկել դաշինքից։ Ես սա շատ բնական եմ համարում, որովհետեւ փոխվել են ոմանց մոտեցումներն ու ակնկալիքները, փոխվել է քաղաքական օրակարգը, փոխվել են մեր առջեւ կանգնած խնդիրները, ինչը կազմակերպական նոր լուծումներ է պահանջում։ Հասկանալի է, որ Կոնգրեսն այլեւս չի կարող պահպանվել նույն կազմով ու կառուցվածքով, ինչպիսին հանդես է եկել նախորդ հինգ տարիների ընթացքում։ Որպես տարբեր քաղաքական ուժերի եւ անկուսակցականների հոծ զանգվածի դաշինք, Կոնգրեսը լիովին կատարել է ավազակապետության դեմ անհաշտ պայքարի ելած ընդդիմադիր շարժման իր անուրանալի դերը, բայց այդ դերակատարությունը շարունակելու եւ պայքարը մինչեւ հաղթական ավարտ հասցնելու համար կարիք ունի լուրջ ինստիտուցիոնալ փոփոխության։ Այսօր մենք գտնվում ենք մոտավորապես այնպիսի հանգրվանում, ինչպիսին էր Համաժողովրդական շարժումից Հայ Ազգային Կոնգրեսի անցման հանգրվանը։ Ո՛չ Համաժողովրդական շարժումը, ո՛չ էլ Կոնգրեսը երբեք քարացած, դոգմատիկ կառույց չեն եղել եւ ինստիտուցիոնալ առումով միշտ էլ կարողացել են հարմարվել ժամանակի պահանջներին։ Այդ խնդիրը մենք փայլուն կերպով լուծեցինք 2008 թվականին, եւ վստահ եմ, նույնքան փայլուն կերպով ի վիճակի ենք լուծել հիմա։ Ուստի, նկատի ունենալով առաջիկա տարիներին քաղաքական զարգացումների միտումները, կարծում եմ, արդեն ժամանակն է, որպեսզի Կոնգրեսը քաղաքական զանազան ուժերի ու անկուսակցականների ազատ դաշինքից վերածվի մեկ միասնական կուսակցության։ Ուզում եմ նաեւ տեղեկացնել, որ Կոնգրեսին հավատարիմ մնացած ուժերի շրջանակում այդ գաղափարի իրականացման շուրջ քննարկումներ արդեն իսկ ընթանում են։

– Պատկերացնում եմ, թե այդ գաղափարի հրապարակայնացումը ինչպիսի անակնկալ է համարվելու Հայաստանի քաղաքական ու տեղեկատվական դաշտում։

– Չէի ասի, որ դա մեծ անակնկալ է, քանի որ այդ մասին ես հստակորեն արտահայտվել եմ դեռեւս նույնիսկ Կոնգրեսի ստեղծումից առաջ, 2008թ. մայիսի 2-ին ունեցած իմ ելույթում։ Ուստի թյուրիմացությունների տեղիք չտալու եւ ընթերցողի հիշողությունը թարմացնելու համար ուզում եմ մի ընդարձակ մեջբերում կատարել այդ ելույթից. «Համաժողովրդական շարժումը ստեղծվել էր կոնկրետ խնդրի շուրջ, որպես նախընտրական դաշինք, որի գոյությունը, հետեւաբար, այսօր իներցիոն երեւույթ կամ անախրոնիզմ կարող է թվալ։ Ուստի մենք, նախեւառաջ, կանգնած ենք Շարժմանը նոր բովանդակություն հաղորդելու մարտահրավերի առջեւ։ Կարծում եմ, միանգամայն ակնհայտ է, որ այդ նոր բովանդակությունն այլ բան չի կարող լինել, քան հայաստանյան իրականության հետ չհաշտվող հասարակության իղձերի եւ տրամադրությունների հունավորումը։ Կարծում եմ, նույնքան ակնհայտ է նաեւ, որ այդ խնդրի լուծման համար երկրորդական չէ Շարժումն օժտել կազմակերպական նոր ձեւով եւ նոր անվանմամբ։ Քանի որ վերջին շրջանում շատերիս համար բավականին հոգեհարազատ է դարձել «կոնգրես» բառը, ինձ նպատակահարմար է թվում Համաժողովրդական շարժումը վերանվանել «Հայ ազգային կոնգրես» (հապավված՝ ՀԱԿ), նկատի ունենալով ինչպես համաշխարհային պատմության մեջ նմանատիպ անվանումներով հայտնի ազգային-ժողովրդավարական շարժումների փառապանծ ավանդույթները, այնպես էլ այդ շարժումներին բնորոշ գաղափարախոսական եւ սոցիալական բազմաշերտ ներկայացուցչականությունը։ Ինչ վերաբերում է «Հայ ազգային կոնգրեսի» կազմակերպական ձեւին, ապա, ինձ թվում է, առայժմ կարելի է պահպանել Համաժողովրդական շարժման կառուցվածքն ու ձեւավորված մարմինները՝ Քաղաքական խորհուրդը եւ Գործադիր վարչությունը։ Ըստ այդմ, «Կոնգրեսի» ստեղծումը Շարժման անդամ-կուսակցությունների միաձուլում չի նշանակում. վերջիններս շարունակելու են պահպանել իրենց ինքնուրույնությունն ու կառուցվածքը, ինչպես նաեւ անկախ քաղաքական գործունեություն ծավալելու իրավունքը։ Մյուս կողմից, նման բազմազանությունը չի նշանակում նաեւ, որ խոսքը վերաբերելու է մի արհեստական, խայտաբղետ կազմակերպության, քանի որ մեզ բոլորիս միավորում է մի այնպիսի վեհագույն գաղափար, որպիսին ազատ, ժողովրդավարական, իրավական, բարգավաճ պետության կերտումն է։ Չի բացառվում, անշուշտ, որ համատեղ գործունեության եւ գաղափարախոսական դիրքորոշումների մերձեցման արդյունքում «Կոնգրեսը» հետագայում վերածվի կուռ կառուցվածքով օժտված կենտրոնամետ կուսակցության» (ԼՏՊ, Վերադարձ, էջ 244-245)։

 Իսկ ինչպիսի՞ն են լինելու Կոնգրեսի հենքի վրա ստեղծվելիք նոր կուսակցության գաղափարախոսությունն ու քաղաքական ծրագիրը։

– Նոր կուսակցությունն, իմ կարծիքով, դավանելու է սոցիալ-լիբերալիզմի գաղափարախոսությունը, որի էությունը լիակատար լիբերալ տնտեսական համակարգի եւ ժողովրդի սոցիալական պահանջների լիարժեք բավարարման ներդաշնակումն է՝ պետության չափավոր վերահսկողության շրջանակներում։ Նման գաղափարախոսություն դավանող կուսակցություններ աշխարհում գոյություն ունեն, եւ դրանցից ամենահայտնին ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունն է՝ ի դեմս իր առաջնորդներ Բիլ Քլինթոնի եւ Բարաք Օբամայի։ Ինչ վերաբերում է քաղաքական ծրագրին, ապա այն, ըստ էության, չի տարբերվելու «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի ծրագրից, այն է՝ ավազակապետության կազմաքանդում եւ սահմանադրական կարգի վերականգնում, ինչը նշանակում է բոլոր այն նպատակների իրականացումը, որոնք մեր ժողովրդի կամքով ամրագրված են ՀՀ Սահմանադրության մեջ։

– Դուք անձամբ մասնակցելո՞ւ եք այդ կուսակցության ձեւավորման գործընթացին եւ որեւէ դեր ունենալո՞ւ եք նրա հետագա գործունեության մեջ։ Ավելի կոնկրետ՝ շարունակելո՞ւ եք առաջնորդել այն, ինչպես մինչեւ այժմ առաջնորդել եք «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքը։

– Ես ջանք չեմ խնայելու այդ կուսակցությունը կայացնելու եւ մեր երկրի ամենաազդեցիկ քաղաքական ուժերից մեկը դարձնելու գործում։ Իսկ եթե ինձ վստահեն, թեկուզ խորհրդանշական կարգավիճակով, առաջնորդել նորաստեղծ կուսակցությունը, ապա դա ինձ համար մեծ պատիվ կհամարեմ ու ամենայն պատասխանատվությամբ կկատարեմ իմ պարտականությունը։ Ես մեծ ակնկալիք ունեմ, որ Կոնգրեսի հենքի վրա նոր կուսակցության ստեղծման գաղափարը ոգեւորելու է շատերին, եւ նրան անդամագրվելու են ոչ միայն որոշ քաղաքական ուժեր, այլեւ Կոնգրեսի բազմահազար անկուսակցական անդամները, որոնց ներկայացուցիչները, վստահաբար, ներգրավվելու են կուսակցության ղեկավար մարմիններում։

Քրիստինե Խանումյան

«Չորրորդ Ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728