Լրահոս
Օրվա լրահոսը

Աճ՝ դանդաղման ռիսկով

Փետրվար 07,2013 10:26

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) Հայաստանում տնտեսական աճի ընթացիկ տարվա կանխատեսումը բարձրացրել է 0,3-տոկոսային կետով՝ մինչև 4,3%։ Աճի տեմպի դանդաղման ռիսկերի թվում ԱՄՀ-ն նշում է արտաքին տնտեսական ցնցումները, քաղաքական անորոշություններն ու տարածաշրջանային հնարավոր կոնֆլիկտները։ Ըստ հիմնադրամի մասնագետների՝ դրամի փոխարժեքի ճշգրտումը պետք է իրականացվի միջնաժամկետ կտրվածքով, իսկ դրամի՝ մինչ այս արձանագրված չափավոր արժեզրկումը այս տարի կնպաստի ընթացիկ բացասական հաշվեկշռի կրճատմանը։

Արժույթի միջազգային հիմնադրամը 2013թ. Հայաստանում ակնկալում է 4,3% տնտեսական աճ՝ 2012թ. 6,2%-ի դիմաց։ ԱՄՀ առաքելության «Երկարաձգվող ֆինանսավորման» և «Երկարաձգվող վարկավորման» եռամյա ծրագրի 4-րդ՝ հերթական ամփոփիչ ստուգման (ԱՄՀ առաքելությունը Երևանում էր 2012թ. սեպտեմբերի 5-ից 18-ը) զեկույցը, որը տնօրենների խորհրդի կողմից քննարկվել է անցած տարվա դեկտեմբերին, տնտեսական աճի տեմպի դանդաղման ռիսկերի թվում նշում է գյուղատնտեսության վրա եղանակային գործոնի ազդեցությունը (2012թ. գյուղատնտեսության աճը պայմանավորված էր նպաստավոր եղանակային պայմաններով – խմբ.) և վարկավորման աճի տեմպի դանդաղումը։ Նշվում է նաև օտարերկրյա ուղղակի և ներքին ներդրումների աճի տեմպի դանդաղման ռիսկը։

Ըստ ԱՄՀ մասնագետների՝ թեև Հայաստանի տնտեսությունը չորս տարի անընդմեջ աճ է արձանագրում, այն շարունակում է խոցելի մնալ։
Գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը բավարար չեն մասնավոր ներդրումների աճ և գործազրկության մակարդակի նվազում ապահովելու համար։ «Բարեփոխումների տեմպի արագացումը կարող է օժանդակել ներքին ներդրումների ամրապնդմանը և օտարերկրյա ներդրումների դիվերսիֆիկացմանը՝ դրանք ուղղորդելով գյուղատնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաների, դեղագործության ոլորտներ»,– նշված է զեկույցում։

Հայաստանի տնտեսական աճի դանդաղման ռիսկերի թվում նշվում են նաև արտաքին տնտեսական ցնցումները, քաղաքական անորոշություններն ու տարածաշրջանային հնարավոր կոնֆլիկտները։ Արտաքին հիմնական ռիսկը համաշխարհային տնտեսության հնարավոր անկումն է, որը Հայաստանի տնտեսության վրա կանդրադառնա արտաքին առևտրի կրճատման, ֆինանսական հոսքերի՝ օտարերկրյա ներդրումների և մասնավոր փոխանցումների նվազման տեսքով։

ԱՄՀ-ում գտնում են, որ թեև Հայաստանի միջազգային պահուստները նորմատիվային ցուցանիշների սահմաններում են, ընթացիկ արտաքին վճարային բացասական հաշվեկշիռը մեծ է, և երկիրը խոցելի է այնպիսի ռիսկերի նկատմամբ, ինչպիսիք են արտահանման կրճատումը, եվրոգոտում և Ռուսաստանում տնտեսական վիճակի կտրուկ վատթարացումը, որի հետևանքով կարող են նվազել դեպի Հայաստան մասնավոր դրամական փոխանցումները։ Մինչ այս արձանագրված դրամի չափավոր արժեզրկումը 2013թ. կնպաստի ընթացիկ բացասական հաշվեկշռի կրճատմանը: ԱՄՀ մասնագետների գնահատմամբ՝ դրամի փոխարժեքի ճշգրտումը պետք է իրականացվի միջնաժամկետ կտրվածքով:

Բանկային համակարգում շարունակում է բարձր տեմպերով աճել ավանդների և վարկերի պորտֆելների դոլարիզացիայի մակարդակը, ինչը խնդրահարույց է, քանի որ փոխարժեքի ճշգրտման հարցում արտաքին միջամտությունը կարող է ազդել բանկերի հաշվեկշիռների վրա:

Ըստ ԱՄՀ-ի՝ պետք է ամրապնդվի Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության շրջանակը, ճգնաժամային ավելի մեծ ճկունություն տրվի բանկային համակարգին՝ հնարավոր արտաքին շոկերին ավելի լավ դիմակայելու համար։

Փաստաթղթում նշվում է, որ բանկային համակարգի կայունության և վերահսկողության ամրապնդման ԿԲ պահանջները, որոնք վերաբերում են խոշոր փոխառուների գծով արտարժութային ռիսկի առավելագույն չափին և արտարժութային ակտիվների իրացվելիության նորմատիվներին, մեկ քայլ առաջ են։ Այս պահանջներին պետք է գումարվեն դոլարիզացիայի կրճատմանն ուղղված միջոցառումները։

Անհրաժեշտ է ավելացնել դրամային և արտարժութային պարտավորությունների պահուստավորման նորմատիվների միջև տարբերությունը, ինչպես նաև արտարժույթով արտահայտված ակտիվների իրացվելիության նորմատիվի ներկա մակարդակը։
ԱՄՀ տնօրենների խորհուրդը, քննարկելով «Երկարաձգվող ֆինանսավորման» և «Երկարաձգվող վարկավորման» ծրագրի 4-րդ՝ հերթական ամփոփիչ ստուգման արդյունքները, Հայաստանի իշխանություններին կոչ է արել տնտեսության խոցելի կողմերի վերացման և միջնաժամկետ կտրվածքում կայուն տնտեսական աճի ապահովման համար շարունակել հավասարակշռված մակրոտնտեսական քաղաքականության և հավակնոտ համակարգային բարեփոխումների իրականացումը։

«Տնօրենների խորհուրդը ողջունել է կառավարության հավատարմությունը բյուջետային կոնսոլիդացիայի շարունակման քաղաքականությանը, ինչը հնարավորություն կտա ավելացնել ներդրումային և սոցիալական ծախսերը։ Հարկային քաղաքականության և վարչարարության բարեփոխումները պետք է առանցքային գերակայություններ լինեն»,– նշված է ԱՄՀ հաղորդագրությունում։
ԱՄՀ մասնագետները գտնում են, որ հետագայում ևս անհրաժեշտ են քայլեր, որոնք ուղղված են վարչարարության և գործարար միջավայրի բարելավմանը, մրցակցության ավելացմանը, ինչպես նաև արտահանման դիվերսիֆիկացիայի խրախուսմանը։

«Օրակարգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728