Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց կավատության մեջ մեղադրվող մարմնավաճառ տիկնանց դատավարությունը
Մի քանի ամիս է` դատավոր Էդուարդ Մանուկյանը լսում է Թուրքիայի Տրապիզոն քաղաքում մարմնավաճառությամբ ու կավատությամբ զբաղված Նարինեի ու Սուսաննայի դեմ հարուցված քրեական գործի քննությունը`չկարողանալով այն ավարտին հասցնել: Հիշեցնենք, որ այս տիկնայք մեղադրվում են 31-ամյա գյումրեցի մատուցողուհի Հրանուշին Թուրքիայի Տրապիզոն քաղաքում թրաֆիքինգի զոհ դարձնելու մեջ: Դատը 4 ամիս շարունակ անհարկի հետաձգվում էր 60- ամյա Սուսաննայի կամ որ նույնն է՝ «Դոկտորի» փաստաբանի չներկայանալու պատճառով: Այսօր վերջապես փաստաբան Մելանյա Սարգսյանը եկավ դատական նիստին` ներկայացնելով բժշկական տեղեկանք այն մասին, որ հիվանդ է եղել: Սակայն տեղեկանքը դեռ դատավորին չհանձնած, դատվող «Դոկտորը» ելույթ ունեցավ` ասելով, որ հրաժարվում է այս փաստաբանից: «Փաստաբանը հիվանդ է, հիվանդ չէ, ինձ բացարձակ հետաքրքիր չէ: Ես իրա նման դատապաշտպան չեմ ուզում, հո զոռովից չէ՞: Ինձ երկու շաբաթ ժամանակ տվեք, ես նորից ճարեմ»,-ասաց Սուսաննան:
Դատավորն անակնկալի եկավ` հարցնելով, թե ինչո՞ւ է հրաժարվում փաստաբանից, ո՞րն է պատճառը` դժգո՞հ է նրանից: «Այո, ես հրաժարվում եմ, նորից եմ կրկնում, ինձ երկու շաբաթ ժամանակ տվեք , ես նոր դատապաշտպանի հետ կխոսեմ»,- պնդեց դատվող կինը:
Դատավորը հարցրեց. «Էդ դուք իրավունք ունեք կալանավայրից դատապաշտպան կանչել ու խոսե՞լ», որին ամբաստանյալը այսպես պատասխանեց . «Բոլորի պաշտպաններն էլ գնում, գալիս են գաղութ, ես էդ հարցը կլուծեմ»: Դատավորը նկատեց, որ գաղութ գնացող-եկող փաստաբանները պաշտոնապես գրանցված են ու կասկածելով, որ Սուսաննան ու իր փաստաբանը ինչ-որ խաղերի մեջ են, կես ժամով դատը հետաձգեց:
Կարդացեք նաև
Այնուհետ Էդուարդ Մանուկյանը փաստաբան Մելանյա Սարգսյանին դատարանի դահլիճից տուն ճանապարհեց ու դատը հետաձգեց մինչև փետրվարի 27-ը: Տուժողը` Հրանուշը, չէր ներկայացել վատառողջ լինելու պատճառով:
Հիշեցնենք, որ դատավոր Էդուարդ Մանուկյանը դատական նիստերից մեկի ժամանակ նեղվել էր` ասելով. «Հերիք է դատական նիստերն անհարկի հետաձգենք, , վարչության պետը ինձ զանգում, ասում է` էս կանանց վրա արդեն 8 տոննա բենզին եմ ծախսել»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ