Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյումրիում մնացել են միայն վաճառողներն ու գնորդները»

Փետրվար 06,2013 23:28

Ազգագրագետ Արտաշես Բոյաջյանի կարծիքով Գյումրին վերածվում է անմարդաբնակ գյուղի

Այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամը Գյումրիում քննարկում էր կազմակերպել այս քաղաքին  առնչվող խնդիրների շուրջ: Փորձագետ Թաթուլ Հակոբյանը քննարկման իմաստը պարզաբանեց այսպես. «Ավանդույթ է  դարձել,  որ «Սիվիլիթաս» հիմնադրամը իր գործունեության առաջին տարվանից կարևորում է միջոցառումներն ու  կյանքը երկրի մայրաքաղաքից` Երևանից, դուրս բերելը և ներկայացնելը գոնե  մեր կարծիքով Հայաստանի մի քանի  կարևոր բնակավայրերում: Դրանց թվում առաջին հերթին  մենք շատ կարևորում  ենք Գյումրին`որպես ոչ միայն երկրորդ քաղաք: Քիչ է ասել Գյումրին երկրորդ քաղաք, ես մի թիվ պիտի նշեմ. մոտ 100 տարի առաջ Գյումրին ուներ մոտ այնքան բնակչություն, որքան Երևանը: Ավելին ասեմ, եթե Երևանը ուներ խառը բնակչություն, գոնե 40-45  տոկոս մահմեդական էին , Գյումրին շատ հետաքրքրական է, որ միշտ ունեցել է ավելի շատ մաքուր  հայկական բնակչություն»:

Այնուհետ փորձագետը բանախոսներին  հարցրեց. «Ի՞նչ է առաջարկում Գյումրին որպես այլընտրանք: Մենք կարող է շատ բան ցանկանաք, շատ բան երազենք, բայց արդյո՞ք կարող է դա իրականությանը մոտ լինել: Մենք բոլորս բողոքում ենք, դժգոհում ենք, որ Երևանում է ամեն ինչ կենտրոնացված, քաղաքականությունն էլ է Երևանում, ինչպե՞ս է հնարավոր  դա տեղափոխել Գյումրի: Ի՞նչ կարող է առաջարկել  Գյումրին , որ գրավի ներդրողին, գրավի մշակութային իմաստով, բիզնես իմաստով»:

Ի պատասխան Թաթուլ Հակոբյանի հարցադրումների,  ազգագրագետ  Արտաշես Բոյաջյանը բավականին տխուր թվեր հրապարակեց`ցույց տալով, թե ինչպես է երբեմնի մարդաշատ քաղաքը վերածվում մեծ գյուղի, ինչպես են դատարկվում դպրոցները: «Եթե Ձեր հարցին պատասխանեմ, վերցնենք երկու շրջան շատ կարևոր, և դրանով պարզ կլինի, թե  այսօր ինչ կարող է մեր քաղաքը անել: Խորհրդային տարիներին,  բոլորիդ է հայտնի, որ այն ժամանակ Լենինականը կոչվել է Տեքստիլագործների քաղաք:  Այսինքն, երբ որ արդյունաբերական ձեռնարկությունների մեջ զբաղվածների թիվը կազմել է  45 հազար, դրա կեսից մի քիչ  պակասը` 20-21 հազարը  զբաղված է եղել թեթև արդյունաբերության ոլորտում: Մեր քաղաքը այն եզակի քաղաքներից է Հայաստանի Հանրապետության, որը պատմական բոլոր ժամանակափուլերի շինությունները,  կառույցները ունի.  կան և 19-րդ դարի կեսի, վերջի,  20-րդ դարի սկզբի   կառույցներ, որոնք մինչև օրս պահպանվում են, և 20-30 թվականների,  և իհարկե մինչերկրաշարժյան, հետերկրաշարժյան: Այսինքն  բոլոր շրջանների կառույցները կան, որով առանձնանում է  Հայաստանի մյուս բոլոր  բնակավայրերից»:

Ազգագրագետը  նշեց,  որ խորհրդային տարիներին Գյումրին իր քաղաքային ֆունկցիան բարձր մակարդակով կատարում էր, այլ է իրավիճակը հիմա: «Այսօր մեր քաղաքը կբնութագրեի որպես մեծ գյուղ, ի՞նչ առումով, որ արդյունաբերական ձեռնարկություններ չեն աշխատում, հիմնականում հասարակությունը բաժանվում է երկու շերտի` վաճառողներ և գնորդներ: Մարդիկ  արտագնա աշխատանքի են մեկնում, էնտեղից գումար են  ուղարկում Գյումրի, այստեղ իրենց բարեկամները, հարազատները առևտուր են անում, և դրանով իրենց գոյությունը պահպանում են: Այսինքն քաղաքային գործառույթը, որը պիտի կատարեր քաղաքը՝ որպես բնակավայր, միջավայր, չի կատարում: Եվ դրա առաջին մեղավորը ես գտնում եմ մեր հանրապետության իշխանավորներին,  որովհետև նրանք հստակ սոցիալ-տնտեսական քաղաքականություն չեն իրականացնում: Իրենք  Գյումրիում  իրենց պարտքը համարում են միայն բնակարանաշինությունը, գիտեն, թե  բնակարաշինությունը արեցին, ուրեմն վերջ,  քաղաքի համար մեծ գործ են կատարել: Բնակարանաշինությունը կարևոր է, բայց այսօր գլխավորը չէ մեր քաղաքի համար:

Մեր քաղաքի համար գլխավորը քաղաքային միջավայրի բարեկարգումն է, բարոյահոգեբանական մթոնոլորտի փոփոխությունն է և ամենակարևորը  արդյունաբերաարտադրական ձեռնարկություններ աշխատեցնելն է: Եթե մենք այս 3 կարևոր  խնդիրներին լուծում չտվեցինք, ուրեմն մոտակա 15-20 տարիներին ընթացքում Գյումրին, որը ժամանակին ունեցել է 230 հազար բնակիչ, այժմ,   պաշտոնական տվյալներով, ասում են 146 հազար է, բայց առկա բնակչության թիվը  մոտավոր հաշվարկներով 90-100 հազար է , ոչ ավելի, կդատարակվի: Մի թվային տվյալ ասեմ , որից ամեն ինչ ցցուն երևում է. դպրոցներում սովորող աշակերտների թիվը 14 հազար է: Այն դեպքում,  երբ որ խորհրդային տարիներին 40 հազարից ավելի մենք աշակերտություն ենք  ունեցել: Սա արդեն ասում է ամեն ինչ, թե մեր քաղաքի զարգացման  վեկտորը ուր է տանում:

Համեմատության համար ասեմ, որ 1926 թվականին քաղաքը աշակերտների  թվով ավելի շատ է եղել, քան հիմա: Եվ բնակչության թվաքանակով մենք ունենք այնքան բնակիչ, որքան ունեցել ենք  1959 թվականին: Այն  դեպքում, երբ  ժողովրդագրական կայուն զարգացման պայմաններում Գյումրին այժմ պետք է ունենար 300 հազարից ոչ պակաս բնակիչ , այսինքն  շուրջ 200 հազարով մեր քաղաքի բնակչության իրական թիվը պակասել է», -այսպես ներկայացրեց քաղաքի վիճակը ազգագրագետը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728