Գրողների միությունը, Ciltural.am-ը Ծաղկաձորում փետրվարի 8-10-ը կազմակերպում են «Գրականագիտության մեթոդաբանության խնդիրները արդի փուլում. Պոստմոդեռնիզմ` 20 տարի անց» խորագրով գիտաժողով` նվիրված գրականագիտության մեթոդոլոգիային եւ գրականության տեսության խնդիրներին: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Մշակութային հասարակություն» հ/կ նախագահ, գրականագետ Հասմիկ Խեչիկյանը: Նա նշեց, որ գիտաժողովում ներգրավված են ԵՊՀ-ի, Մանկավարժական, Սլավոնական եւ Լեզվաբանական համալսարանների մագիստրոսները եւ ասպիրանտները, որոնց հիմնական մասը կազմում են երիտասարդ կադրերը:
«Գիտաժողովը կազմակերպվել է «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակում: Այսօր երիտասարդ տեսաբաններ պատրաստելու եւ նրանց շրջանում ժամանակակից տեսություններով զբաղվելու հետաքրքրություն առաջացնելու խնդիր կա: Մինչեւ «չմարսենք» 1-դարյա գրականությունն ու տեսությունը, չենք կարող հասկանալ, թե ինչ փուլում ենք գտնվում եւ ինչպես առաջ անցնել: Այս գիտաժողովն էլ հնարավորություն է, որպեսզի հետաքրքրություն առաջանա խնդրի շուրջ եւ որոշակի հարցեր պարզելու համար միասնական դաշտ ստեղծվի»,-ասաց Հասմիկ Խեչիկյանը:
Նա նաեւ հայտնեց, որ գիտաժողովի մասնակիցներն ընդհանուր առմամբ հանդես կգան ավելի քան 40 զեկուցումով. «Օրակարգը հագեցած է, կկազմակերպվեն քննարկումներ զեկուցումների վերաբերյալ, ինչպես նաեւ` կլոր սեղան` «Կրթության մոդեռնիզացիայի եւ տերմինաբանության խնդիրը» թեմայով:
Մեր զրուցակցի խոսքով. «Գրականագիտական գիտաժողովներ նախկինում շատ են կազմակերպվել, սակայն այս մեկն առանձնանում է թեմատիկայով»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ