Էկոնոմիկայի նախարար. «Պետական կառավարման մարմինները համապատասխան գիտելիքների եւ ռեսուրսների բացակայության պայմաններում չեն կարողանում իրականացնել տեխնիկական կանոնակարգերի մշակման գործընթացը»:
Հայաստանի որակի ենթակառուցվածքները բարեփոխելու համար այս տարվա բյուջեից 250 միլիոն դրամ կհատկացվի էկոնոմիկայի նախարարությանը: Այս մասին տեղեկանում ենք փետրվարի 7-ի կառավարության նիստի օրակարգից:
Նախարար Տիգրան Դավթյանը այս որոշման անհրաժեշտությունը բացատրել է տեխնիկական կանոնակարգման, ստանդարտացման, չափագիտության, հավատարմագրման, սերտիֆիկացման եւ շուկայի վերահսկողության ոլորտներում իրավական եւ ինստիտուցիոնալ կարողությունների հզորացմամբ եւ իրազեկության բարձրացմամբ: Էկոնոմիկայի նախարարը որոշման նախագծում վստահեցնում է, որ
այդպիսով կպաշտպանվեն սպառողների եւ տնտեսվարող սուբյեկտների շահերը եւ կապահովեն արտադրանքի ու ծառայությունների որակը եւ համապատասխանությունը, որը եւ կխթանի արտադրանքի արտադրությունը, արտահանումը, մրցունակությունը: Ըստ նախարարի, առաջնային խնդիր է նաեւ կադրերի վերապատրաստումը:
Կարդացեք նաև
Որոշման նախագծից տեղեկանում ենք, որ ՀՀ-ում գործում են 74 տեխնիկական կանոնակարգեր, որոնց մեծ մասն, ըստ նախարարի, վերանայման կարիք ունեն. «Տեխնիկական կանոնակարգման բնագավառում առկա են 2 հիմնական խնդիրներ. մի կողմից ՀՀ օրենսդրությամբ ոչ լիարժեք է սահմանվում պարենային եւ ոչ պարենային առանձնահատկությունները, մյուս կողմից՝ պետական կառավարման մարմինները համապատասխան գիտելիքների եւ ռեսուրսների բացակայության պայմաններում չեն կարողանում իրականացնել տեխնիկական կանոնակարգերի մշակման գործընթացը»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ