Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. Ուսանողական վարկավորումը ընտրությունների հաշվին չէ

Փետրվար 06,2013 16:24

Ըստ ԿԳ նախարարի, իշխանությունների գործը չէ կատարած քայլերը դիտարկել ընտրությունների կոորդինատների մեջ:

Aravot.am-ը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց՝ մտավախություն չունի՞, որ ընտրությունների նախաշեմին ուսանողական վարկերի տրամադրմանը մարդիկ կվերաբերվեն իբրեւ ակցիայի, որը ՀՀԿ PR-ի համատեքստում է:

«Ինչ լավ բան արվում է ընտրություններից առաջ, ասում են՝ ընտրությունների հաշվին է, եթե ընտրություններից հետո է արվում, ասում են՝ բա ի՜նչ պետք է անեին, խոստում էին տվել: Կարծում եմ՝ իշխանությունների գործը չէ դիտարկել կատարած քայլերը, բարեփոխումները, դրական լուծումները՝ ընտրությունների կոորդինատների մեջ: Եթե ուզում են, թող դրանով զբաղվեն այն մարդիկ, որոնք բացարձակապես չեն կարող կամ չեն ուզում տեսնել այն հսկայական ջանքերը, որ գործադրում է կառավարությունը, իշխանությունները տարբեր ուղղություններով խնդիրները լուծելու համար»,-պատասխանեց Արմեն Աշոտյանը:

Մեր դիտարկմանը, թե Արևմուտքում ուսանողական վարկերը տրամադրվում են արտոնյալ ժամանակահատվածով, վարկառուն էլ ուսանողն է, ոչ թե նրա ծնողները, վարկի մարումն իրականացվում է ուսանողի ապագա եկամուտների հաշվին ու էլի շատ բաներ կան, որոնք Հայաստանի պարագայում գուցե ֆանտաստիկայի ժանրից են, ԿԳ նախարարը պատասխանեց. «Ուսանողական վարկերի անհրաժեշտության մասին վաղուց էր խոսվում: Հայաստանի ներկայիս սոցիալ-տնտեսական պայմանների պարագայում այն առաջարկությունը, որ այսօր ներկայացվեց մեր նախարարության եւ բանկերի միության կողմից, ֆանտաստիկ կթվար մի քանի տարի առաջ: Դինամիկան այնպիսին է, որ բարձրագույն կրթության մատչելիությունն ապահովելու համար պետության կողմից կիրառվող գործիքակազմը տարեցտարի ընդլայնվում է: Հարկ է հիշել, որ անցյալ տարի որոշում ընդունվեց, որ «Փարոս» համակարգում ընդգրկված ընտանիքների երեխաներին պետությունը 50-100 %-ով փոխհատուցի ուսման վարձերը: Նաեւ գործարկվում է ուսանողական վարկերի տվյալ սխեման, որ եթե համեմատենք նախկին սխեմայի հետ, կտեսնենք, որ կրկնակի ավել է մարման ժամկետը (10 տարի) , տոկոսադրույքը կրկնակի պակասել է (12 % ): Պետությունը 2 %-ով սուբսիդավորելու է սովորական ուսանողներին, 3 %-ով՝ գերազանցիկներին: Եթե նախկինում վարկերի մարումը սկսվում էր առաջին տարվանից, հիմա ուսումնառության ընթացքում մարվում են միայն տոկոսները, իսկ ավարտից հետո կատարվում են վարկի մայր գումարի և տոկոսագումարների հավասարաչափ մարումներ: Բոլոր տեղաշարժերը ցույց են տալիս, որ ֆանտաստիկ լուծումներ Հայաստանում, այնուամենայնիվ, հնարավոր է գտնել»:

Նախարարը նաեւ հավելեց. «Ուսանողական վարկերի անհրաժեշտության մասին մենք խոսել ենք եւ որպես ԿԳ նախարարություն, եւ Հանրապետական կուսակցություն, կրթության ոլորտի խնդիրների շարքում այս հարցը կար: Կարծում եմ, որ պետք է ուրախանալ, որ այսպիսի մեծ տեղաշարժ ենք արձանագրում ուսանողական վարկերի մեխանիզմի ներդրման եւ ընդլայնման հետ կապված: Տա Աստված, որ պետության ֆինանսատնտեսական վիճակը տարեցտարի հզորանա, եւ պետությունը կարողանա առավել արտոնյալ պայմաններով վարկեր տրամադրել ուսանողներին»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Նարինե says:

    Սա այն է ինչ հարկավոր է ոչ միայն ուսանողներին, այլ նաև ուսանողների ծնողներին, չգիտեմ ով ինչպես կգնահատի, բայց ժողովրդական խոսք կա <>: Իրոք այս տեսակի վարկի կարիքը շատերը ունեն:

  2. Նարինե says:

    Ժողովուդն ասում է. կուշտը սովածին մանր կբրտե:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728