«Իրավապաշտպանների վիճակը Հայաստանում» զեկույցում ամփոփ ներկայացվում է իրավաբանական աջակցության սահմանափակման, դատական համակարգի կողմնակալության, ինչպես նաև ոտնձգություններ լրագրողների, բնապահպանների, իրավաբանների նկատմամբ:
«Իրավապաշտպանների Հարավկովկասյան ցանցը գործում է մի քանի տարի, որում ընդգրկված են Հայաստաի, Ադրբեջանի և Վրաստանի 10-ական իրավապաշտպանական կազմակերպություններ: Այն հանդիսանում է այս երկրներում իրավապաշտպանների վիճակի վերաբերյալ Իրավապաշտպանների Հարավկովկասյան ցանցի համատեղ զեկուցի մի մասը»,-այս մասին ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Այսօր «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ «Իրավապաշտպանների վիճակը Հայաստանում» զեկույցի շնորհանդեսը, որի պատրաստման աշխատանքներում աջակցել էին «Սոցիոսկոպ», «Ժողովրդավարությունն այսօր», « Շահխաթուն», «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպությունները:
Զեկույցում ընդգրկված է 2011թ. հունվարից 2012թ. նոյեմբեր ընկած ժամանակահատվածը, որտեղ անփոփ կերպով ներկայացվում է ոչ միայն իրավապաշտպանների խնդիրները, այլև հարձակումները լրագրողների, բնապահպանների, իրավաբանների վրա, իրավաբանական աջակցության սահմանափակման, ինչպես նաև դատական համակարգի կողմնակալության վերաբերյալ:
Կարդացեք նաև
«ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումների 16 դեպք է արձանագրվել մինչև 2012թ. հուլիսը, որոնցից 4-ը տեղի են ունեցել խորհրդարանական ընտրությունների օրը»,-ընդգծեց Արթուր Սաքունցը:
Նա նշեց նաև, որ քաղաքական գործիչները ուղղակիորեն սպառնացել են իրավապաշտպանական կազմակերպություններին, որ նրանց գործողությունները վատ հետևանքներ կունենան հատկապես 2012թ. նախընտրական շրջանում:
Սաքունցն անդրադառնալով իրավաբանական աջակցության սահմանափակմանը, ասաց, որ իրավապաշտպան հասարակական կազմակերպությունները իրավունք ունեին քաղաքացիներին տրամադրել իրավաբանական աջակցություն, սակայն 2012թ. ընդունված օրենքը սահմանափակում է հասարակական կազմակերպությունների իրավապաշտպանների հնարավորությունը մարդու իրավունքների խախտումներից տուժածներին ներկայացնելու դատարան. «Փաստաբանության մասին օրենքը պահանջում է, որ փաստաբաններն ունենան բարձրագույն իրավաբանական կրթություն և ստանան փաստաբանական արտոնագիր ՀՀ Փաստաբանների պալատի կողմից»:
Փաստաբանական արտոնագիր ստանալու համար իրավաբանները պետք է հայտ ներկայացնեն (վճարը`100 ԱՄՆ դոլար), 6 ամիս սովորեն փաստաբանների դպրոցում (վարձավճարը`1000 ԱՄՆ դոլար) և ստանան արտոնագիր (վճարը` 400 ԱՄՆ դոլար):
«Հաշվի առնելով այսօրվա սոցիալական վիճակը, ստացվում է այնպես, որ մարդը անպաշտպան է մնում դատարանում»,-հավելեց նա:
Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանն էլ ընդգծեց, որ ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանությանը խանգարում է սփյուռքը և միջազգային կազմակերպությունները.«Սա է պատճառը, որ մեր իշխանությունները այդքան լկտի են և անպատժելի»:
Ըստ Արթուր Սաքունցի` զեկույցը հասցեագրում են ՀՀ իշխանություններին, Եվրամիության կառույցներին և դեսպանատներին, ինչպես նաև ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանների հարցերով հատուկ զեկուցողներին:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ