Գրիբայեդով գյուղի բնակիչ Մասիս Մուրադյանն այսօր հատուկ եկել էր մարզկենտրոն Արմավիր, որպեսզի ՀՀ նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանին բողոքի գյուղնախարարից:
Դեռ անցած տարի ամռանն ինքն ու իր համագյուղացիները լոլիկ են հանձնել Արտաշատի պահածոների գործարարին, բայց գումարի մի մասը մինչ օրս չեն ստացել: Բողոքն ուղղված է գյուղնախարարի դեմ, քանի որ այդ գործարանի սեփականատերերը ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանը (լուսանկարում) եւ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որդին են: Չնայած նախագահի անվտանգության աշխատակիցների պատնեշին՝ Մասիս Մուրադյանը կարողացավ իր խոսքը նախագահին հասցնել: Թե ի՞նչ խոսակցություն ընթացավ նախագահի եւ Մասիս Մուրադյանի միջեւ, ականատեսը լինել չհաջողվեց. անվտանգության աշխատակիցները չթույլատրեցին:
Սակայն նախագահի հետ զրույցից հետո Մուրադյանն իր վրդովմունքը փոխանցեց Aravot.am-ին. «Արդեն յոթերորդ ամիսն ա, ինչի՞ չի տալիս իմ գումարը: Ու տեսնում ե՞ս` ասում ա` տվել ենք: Նախագահն էլ ա պնդում, թե տվել ենք: Սուտ ա ասում, նախագահն էլ ա սուտ ասում»: Նախագահն իր աշխատակազմի ներկայացուցչի հանձնարարել է, որ այդ հարցով զբաղվեն:
Իսկ Մասիս Մուրադյանը շատ ափսոսեց, որ գյուղնախարարը չի եղել. «Մի հատ ամոթանք էի տալու, որ խափում ա: Դեկտեմբերի բաժակը վեկալած շամպայն են խմում գործարարներով` ժողովո~ւրդ, մենք ոչ մի պարտք չունենք: Ինչի՞ ես խաբում ժողովրդին: Որ տված ըլներ, ես սո՞ւտ կասեի»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ