Aravot.am-ի հետ զրույցում «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար, ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանն ասաց, որ իր՝ վաղը՝ փետրվարի 7-ին, ժամը 5-ին ԿԸՀ-ի դիմաց հացադուլ անելու որոշումն ու հաջորդ օրվա ժամը 5-ին ինքնաբացարկ անելը, անփոփոխ է թողել:
Իսկ թե ինչո՞վ է պայմանավորված ժամը 5-ի ընտրությունը՝ Արամ Հարությունյանը մեկնաբանեց հետեւյալ կերպ. «Դպրոցում ես միշտ 5 եմ ստացել, դրանով էլ պայմանավորված է իմ ընտրած ժամը, ու ոչ միայն 5, նաեւ մեդալ եմ ստացել, համալսարանում էլ՝ կարմիր դիպլոմ, իսկ Լոմոնոսովի համալսարանում՝ ասպիրանտ եմ եղել… »:
Իսկ, թե որոնք են լինելու Հարությունյանի հետագա քայլերը ինքնաբացարկից հետո, թեկնածուն ասաց. «Ինքնաբացարկից հետո նույն քարոզն եմ տանելու: Քանի որ համոզված եմ, որ Սերժ Սարգսյանի քվեաթերթիկում եղած մարդիկ սկսելու են կակազել. մի քիչ կսպասենք, հետո կսկսվի նոր գործընթաց Հայաստանում»:
Հարցին՝ դուք ասում եք, եթե Սերժ Սարգսյանը հանի իր թեկնածությունը, ապա պատմության մեջ կմնա իբրեւ լավ նախագահ, որքանո՞վ եք իրատեսական համարում ձեր ասածը, նա պատասխանեց. «Եթե նա ուզում է ապահով ծերության մասին մտածել, իր համար ամենաճիշտ քայլն այն կլինի, որ դառնա երաշխավորը արդար ընտրությունների, այդպես նա կմնա պատմության մեջ: Ես ուզում եմ այնպես լինի, որ թեկուզ 100 տարի էլ անցնի, երբ google-ում գրեն Սերժ Սարգսյան, չբերի «մարտի 1», «Հարսնաքար», «Ռամիլ Սաֆարով» եւ այլն: Ուզում եմ, որ բերի «լավ բան», իսկ այդ «լավ բանը» կլինի միայն այն դեպքում, երբ ինքը դառնա երաշխավոր արդար ընտրությունների: Իսկ դրանից մեծ առաքելությո՞ւն՝ ինքն ուրիշ անգամ նման շանս չի ունենա»:
Կարդացեք նաև
Դիտարկմանն էլ, որ մյուս թեկնածուներն այդպես էլ չարձագանքեցին բոլորով թեկնածությունը հանելու ձեր կոչին՝ Հարությունյանը ասաց. «Դա իրենց խնդիրն է, նրանք դեռ ամսի 18-ից հետո կխոսեն, կտեսնեք, թե ինչ են ասելու, կսկսեն ոչ տրամաբանական բացատրություններ տալ, կամ՝ հեռախոսներն անջատել: Այ, որ ասում եմ սկսելու են կակազել, հենց սա նկատի ունեմ»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ