40 հոգանոց պատվիրակությամբ Հայաստան է ժամանել Քուվեյթի մշակույթի, արվեստների ու նամակագրության Ազգային խորհրդի գլխավոր քարտուղար Ալի Հուսեյն Ալյուհանը
Այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում բացված ցուցահանդեսով մեկնարկեցին Քուվեյթի մշակույթի օրերը՝ նվիրված ազգային տոնին: Ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Քուվեյթի պատվիրակության ղեկավար , մշակույթի, արվեստների ու նամակագրության Ազգային խորհրդի գլխավոր քարտուղար Ալի Հուսեյն Ալյուհանը:
Մինչ ցուցահանդեսի մեկնարկը, ներկայացվեց քուվեյթյան ազգային երգ ու պար:
«Սա Քուվեյթի ազգային տոն է, որը մեծ ոգեւորություն է ինձ պարգեւել: Հատկապես ոգեւորված եմ քուվեյթական ազգային երգով»,- նշեց Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը:
Կարդացեք նաև
Ըստ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, դեռ 2011թ.-ից Հայաստանի Հանրապետության եւ Քուվեյթի միջեւ հաստատվել է համաձայնագիր եւ այս միջոցառումների շարքն էլ դրա շրջանակում է. «2011 թվականին Հայաստանի պատվիրակությունը Քուվեյթում ներկայացնում էր մեր ազգային մշակույթը, իսկ այսօր մեր երկրում հյուրընկալել ենք քուվեյթական մշակույթը: Միջոցառումների ցանկը այսպիսին է. լուսանկարչական արվեստի եւ ֆիլմի ցուցադրություն, համերգ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում»:
Քուվեյթյան պատվիրակությունը կայցելի նաեւ Հայաստանի պատմամշակութային վայրեր:
Ի դեպ, լրագրողներին բաժանվեցին գլխի փաթթոցներ, որոնք կրում են մահմեդական տղամարդիկ:
Սեւակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ