ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ցույցերի մշտական մասնակից Սաշա Բաղոյանը դիմել էր ՀՀ նախագահին, վարչապետին, ազգային անվտանգության ծառայության պետին, ՀՀ արդարադատության նախարարին նույնաբովանդակ գրությամբ. «Խնդրում եմ Ձեզ՝ ընդունել ինձ:Ունեմ հայտարարություն, սակայն կյանքիս անվտանգությունը ապահովված չէ, այդ իսկ պատճառով դիմում եմ Ձեզ խնդրանքով՝ընդունել ինձ»:
Սաշա Բաղոյանն անցյալ տարվա դեկտեմբերի 25-ի ցույցի ժամանակ սրտի նոպայով տեղափոխվեց բուժկենտրոն եւ միայն վերջերս է ապաքինվել:
Իմ զրուցակիցն աշխատել է Երեւանի կենցաղային քիմիայի գործարանում, եղել է գործարանի հիմնադիրներից, ինչպես ասում է՝ «քաջատեղյակ է տնտեսության ունեցվածքին ու նրա գործունեությանը»:
1979թ. աշխատանքային պարտականությունների կատարման ժամանակ նա դարձել է 2-րդ խմբի հաշմանդամ՝ 60 տոկոս կորստով:
Կարդացեք նաև
Նա 2 միլիոն 850 000 դրամի չափով բաժնետեր է դարձել: Զրուցակիցս ասում է, որ որպես բաժնետեր դիմել է գործարանի տնօրեն Կարեն Խաչատրյանին, խնդրելով իրեն հատկացնել Արագածոտնի մարզի Աղձք համայնքում գտնվող գործարանին պատկանող օժանդակ տնտեսությունը: Հիմնավորումն այն էր, որ իր 2 միլիոն 850 000 ՀՀ դրամի չափով բաժնետոմսերի դիմաց մինչ օրս որեւէ գումար չի ստացել: Ի դեպ, 20 եւ ավելի բաժնետերեր, որոնց ստորագրությունները խմբագրությունում են, նույնպես որպես բաժնետեր ոչինչ չեն ստացել:
«Հիմնադրման օրից մինչ այսօր տնտեսությունը 20 տարի չի աշխատում, միայն պահակին վճարելով 50 000 ՀՀ դրամ»,- ասում է նա:
Ս. Բաղոյանը նաեւ նշում է, որ պատկան մարմիններին տեղեկացրել է, թե գործարանում բաժնետերերի ընդհանուր ժողով չի գումարվել, իրենք չեն ծանուցվել ժողովի գումարման մասին, հետեւաբար, դիմելով տնօրենին՝ պահանջել են իրենց տրամադրել 1993-94թթ. հաշվետու ժամանակաշրջանի տնտեսության գույքագրման, հաշվառման հաշվետվությունները, հաշվեկշռին նստած հիմնական միջոցների, հումքի, վառելիքի, գործարանի սեփականաշնորհման, «չտեղադրված սարքավորումերի», «օժանդակ տնտեսության խոզաբուծական սարքավորումների», «մարդատար վերելակի մասին» տեղեկությունները:
Խոսք էր եղել նաեւ գործարանին տրամադրած վարկերի, բիզնես-ծրագրերի հաստատման մասին:
Քիմգործարանի աշխատակցի տեղեկացմամբ, եթե գործարանները աշխատում են 2 տարուց ավելի վնասով, ապա տվյալ ձեռնարկությունը պետք է լուծարվի, մինչդեռ, ըստ նրա, եթե աշխատում են, նշանակում է՝ կա ստվեր եւ տնօրինությունը «ստանում է մեծ եկամուտ բաժնետերերի հաշվին»:
Ս. Բաղոյանի բարձրացրած պահանջը մնացել էր անպատասխան, ինչպես գործարանի, այնպես էլ պատկան մարմինների կողմից:
Նա դիմել էր Շենգավիթի ոստիկանության բաժին՝ քրեական գործ հարուցելու համար:
Անցյալ տարվա նոյեմբերի 30-ին ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որոշում էր կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին:
Ոստիկանության պաշտոնական պատասխանի համաձայն, բաժնետերերի ընդհանուր ժողովի մասին հայտարարությունը զետեղվել է 2012թ .«Նովոյե վրեմյա» թերթում: Նյութերի նախապատրաստման ժամանակ պարզվել էր, որ «Կենցաղային քիմիա» ԲԲ ընկերությունում ստուգումներ են եղել 2008-2012թթ.գործունեության հետ կապված, եւ որ «նախապատրաստված նյութերով հանցագործության դեպք տեղի չի ունեցել»:
Ոստիկանությունը տնօրեն Կ. Խաչատրյանի եւ Ս. Բաղոյանի միջեւ առկա վեճը հորդորել էր լուծել քաղաքացիաիրավական հայցի շրջանակներում:
Քաղաքացին դրանով չի բավարարվել. դիմել է ՀՀ վերահսկիչ պալատ, այնտեղից էլ պատասխանել են. «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքի համաձայն ,պալատը քաղաքացիների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության գործառույթ չի իրականացնում»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ