Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր արտահերթ նիստի ժամանակ քննարկեց ՀՀ նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանի դիմումը: Պարոն Ղուկասյանն իր դիմումով պահանջել էր շրջանառությունից հանել ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի գովազդային հոլովակը, որտեղ ներառված է իր պատկերը:
Պարոն Ղուկասյանը պնդում է, որ ինքը համաձայնություն չի տվել իր պատկերն օգտագործելու համար: Ըստ Ա. Ղուկասյանի, հոլովակն իր բովանդակությամբ քաղաքացիների մոտ կարող է թյուր պատկերացում ստեղծել, որ Սերժ Սարգսյանը աջակցել է Մաշտոցի այգում 2012թ. ապրիլին քաղաքացիական անհամաձայնություն արտահայտած քաղաքացիներին:
ԿԸՀ-ն մերժեց պարոն Ղուկասյանի դիմումը, փաստելով, որ թեկնածուների կողմից ներկայացված տեղեկատվության հանրային ընկալման գնահատման, առավել եւս դրանով պայմանավորված սանկցիաներ կիրառելու իրավասություն հանձնաժողովը չունի:
Բացի այդ, ԿԸՀ-ն փաստեց, որ ՀՀ որեւէ օրենք չի արգելում ՀՀ նախագահի թեկնածուներին իրենց քարոզչական հոլովակներում, նյութերում օգտագործել այլ անձանց պատկերով տեսարաններ:
Կարդացեք նաև
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի խոսքերով, դիմումում չկան պահանջի իրավական հիմքեր եւ իրավական հիմնավորումներ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ