Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արման Մելիքյանը պնդում է ընտրողների վրա զանգվածային ճնշման ու ընտրակաշառքի մասին

Փետրվար 06,2013 17:03

Հայաստանի Հանրապետության

Կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

պարոն Տիգրան Մուկուչյանին,

 

ՀՀ նախագահի ընտրությունների

դիտարկումն իրականացնող

դիտորդական առաքելություններին

 

Հարգելի պարոն Մուկուչյան, ՀՀ նախագահի ընտրությունների դիտարկումն իրականացնող դիտորդական առաքելությունների հարգելի ղեկավարներ և անդամներ

Արդեն առիթն ունեցել եմ մեկ անգամ  դիմելու ՀՀ ԿԸՀ-ին և մտահոգությունս արտահայտելու առաջիկա նախագահական ընտրությունների օրինականությունը վտանգված լինելու կապակցությամբ: Ստիպված եմ, վերստին, հրավիրել Ձեր ուշադրությունն այն հանգամանքի վրա,  որ անկախացումից ի վեր Հայաստանից հեռացած` քվեարկելու իրավունք ունեցող առնվազն մեկ միլիոն քաղաքացիների ձայները կարող են նախկինի պես օգտագործվել ընտրությունների վերջնարդյունքը կեղծելու համար:

Մեր համոզմամբ, նախկին համապետական ընտրությունները կեղծվել են և առնվազն կես միլիոն քվեներ  հավելագրվել են հօգուտ իշխանության թեկնածուի, ինչը հաստատվում է ամենապարզ հաշվարկի միջոցով:

ՀՀ ԿԸՀ-ին հասցեգրված իմ նախորդ նամակով (15.01.2013թ. թվագրված) ես հորդորում էի ՀՀ ԿԸՀ-ին, որը ՀՀ “Ընտրական օրենսգրքի” տասներորդ հոդվածի համաձայն ընտրությունները կազմակերպող և ընտրությունների օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մշտական հիմունքներով գործող պետական մարմինն է, կանխել հնարավոր զանգվածային ընտրակեղծարարությունը Հայաստանից հեռացած` քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների վերաբերյալ հավաստի թվային տվյալներ հրապարակելու միջոցով: ԿԸՀ-ն իր որոշմամբ իմ առաջարկը դիտարկեց ոչ թե որպես ընտրակեղծարարությունը կանխող միջոց, այլ տեղեկատվություն տրամադրելու պահանջ, որը և մերժեց, մերժումը հիմնավորելով նրանով, որ նման տեղեկատվություն տրամադրելը չի մտնում ԿԸՀ-ի լիազորությունների մեջ:

Ելնելով վերը ասվածից` ստիպված եմ վերահաստատել պահանջս և հատուկ ընդգծել, որ ես ոչ թե տեղեկատվություն տրամադրելու պահանջ եմ ներկայացնում, այլ պահանջում եմ, որպեսզի ԿԸՀ-ն` վերը մեջբերված իր լիազորությունների և պարտականությունների բերումով կանխի ընտրակեղծարարությունը` ՀՀ-ից հեռացած ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների վերաբերյալ արժանահավատ թվային տվյալները հանրությանը հասանելի դարձնելու միջոցով:

Պետք է հավելեմ նաև, որ մենք հետևում ենք նախընտրական գործընթացներին և արձանագրում ենք ընտրողների վրա գործադրվող զանգվածային ճնշման դրսևորումներ:

Մեր աղբյուրները հաղորդում են, որ եղել են ընտրակաշառք առաջարկելու դեպքեր, իսկ բնակելի շենքերի լիազորներին վարչական շրջանների պաշտոնական ներկայացուցիչները` այսինքն պետական ծառայության մեջ գտնվող անձինք հրահանգել են հավաքագրել իրենց շենքերում գրանցված և Հայաստանից հեռացած կամ առկա ընտրողների վերաբերյալ թվային տվյալներ և այս աշխատանքները հիմնականում արդեն ավարտված են: Այդ նպատակով օգտագործվում են հատուկ ձևաթղթեր (նմուշը կցվում է), որի վերջին տողը պետք է տվյալներ պարունակի պարոն Սերժ Սարգսյանի օգտին քվեարկելու պատրաստակամություն արտահայտած ընտրողների թվի վերաբերյալ:

Մենք ընտրողների նկատմամբ զանգվածային ճնշման դրսևորում ենք գնահատում պետական ծառայության մեջ գտնվող անձանց կողմից գործող իշխանության ղեկավարի թեկնածուական շահերի հանդեպ ցուցաբերած հատուկ հետաքրքրությունը: Մյուս կողմից արդեն պարզ է, որ Հայաստանից հեռացած` ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների վերաբերյալ թվային տվյալներն արդեն հավաքագրվել են և իշխանության պարտականությունն է դրանք հրապարակել առնվազն մինչև փետրվարի տասներեքը:

Կարծում եմ, որ ՀՀ ԿԸՀ-ն և գրանցված դիտորդական առաքելությունները պետք է անհրաժեշտ քայլերը կատարեն զանգվածային օրինախախտումները կասեցնելու և կանխելու համար, որոնցից առաջինն ու կարևորագույնը պետք է լինի Հայաստանից բացակա ընտրողների վերաբերյալ արժանահավատ թվային տվյալների հրապարակայնացումը: Մենք շարունակում ենք նաև Հայաստանից հեռացած ընտրողների ընդհանուր թվաքանակի ճշգրտումը և արդեն հիմա կարող ենք ասել, որ այդ թիվը կարող է նկատելիորեն գերազանցել մեր կողմից նախապես նշված մեկ միլիոնը: Այժմ այս ուղղությամբ հատուկ հետազոտություն է իրականացվում, որը կհրապարակվի մոտ օրերս: Արդյունավետ համագործակցության ակնկալիքով և լավագույն մաղթանքներով,

 

ՀՀ Նախագահի թեկնածու Արման Մելիքյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728