Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանի խմելու ջրի աղբյուր հանդիսացող գետերի վրա 7 ՀԷ՞Կ է կառուցվելու

Փետրվար 06,2013 22:13

Մեկ սեփականատիրոջը պատկանող երեք ընկերություններ մտադիր են Կապանում 7 ՀԷԿ կառուցել

Կապան քաղաքի բնակչությանը մատակարարվող խմելու ջուրն այսօր  վերցվում է գետերից: Մեզ հասած տեղեկության  համաձայն` առաջիկայում նախատեսվում է Կապանի խմելու ջրի աղբյուր հանդիսացող այդ գետերի վրա 7 ՀԷԿ կառուցել, ինչը հասարակության շրջանում խիստ մտահոգության առիթ է դարձել:

Ոչ պաշտոնական տվյալներով` գետերի վրա  ՀԷԿ-եր կառուցելու ցանկություն է հայտնել 3 կազմակերպություն` «Եվրոէներգո Հոլդինգ» ՍՊԸ-ն, որը  մտադիր է կառուցել 1 ՀԷԿ,  «ԵԱՍ էներգոսիստեմս» ՍՊԸ-ն` 3 ՀԷԿ,  եւս 3 ՀԷԿ կառուցելու ցանկություն ունի  «Հարավային էներգետիկ ընկերություն» ՍՊԸ-ն: Ի դեպ, բոլոր այս 3 ընկերությունները պատկանում է մեկ սեփականատիրոջ:

Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների`  այդ ընկերությունները բնապահպանական փորձաքննություն անցնելու համար դիմել են բնապահպանության նախարարություն: Փորձեցինք բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնից, Ջրային ռեսուրսների կառավարման տեսչության, հարավային ջրավազանի տարածքային կառավարման բաժնից եւ  «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ հարավային մասնաճյուղի «Կապան» տեղամասից պաշտոնական տեղեկատվություն եւ մասնագիտական եզրակացություն ստանալ խնդրի վերաբերյալ: Արդյոք թույլատրելի՞ է մի ամբողջ քաղաքի խմելու ջրի աղբյուրների վրա ՀԷԿ-երի կառուցումը, ի՞նչ ռիսկեր է այն իր մեջ պարունակում, առանց այն էլ Կապանի խմելու ջրի խողովակաշարի վրա արդեն իսկ 4 ՀԷԿ  Է գործում, եւ արդյոք ընդունելի՞է, որ առանց խոցելի համայնքի բնակչությանը` Կապանի ժողովրդին տեղյակ պահելու, առանց հասարակական լսումներ անցկացնելու, միանգամից դիմել բնապահպանական համապատասխան փորձաքննության համար:

Բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի եւ ջրային ռեսուրսների կառավարման տեսչության, հարավային ջրավազանի տարածքային կառավարման բաժնի պատասխանատուները ՀԷԿ-երի կառուցման վերաբերյալ ինֆորմացիա եւ մասնագիտական եզրակացություն խոստացան տրամադրել առաջիկա օրերին` նշելով, որ այս պահին դեռեւս հարցը քննարկում են եւ ուսումնասիրելուց հետո  միայն պաշտոնական տեղեկատվություն կտրամադրեն:  «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ հարավային մասնաճյուղի «Կապան» տեղամասի պետ Հովհաննես Գեւորգյանն էլ փոխանցեց, որ այս պահին Կապանի խմելու ջրի մաքրման կայանի մոտակայքում մեկ ՀԷԿ է կառուցվում, մյուսների մասին ներկա դրությամբ ոչինչ չգիտի, բայց  ՀԷԿ-երի կառուցման պլանների մասին լսել է: Իսկ մեր այն հարցադրմանը, թե որպես ջրային ընկերության պատասխանատու՝ ինչպե՞ս է վերաբերվում Կապանի բնակչությանը խմելու ջրի աղբյուր հանդիսացող գետերի վրա ՀԷԿ-երի կառուցման հանգամանքին եւ որպես պատասխանատու ի՞նչ ռիսկեր է տեսնում դրա մեջ, վերջինս պատասխանել է, որ որեւէ վտանգ չի տեսնում եւ խմելու ջրի վրա բացասական ազդեցություն այն ունենալ չի կարող: Սակայն պատասխանատուի այս հավաստիացման հետ շատերը համամիտ չեն  եւ գտնում են, որ խնդրին շատ լուրջ պետք է մոտենալ:

Կապանի հանրությանը  հուզող այս խնդրին առավել մանրամասն եւ պաշտոնական մեկնաբանություններով կանդրադառնանք առաջիկա օրերին:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728