Արմենակ Դովլաթյանը` ՀԱԿ-ի որոշմանը չենթարկվելու մասին
ՀԱԿ անդամ, Հայաստանի կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը երկարատեւ ներկուսակցական քննարկումներից հետո որոշում կայացրեց նախագահական ընտրություններում սատարել Հրանտ Բագրատյանին: Այսօր Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց` հաշվի առնելով ՀԱԿ-ի հայտարարությունը, այսինքն, Դուք ՀԱԿ անդամ լինելով չե՞ք ենթարկվել այդ որոշմանը, ինչպե՞ս կմեկնաբանեք դա: Նա պատասխանեց. «Ոչ թե չեմ ենթարկվել, այլ դա ՀԱԿ-ի ընդհանուր որոշումն է: ՀԱԿ-ը չի մասնակցում, իսկ սա առանձին մեր կուսակցության որոշումն է: ՀԱԿ-ը ընդհանուր կառույց է, որտեղ բոլորն ազատ են իրենց դիրքորոշումներում»:
Հիշեցնենք, որ Կոնգրեսը որոշել էր չմասնակցել նախագահական ընտրություններին եւ չսատարել որեւէ թեկնածուի:
Նա վստահեցրեց, որ ինքը եւ ցանկացած կուսակցություն, այդ թվում` ՀԱԿ-ի մաս կազմող, իրավունք ունի իր առանձին դիրքորոշումներն ունենալու:
Կարդացեք նաև
Մեր հարցին` այդ որոշումից հետո Կոնգրեսի կողմից որեւէ ճնշում Ձեզ վրա չկա՞` Արմենակ Դովլաթյանը պատասխանեց. «Բացարձակապես: Իհարկե, չկա: ՀԱԿ-ի հռչակագրում հենց այդպես էլ ձեւակերպված է»:
Պարոն Դովլաթյանը վստահեցրեց, որ չնայած ինքը Հրանտ Բագրատյանին է սատարում այս ընտրություններին, բայց իր հարաբերությունները Կոնգրեսի հետ շատ լավ են. «Որեւէ խնդիր չունեմ»:
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը պատրաստվում է ՀԱԿ-ի առաջիկա քաղխորհրդի նիստի քննարկմանը ներկայացնել Լեւոն Զուրաբյանի հեռացման հարցը եւ ՀԱԿ-ի համակարգողի դերում առաջարկել Լեւոն Տեր-Պետրոսյանին: Այս առնչությամբ Արմենակ Դովլաթյանն ասաց. «Երբ որ առաջարկ լինի, այն ժամանակ էլ կքննարկենք: Քաղխորհրդում, երբ կներկայացվի, երեւի մյուս չորեքշաբթի, մենք մեր կարծիքը կհայտնենք, կտեսնենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ