Արդյո՞ք ընտրություններից հետո օլիգարխիկ համակարգը կշարունակի ընդդիմությանն իր ենթակայության տակ պահել
«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի եւ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի այսօր կազմակերպած`«Նախագահական ընտրություններ. գնահատականներ եւ առաջարկներ» թեմայով սեմինարում հիմնական զեկուցողներից «Համաձայնություն» կենտրոնի նախագահ Դավիթ Շահնազարյանը նկատեց, որ ընտրություններն իրենց արդյունքով առավելապես քաղաքագիտական հետաքրքրություն են ներկայացնում, քան՝ քաղաքական:
«Արդյո՞ք կանխորոշված է ընտրությունների ողջ ընթացքը եւ այն ամենը, ինչ կատարվում է ընտրությունների շուրջ․․․ Վերջին զարգացումները ցույց տվեցին, որ անկանխատեսելի են»: Շահնազարյանը որպես օրինակ մատնանշեց՝ ընտրությունները հետաձգելու ձգտումները այլ գործընթացներով, ընտրությունները այնպիսի հունով տանելու մղումները, որն այնքան էլ ձեռնտու չէ թե՛ իշխանության թեկնածուին, թե՛ հիմնական ընդդիմադիր թեկնածուներին․ «Առայժմ ոչ այնքան քաղաքական մեթոդներ են կիրառվում, գուցե օգտագործվեն այլ մեթոդներ, ինչպես տեղի ունեցավ Պարույր Հայրիկյանի դեպքում։ Կարծում եմ, այս ամենը լավ գիտակցելով էր, որ Հայրիկյանը որոշեց չերկարաձգել քարոզարշավը եւ քվեարկության օրը»:
Շահնազարյանի կարծիքով՝ այս ընտրությունները էապես տարբերվում են խորհրդարանական ընտրություններից: «Քաղաքական դաշտն այն ժամանակ վերածվել էր օլիգարխիկ համակարգի երկու թեւերի, եւ այդ թեւերի միջեւ պայքարը արտահայտվում էր ԱԺ ընտրություններում: Օլիգարխիկ թեւերից մեկը քանի որ ինչ-ինչ պատճառներով հրաժարվեց նախագահական ընտրությունների մասնակցությունից, այդ իսկ պատճառով այսօր ունենք այլ ընտրություններ, եւ կարծում եմ դրականորեն տարբերվող․ ծրագրերը, մոտեցումները երբեք այսքան ուշադիր չէին ուսումնասիրվել: Մյուս կողմից ակնհայտ է, որ մեծ հիասթափություն կա հասարակության մոտ ընտրությունների հանդեպ: Ներքին եւ արտաքին հիմնական մարտահրավերը՝ օլիգարխիկ համակարգն է, որը նախկինում ուներ որոշակի ներկայություն քաղաքական դաշտում, սակայն անցյալ տարվա ընթացքում գրեթե ամբողջովին տիրապետեց նաեւ ընդդիմադիր դաշտին: Այս ընտրությունների ընթացքում ընդդիմադիր դաշտի այդ բեւեռը, որը այսօրվա իր գոյությամբ հիշեցնում է՝ քաղաքական նատյուրմորտ, չեմ կարծում, թե ընտրություններից հետո շարունակի պահպանել իր այդ վիճակը»,- նշեց նա:
Կարդացեք նաև
Կա արդյո՞ք գոնե փոքր հույս, որ իշխանությունը կփորձի ազատվել օլիգարխիկ համակարգից: Շահնազարյանը առայժմ նման միտում չի նկատում, ավելին, բազմաթիվ օրինակներ կան, որոնք վկայում են այն մասին, որ իշխանությունները պահպանելու են այդ համակարգը։
Ինչպիսի՞ն կլինի քաղաքական դաշտը ընտրություններից հետո․ «Փորձը ցույց է տալիս, որ ընդդիմադիր հատվածի թուլությունը էականորեն վտանգում է պետականությունը նաեւ այն իմաստով, որ իշխանություններն են դառնում ավելի սանձարձակ»,- նշեց նա: Շահնազարյանը կարեւորում է հարցը՝ թե արդյո՞ք ընտրություններից հետո օլիգարխիկ համակարգը շարունակելու է իր ձգտումները՝ քաղաքական համակարգի ընդդիմադիր հատվածը իր ենթակայության տակ պահելով: Նա նշեց, թե չի բացառում դա։
Անդրադառնալով վարվող «բալանսավորված» արտաքին քաղաքականությանը՝ իշխանությունների պատկերացմամբ, Շահնազարյանը չափազանց վտանգավոր գնահատեց Հայաստանի անվտանգության համար։ «Պետք է հստակ ասել, որ անվտանգության, ռազմատեխնիկական հարցերով, այո՛, առայժմ այլընտրանք չկա բացի հյուսիսային ուղղությունից: Արեւմուտքը այդ իմաստով ի վիճակի էլ չէ այլընտրանք առաջարկել: Մինչդեռ տնտեսական եւ քաղաքական զարգացման առումով հստակ այլընտրանք կա՝ դա եվրոպական ուղղությունն է», -պարզաբանեց Շահնազարյանը՝ հավելելով, որ այդ դեպքում պետք է սկսել օլիգարխիկ համակարգի ապամոնտաժման գործընթացը:
Շահնազարյանի համոզմամբ, արտաքին քաղաքականությունում առկա անորոշությունը էապես նպաստավոր վիճակ է ստեղծում այն ուժերի համար, որոնք փորձում են այս կամ այն ձեւով Հայաստանում ստեղծել իրենց ձեռնտու եւ իրենց վերահսկողության տակ գտնվող ապակայունություն։
Շահնազարյանը հավելեց նաեւ, որ առաջիկա նախագահական ընտրություններից հետո չենք ունենա ժողովրդավարական կայունություն եւ իշխանություն, որը կվայելի հասարակության վստահությունը, քանի որ որեւէ նշան չկա, որ իշխանությունը պատրաստվում է փոխել օլիգարխիկ համակարգը:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ