Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ալիկ Սարգսյան. Ես բացառում եմ, որ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի հետեւում դրսի ուժեր լինեն

Փետրվար 07,2013 10:13

Նախկին ոստիկանապետ, Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյանը բացառում է, որ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձը խորհրդային ԿԳԲ-ի ձեռագիրը լինի, քանի որ խորհրդային ԿԳԲ կոչվածն այսօր չկա: Չկան խորհրդային ԿԳԲ-ի այն հետքերը կամ մնացած արմատները, որ Պարույր Հայրիկյանի դեմ փորձի մահափորձ իրականացնել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախկին ոստիկանապետ, Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյանը:

-Պարոն Սարգսյան, որպես նախկին ոստիկանապետ ինչպես կգնահատեք նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարվածը: Դրանով ի՞նչ խնդիր էին փորձում լուծել:

-Այդ օպերացիան ավելի շուտ ուղղված էր մեր պետականության, իշխանությունների դեմ: Ընտրական գործընթացը որոշակիորեն ձախողելու քայլ էր, որը, փառք Աստծո, արդյունք չտվեց, այդ արարքի հեղինակներին չհաջողվեց սեւ բիծ գծել այս ամենի վրա: Պարույր Հայրիկյանն էլ  պահը ռեալ գնահատեց եւ մտածեց, որ իր առողջականի հետ կապված խնդիրը շատ ավելի մեծ վնաս կբերեր մեր երկրին եւ նման որոշում կայացրեց: Փառք Աստծո, որ նրա կյանքին վտանգ չսպառնաց եւ փառք Աստծո, որ մենք գնում ենք դեպի ընտրություն, որը շատ կարեւոր է մեր վաղվա օրվա համար:

-Տեսակետ կա, որ մահափորձ իրականացնողը ոչ պրոֆեսիոնալ է եղել կամ միտումնավոր ոչ պրոֆեսիոնալի տպավորություն է  թողել: Ըստ Ձեզ, նա ի սկզբանե Հայրիկյանին սպանելու մտադրությո՞ւն է ունեցել, թե՞ այլ խնդիր է փորձել լուծել:

-Ես հիմա չեմ կարող մեկնաբանել այս գործողություն իրականացնողը պրոֆեսիոնալ է եղել, սկսնակ, թե սիրահար, բայց ամեն դեպքում, փառք Աստծո, որ ձախողվել է: Ճիշտը որ ասեմ, մանրամասների մեջ չեմ էլ խորացել: Ինֆորմացիաս էլ ընդամենը լրատվամիջոցներից է:

-Փորձագետները նաեւ նշում են, որ մահափորձն իրականցվել է ՏՏ կամ «Նագան» տեսակի ատրճանակով եւ այդ զենքի տիրոջ շատ դժվար է գտնելը: Հաշվի առնելով այս հանգամանքը, ի՞նչ եք կարծում, այնուամենայնիվ այս սպանության փորձը կբացահայտվի՞, թե՞ կանցնի չբացահայտված մահափորձերի շարքը:

-Համապատասխան օպերատիվ տեղեկություն ստանալու դեպքում բացահայտում, անպայման, կլինի: Այսօր ինֆորմացիայի կարիք կա: Կարծում եմ մեր ուժային կառույցներն աշխատում են եւ համոզված եմ, որ այս ամենը հաջողությամբ կպսակվի: Իսկ հանցագործները կկանգնեն օրենքի առջեւ: Համոզված եմ, որ սա բացահայտվելու է:

-Իսկ որպես նախկին ոստիկանապետ, ի՞նչ կարծիքի եք, սա խորհրդային ԿԳԲ-ի ձեռագի՞րն է, ինչպես Հայրիկյանն է պնդում, թե՞ ներսի պատվեր է:

-Ես դա բացառում եմ, քանի որ խորհրդային ԿԳԲ կոչվածն այսօր չկա: Չկան այն հետքերը կամ մնացած արմատները, որ խորհրդային ԿԳԲ-ն Պարույր Հայրիկյանի դեմ փորձի մահափորձ իրականացնել: Ես դա բացառում եմ: Աստված տա բացահայտվի եւ կտեսնենք, որ այդ մի վարկածն ուղղակի անհեթեթ եզրակացություն է:

-Այս դեպքում, ըստ Ձեզ, որն է ամենահավանական վարկածը: Ձեր փորձը ի՞նչ է հուշում:

-Սա կամ անձնական մոտիվով է կամ ընդամենը պետության, իշխանությունների դեմ է ուղղված, որով փորձել են ցույց տալ, թե տեսեք երկրում այսպիսի իրավիճակ է, նույնիսկ կարող է մահափորձ լինել թեկնածուի վրա եւ այլն: Սա ընդամենը ցեխ շպրտելու խնդիր ուներ:

-Իսկ դրսի՞ ուժերի կողմից, թե՞ ներսի:

-Չէ, չէ, չէ դրսի ուժերը ես բացառում եմ: Բայց ավելին ասել չեմ կարող:

 

Զրուցեց Տաթեւ Մեսրոպյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728