Լրահոս
Օրվա լրահոսը

Զուրաբյանն ու Մակեյանը վիճում էին փողոցում (Տեսանյութ)

Փետրվար 06,2013 21:39

ՀԱԿ քաղխորհրդի չկայացած նիստից հեռանալու ժամանակ, շենքի դիմաց, լրագրողների եւ տեսախցիկների աչքի առջեւ հանդիպեցին ՀԱԿ-ում հակասություններ ունեցող ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն ու «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը:

ՀԱԿ համակարգողն ասաց, որ բոլորը, այդ թվում` քաղխորհրդի անդամները, գիտեն, որ ամեն չորեքշաբթի իրենք նիստ են ունենում, բացի ԱԺ քառօրյայի օրերից: «Որոշվել է, որ երբ կա քառօրյա, մենք քաղխորհրդի նիստ չենք անցկացնում: Սա եղել է որոշում, որի մասին գիտեն բոլոր քաղխորհրդի անդամները, նաեւ` Դուք»,- ասաց նա, դիմելով Մակեյանին:

Պետրոս Մակեյանն էլ ասաց, որ իսկապես որոշվել է, որ քառօրյայի օրերին նիստեր չկայանան, բայց մի պայմանով` «եթե կարեւոր հարցեր են քննարկվում, ու այդ օրը պետք է իրազեկվի, բայց մեզ նույնիսկ նախորդ նիստին չեն իրազեկել»:

Լեւոն Զուրաբյանը եւ Պետրոս Մակեյանը վիճաբանեցին այս հարցի շուրջ: Նրանք միմյանց խոսելու հերթ չէին տալիս, այնուհետեւ պայմանավորվածություն ձեռք բերեցին մամուլի ներկայությամբ չվիճել:

Լեւոն Զուրաբյանը նշեց, որ հաջորդ չորեքշաբթի նիստ լինելու է: Նա, դիմելով Մակեյանին, ասաց, որ եթե կա ինչ-որ խնդիր, որ կցանկանար քննարկել, կարող են քննարկել, այլապես նա դրանց մասին իմանում է մամուլից: «Եկեք, հենց հիմա ձեզ հրավիրում եմ կենտրոնական գրասենյակ»,-ասաց Լեւոն Զուրաբյանը, ինչին Մակեյանը հակադարձեց. «Հրավիրել պետք չէ, կենտրոնական գրասենյակը նաեւ մեր գրասենյակն է, մենք կարող ենք ազատ բարձրանալ»: Նա նշեց, որ բոլոր հարցերը կներկայացնի քաղխորհուրդ:

Պետրոս Մակեյանի հեռանալուց հետո ՀԱԿ  համակարգողն անդրադառնալով «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության մշակած` ՀԱԿ քաղաքական ճգնաժամից դուրս գալու վերաբերյալ փաստաթղթին, նշեց, որ որեւէ փաստաթուղթ Կոնգրես չի ներկայացվել, ամռանն ինչ-որ փաստաթուղթ ներկայացվել է, քննարկվել է եւ դրա հիման վրա ընդունվել են բազմաթիվ որոշումներ: Լեւոն Զուրաբյանը նշեց, որ այդ փաստաթղթից որոշ կետեր ընդունվել են կոնսենսուսով, նոր փաստաթուղթ չի ներկայացվել, այնպես որ նա չի կարող որեւէ վերաբերմունք հայտնել դրա վերաբերյալ:

Մեր հարցին, թե ինչ կարծիքի եք այդ փաստաթղթում ներկայացված առաջարկներից մեկի մասին, մասնավորապես այն վերաբերում է ՀԱԿ համակարգողի ինստիտուտը վերացնելուն, նա նշեց, որ չի ցանկանում այդ առաջարկությունների մասին իմանալ մամուլից:«Քանի շաբաթ կարող էին ներկայանալ, չգիտես ինչու ներկայանում են այն ժամանակ, երբ իրենք էլ գիտեն, որ նիստ չկա»,- ասաց ՀԱԿ համակարգողը: NEWS.am-ի թղթակցի հարցին, թե ինչ հարաբերություններ ունի Մակեյանի հետ, Զուրաբյանը չցանկացավ բացահայտել` ասելով, որ չի ցանկանում որեւէ մեկի հետ խոսել մամուլի միջոցով: «Ես ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ որոշումները ՀԱԿ-ում ընդունում են կուսակցությունների կոնսենսուսով, այսինքն` իմ դիրքորոշումը տվյալ դեպքում որեւէ նշանակություն չունի, եթե ինչ-որ որոշում չի ընդունվել, կարող է լինել կուսակցությունների պատճառով»,- ասաց Լեւոն Զուրաբյանը:

Նշենք, որ Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակում, այսօր` փետրվարի 6-ին, ժամը 15.00-ին պետք է կայանար քաղխորհրդի նիստ, որի ժամանակ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը պետք է ներկայացներ ՀԱԿ քաղաքական ճգնաժամից դուրս գալու վերաբերյալ փաստաթուղթը: Դրա կետերից մեկով առաջարկվում է՝ ՀԱԿ քաղխորհրդի նիստերի ղեկավարումը ստանձնի Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728