Այսօր ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի քարոզարշավը շարունակվեց Արմավիրի մարզում: Առաջին հանդիպումը հոգեւոր մայրաքաղաք Վաղարշապատում էր: Մինչ հանդիպման վայր` մշակույթի տուն գալը, Սերժ Սարգսյանը մոմ վառեց Հռիփսիմե եկեղեցում:
Նախագահին Վաղարշապատում դիմավորեցին Արմավիրի մարզպետը, ՀՀ ԱԺ գեներալ պատգամավորներ Մանվել Գրիգորյանը եւ Սեյրան Սարոյանը, Առաքել Մովսիսյանը, քաղաքապետ Կարեն Գրիգորյանը` Մանվել Գրիգորյանի որդին:
Հանդիպմանը ներկա էին նաեւ դպրոցների բարձր դասարանների եւ քոլեջների աշակերտներ, որոնք եռագույն, ԵԿՄ-ի եւ Էջմիածնի դրոշներն էին բռնել:
Aravot.am-ի հետ զրույցներում քոլեջի ուսանողներն ասացին, որ իրենց դասերը շուտ են ավարտվում, քանի որ ջեռուցում չկա` կարճ դասաժամեր են լինում, այդ պատճառով են եկել: Իսկ երկրորդ դպրոցի աշակերտներ Գարիկը, Մերուժանը եւ Սամվելը պատճառաբանեցին, որ ուսուցչուհին վատառողջ է եղել, դասի չի եկել, այդ պատճառով էլ դասերը շուտ են ավարտել:
Կարդացեք նաև
«Ձեր քվեի շնորհիվ լինելու եմ նաեւ մեր ընդդիմախոսների նախագահը: Ես ինձ պատասխանատու եմ համարում բոլորի եւ յուրաքանչյուրի համար: Ես դեռ անելիք ունեմ բոլորիս միավորելու հարցում: Հենց այստեղ եմ ես տեսնում գալիք տարիների իմ քաղաքական առաքելությունը»,-այսպես սկսեց իր խոսքը Սերժ Սարգսյանը`ապա ներկայացրեց իր նախընտրական ծրագրի սոցիալական հատվածը:
Վաղարշապատի վետերանների միության ներկայացուցիչ Պավլիկ Աղաջանյանն էլ հարցի փոխարեն այսպես դիմեց նախագահին. «Ես չեմ եկել ասելու, որ ընտրելու ենք Ձեզ: Ես եկել եմ ձեզ ասելու, որ մենք Ձեզ թիկունք պիտի դառնանք, մենք տեսնում ենք այն աշխատանքը, որ կատարում եք եւ դա մեզ ուժ է տալիս չարախոսներին սեւացնելու: Դուք միակ նախագահն եք, որի ներկայությամբ ռիսկ չեն անում դուրս գալ եւ համեմատվել ձեզ հետ»:
Ամփոփելով իր խոսքը՝ Սերժ Սարգսյանն էլ նկատեց.«Թիկունք կանգնելը լինելու է արդար ընտրություններով, ոչ թե ուժով ու բիլակով: Ուժի ու բիլակի ժամանակը 1992 -ին էր, այն ժամանակ դուք ձեր ուժն ու բիլակը ցույց եք տվել»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Դատարկելուց հետո ես միավորելու: Հաշվի միավորել ես: