Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն ինչ ոչնչի մասին». Երիտասարդ բլոգերի համար կարեւորը դետալներն են

Փետրվար 06,2013 19:35

18-ամյա Սյունե Սեւադան սովորում է ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետի առաջին կուրսում: Ինչպես ինքն է ասում` հասարակ մարդ է՝ լիքը թերություններով, բնավորության վատ գծերով: Լավ կողմեր էլ ունի:
Քաղցրեղենի ու դասական ռոքի սիրահար է: Երկու տարի առաջ, երբ զգացել է, որ տարիների ընթացքում ասելիք է կուտակվել իր մեջ, որոշել է բացել sunesevada.com բլոգը: Թեեւ համոզված է, որ բլոգ վարելը ժուռնալիստիկայից շատ է տարբերվում, սակայն կարծում է այն որոշ չափով մարդկանց հետ շփվելու, «ձեռք բացելու» փորձ է. «Բացի դա՝ գրելու կարիք էի զգում ու թեկուզ ոչ ժուռնալիստական նյութերով, փորձում էի իմ խոսքը հասցնել ընթերցողին: Այդպես էլ ծնվեց բլոգս»:
Սյունեի բլոգը ե’ւ երիտասարդական է, ե’ւ ժամանցային: Այնտեղ կարող եք լսել երաժշտություն, տեղեկանալ հեղինակի անձնականից, կարդալ պատմվածքներ, հետաքրքրաշարժ ու ուրախ մտքեր, քննադատություններ…
«Չեմ կենտրոնանում որևէ ֆորմատի կամ թեմայի վրա: Գրում եմ այն, ինչ ուղղակի ուզում եմ գրել»,- ասում է աղջիկը: Նա ամեն անգամ տարբեր կերպ է ընտրում թեման: Լինում է՝ ինչ-որ բանից մտահոգված է լինում ու արտահայտում է անձնական զգացմունքները, կամ փողոցում որևէ բան է նկատում, պահում է մտքում, իսկ տուն վերադառնալուն պես` տեսածը նյութ է դարձնում: Թեմաների հարցում օգնության են հասնում նաեւ ընկերները: Պատահում է, որ միասին են փորձում գրառումներ անել: Սյունեի խոսքով, շատ հաճախ ընթերցողներն էլ են թեմաներ առաջարկում. «Ընդհանրապես սիրում եմ կենտրոնանալ փոքրիկ դետալների վրա ու հենց դրանց մասին գրել»,-ասում է նա:
Հեղինակը գրառումների պարբերականության վրա չի կենտրոնանում: Ասում է` կարևորը զգա, որ ցանկանում է գրել: Երբ եկավ այդ պահը, ուրեմն գրում է՝ անկախ ժամից, օրից. «Կարող եմ գրել ամեն օր կամ տասը օրը մեկ : Քանի որ դասերով եմ զբաղված լինում, երբեմն «անհետանում եմ» տեսադաշտից: Բայց փորձում եմ շաբաթական գոնե մեկ նոր գրառում ունենալ»:
Սյունեն համեստություն է անում եւ նշում, որ թեեւ ընթերցողները շատ չեն, բայց եղածի մեջ կան հավատարիմները.  «Ես չեմ ձգտում արագ ճանաչման, որովհետև արագ ճանաչումը շատ արագ վերանալու հակում ունի: Փորձում եմ ամենին քայլ առ քայլ հասնել: Իհարկե, օրական հազարավոր դիտումներ ունենալը շատ գրավիչ է: Մի քանի հազարի չեմ հասել, բայց արդեն հաճախ եմ օրական հազարի կամ գոնե ութ-ինը հարյուր դիտումների քանակի հասնում: Սա ինձ համար մեծ հաղթանակ է: Ես կարևորում եմ ընթերցող ունենալը, բայց չեմ կենտրոնանում քանակի վրա»,- ասում է նա:
Աղջիկը նկատել է, որ գրառումները բավականին ակտիվ են մեկնաբանվում: Նա սիրում է մեկնաբանություններ ստանալ ու շփվել ընթերցողների հետ: Ասում է` իրենցից շատ բան է սովորում: Մեկնաբանությունների մեջ լինում են նաեւ քննադատություններ: Եթե դրանք իրոք հիմնավոր են, հեղինակը սիրով լսում, շնորհակալություն է հայտնում եւ խոստանում` ուղղել ինչ-ինչ սխալներ:
Իր բլոգի միջոցով Սյունեն ցանկանում է ցույց տալ մարդկանց, որ ամեն կարևոր բան թաքնված է դետալների մեջ: Ուզում է, որ մարդիկ ուշադիր լինեն այն ամենի նկատմամբ, ինչը շրջապատում է իրենց: Հավատացնել, որ վախերի ու սխալների մասին պետք է բարձրաձայնել ու ուղղել դրանք: Աղջիկը կոչ է անում`չվախենալ թերություններ ու վատ կողմեր ունենալուց. դրանք մարդու ամենահետաքրքիր ու լավ կողմերն են. «Դա է ասելիքս: Ինչ-որ չափով փորձում եմ նաև բլոգիս այցելուների մոտ ռոք երաժշտության նկատմամբ հետաքրքրություն առաջացնել: Սա նույնպես փոքր, բայց կարևոր նպատակ է»:
Ինքը ռոք երաժշտության սիրահար է: Նախընտրելի խմբերը երկուսն են` Pink Floyd եւ Led Zeppelin: Դա նկատելի է նաեւ բլոգում: Ցանկանում է, որ շատանան ռոք լսողները: Կարծում է` այն հետաքրքիր եւ ազատություն քարոզող երաժշտություն է. «Ոճ, որը ասելիք ունի: Հենց դրա համար էլ փորձում եմ բլոգում ու սոցցանցային էջերում նման երաժշտություն շատ մատուցել»:
Հետաքրքիր է Սյունեի բլոգի անվանումը` «Ամեն ինչ ոչնչի մասին», այսինքն՝ ամեն ինչ այն ամենի մասին, ինչը Ձեզ համար հաճախ ոչինչ է, բայց իրականում շատ կարևոր:
Ի դեպ, Սյունեի գրառումներին կարող եք հետեւել բլոգի ֆեյսբուքյան էջով

Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գագիկ says:

    Կարելի է պարզապես ավելացնել, որ այս ամենի հետ մեկտեղ՝ նա նաև լավ ընկեր է ու հրաշալի մարդ: Սիրում եմ քեզ իմ անկրկնելի Սյունե Սևադա:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728