Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Հրանտ Բագրատյանի հետ պայքարի մասին

Փետրվար 06,2013 20:46

Երեկ արմավիրցիների հետ հանդիպմանը նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը ընտրողների հարցին, թե ինչո՞ւ չեք միավորվում Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, իր մտահոգությունը հայտնեց, որ չգիտի, թե ով է իրական ընդդիմություն, ով ինչ սկզբունքի համար է պայքարում:

Այսօր նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին Aravot.am-ը խնդրեց մեկնաբանել դա եւ ասել՝ անհրաժեշտություն չի՞ զգում միավորվելու եւ միասնական հանդես գալու: Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Քաղաքական կոնսոլիդացիայի հրամայական խաչմերուկը առջեւում է, դա անպայման կլինի: Ես խոսել եմ Պարույր Հայրիկյանի հետ, պարոն վարչապետի հետ, այդ հաղորդակցությունների շարանը կշարունակվի: Բայց անհրաժեշտ է նույնպես, որ քաղաքական տարբեր ուժերը քաղաքացիական հասարակության հետ հասկանան, որ նժարի վրա դրված է մեր երկիրը միանգամյա փոխելու հավանականությունը: Դրա համար հաղորդակցություն կլինի եւ կշարունակվի»:

Ինչ վերաբերում է երեկ Հրանտ Բագրատյանի հետ թեյ խմելուն, նա նշեց, որ մի քանի հանդիպումներ է ունեցել. «Վերջին անգամը երեկ գիշեր է եղել: Քննարկել ենք Հայաստանի ապագան, որ հայ ժողովուրդը մեր միասնական ջանքերով իր հաղթանակը տոնի»:

Լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով Պարույր Հայրիկյանի որոշումը, նա ասաց, որ կապ չունի՝ կհետաձգվի ընտրությւոնները, թե ոչ, ժողովուրդը պատրաստվում է իր հաղթանակին առաջին անգամ 20 տարվա ընթացքում. «Ես ասել եմ Պարույր Հայրիկյանին, որ ամբողջովին ձեր իրավունքն է, եւ ձեր որոշումը ես կհարգեմ»:

Հարցին, թե հնարավո՞ր է ինքնակազմակերպված լինի մահափորձը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց, որ նման դավադրային տեսություններին չի հավատում:

Նա վստահ չի, որ կբացահայտվի մահափորձը, որովհետեւ աչքի առաջ կա Հոկտեմբերի 27 եւ Մարտի 1: Հարցին, եթե նախագահ լինեք, կբացահայտե՞ք, նա պատասխանեց, որ նախագահը միանձնյա չի կարող հարցեր լուծել, բայց կունենա անկախ իրավական ինստիտուտ, որը ամեն ինչ կանի, որ բացահայտի այդ դեպքերը:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728