Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը` անձնագրերի հավաքագրման մասին (Տեսանյութ)

Փետրվար 06,2013 20:22

Նախագահի թեկնածուն այսօր Արմավիրում էր

«Վերջերս ես տարբեր տեղերից լսում եմ, սիրելի արմավիրցիներ, որ ինչ-որ տեղեր իբր թե անձնագրեր են հավաքում, թե ինչ-որ տեղեր իբր ուսանողներին ներգրավում են, պարտադրում են մասնակցել քարոզարշավին: Սիրելի արմավիրցիներ, մեզ դա պետք չի, բնավ պետք չէ, եթե նույնիսկ մեկ տոկոսը ճիշտ է` ապա մենք դա իզուր ենք անում, իզուր ենք անում, որովհետեւ դա մեզ օգուտ չի տալու: Մենք որեւէ մեկի առջեւ հաշվետու չենք, բացի մեր ժողովրդից, բայց մենք ապրում ենք միջազգային հանրության հետ միասին, մենք տարբեր կազմակերպությունների անդամ ենք, մեծ նշանակության հարցեր ենք քննարկում այդ կազմակերպություններում, աշխատենք քաղաքակիրթ կանոններով»,- այսօր Արմավիրի մարզկենտրոն Արմավիր քաղաքում բացօթյա հանդիպում հանրահավաքում, ամփոփելով մարզային քարոզարշավը, հայտարարեց ՀՀ նախագահի հանրապետական թեկնածու Սերժ Սարգսյանը:

Մինչ նախագահը խոսում էր` հրապարակից մի կին բղավում էր, որ ինքն անվերապահորեն հավատում է Սերժ Սարգսյանին եւ նրա հետ պատրաստ է գնալ ապահով Հայաստան:

Նախագահի խոսքի մանրամասները` տեսանյութում:

Թեկնածուն նաեւ ասաց, որ քարոզարշավային հանդիպումների ժամանակ տեսնում է օր օրի հասունացող հասարակություն, տեսնում է, «որ  խոսքը հնչում է ավելի համոզիչ»: Նա հավաստիացրեց, որ անցած հինգ տարիների ընթացքում արված ու անավարտ մնացած բոլոր գործերը շարունակական են լինելու նաև ապագայում: «Մենք կառուցում ենք ապահով Հայաստան` նաև Սփյուռքի հայության համար: Եվ հստակ կարող ենք ասել, որ մեր համագործակցությունը սփյուռքահայության հետ բազմապատկել է մեր առաջընթացը: Հայաստան-Սփյուռք համագործակցությունը զարգանում է դինամիկ, բայց այն դեռ հեռու է իր ողջ խորությունից»,-հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Հանուն Հայաստան-Սփյուռք փոխգործակցության ամրացման, Սերժ Սարգսյանի խոսքով, ստեղծվելու են առավել նպաստավոր պայմաններ` ապահովվելու է քաղաքացիական ինստիտուտի հետագա զարգացումը, իրականացվելու են համատեղ ծրագրեր, որոնք  այդ կապը ավելի շոշափելի կդարձնեն: Այս համատեքստում հայտարարեց, որ Հայաստանում ստեղծվելու են անհրաժեշտ պայմաններ սիրիահայերի համար` հայրենիքում նրանց լիարժեք ինտեգրվելու նպատակով:
«Մեր ծրագրերն ու բարեփոխումներն ուղղված են բոլորիս ուժերի համախմբմանը: Ամենամեծ առաքելությունն է կերտել ապահով հայրենիք, և մենք դա անելու ենք, հատկապես որ զրոյից չենք սկսում, առաջիկա նպատակադրումներն ունեն լուրջ հիմքեր: Մենք անցել ենք ճանապարհի ամենավտանգավոր ու դժվարին հատվածները»,-ասաց Սերժ Սարգսյանը:

Ի դեպ, մարզկենտրոնի հանրահավաքին արդեն ներկա էին նաեւ ՀՀԿ-ական պատգամավորներ Արայիկ Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ), Նահապետ Գեւորգյանը (Նովո), Հրանտ Գրիգորյանը եւ ծնունդով քարակերտցի Կարինե Աճեմյանը: Հրանտ Գրիգորյանից հետաքրքրվեցինք` ինչո՞ւ ներկա չէր Վաղարշապատի հանդիպմանը: Ասաց, որ նախագահի արարողակարգի բաժինն է որոշել, թե ով եւ որտեղ պետք է ներկա լինի: Հետաքրքրվեցինք` գուցե պատճառը իր ազգականների` հայր ու որդի Մանվել եւ Կարեն Գրիգորյանների հետ ունեցած անձնական խնդիրներն են, նա ասաց, որ որեւէ անձնական խնդիր այս դեպքում դեր չի խաղացել:

Մինչ մարզկենտրոնի հանրահավաքը Սերժ Սարգսյանը մասնակցեց նաեւ Քարակերտ համայնքի նոր դպրոցի բացմանը: Դպրոցի դահլիճում նա պատասխանեց տեղի բնակիչների հարցերին: Բնակիչները խոսեցին իրենց հուզող խնդիրների մասին, որոնցից մեկն էլ գյուղի հիմնական ճանապարհի վերանորոգմանն էր վերաբերվում: Ի դեպ այդ ճանապարհը` 30 կմ երկարությամբ, մի հատվածն է Հայաստանի սահմաններն իրար կապող միջպետական ճանապարհի:

Ավելի ուշ մեզ հետ զրույցում տեղացիներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, ասաց, որ բոլոր հարցերը նախապես «բեմադրված» էին ու այդ էր պատճառը, որ խմելու ջրի խնդիր ունեցող այս գյուղում այդպես էլ ոչ ոք չբարձրաձայնեց այդ խնդիրը:

Հանդիպումներից հետո հանդիպումների մասնակիցներից ոմանք հեռանում էին անտարբեր եւ, ի պատասխան Aravot.am-ի հարցի` համոզի՞չ էր նախագահի թեկնածուի խոսքը, ասում էին` պարտականություն էր, էլի, եկանք, կատարեցինք, գնում ենք: Բայց կային մարդիկ, ովքեր նախագահին լսել էին մեծ բավականությամբ ու հավատում էին: Այդպիսին էր, օրինակ, Սլավիկ Գալստյանի տեսակետը: Մեր դիտարկմանը, որ նախորդ հինգ տարիներին Սերժ Սարգսյանը շատ խոստումներ է տվել, որոնք իրականություն չեն դարձել, նա ասաց, որ դրանց համար օբյեկտիվ պատճառներ էլ են եղել: Սլավիկ Գալստյանը հավատացած է, որ եթե Սերժ Սարգսյանին ժողովուրդն օգնի` նա լավ կաշխատի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728