Մոտ 2 տարուց Հայաստան-Վրաստան անցակետերում, թե բեռնատարները եւ թե հետիոտները ստիպված չեն լինելու ժամերով սպասել. Եվրամիության կողմից ֆինանսավորվող եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվում է Բավրա եւ Նինոծմինդա անցակետերի սահմանների կառավարման կարողությունների զարգացման ծրագիրը, որով կարդիականցվեն Հայաստան-Վրաստան բոլոր սահմանային անցակետերը, եւ ինչպես վստահեցնում են ոլորտի պատասխանատուները, բյուրոկրատական քաշքշուկներն ու կոռուպցիոն ռիսկերը կնվազեն:
Այսօր «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում, ծրագրի շրջանակներում տեղի ունեցած համաժողովին, որին ներկա էին միջազգային կառույցների, տեղական եւ վրացական բարձրաստիճան պաշտոնյաներ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ասաց, որ ծրագրի իրականացումից հետո կունենանք եվրոպական չափանիշներին համապատասխան անցակետեր: Պարոն Բաղդասարյանը որոշ թվեր ներկայացրեց, թե այսօր ինչ վիճակ է անցակետերում եւ ինչ կլինի 2 տարի հետո, ըստ այդմ, ինչպես վստահեցրեց անվտանգության խորհրդի նախագահը, ներկայումս անցակետում մարդկանց միջին հոսքը 904 է, իսկ ծրագրից հետո այն կհասնի 2000-ի, այսօր բեռնատար մեքենան 1 ժամից ավելի կանգնած է լինում անցակետում, իսկ արդիականացման ծրագրից հետո նման մեքենաներն ընդամենը 25 րոպե կկանգնեն, ավտոբուսներն էլ` 20 րոպե, իսկ հետիոտներն ընդամենը 3 րոպեում կհատեն սահմանը:
Պետեկամուտների նախագահ Գագիկ Խաչատրյանի խոսքերով էլ` արդեն մարտ ամսին կմեկնարկեն աշխատանքները եւ Վրաստանի հետ գործելու մեկ միասնական պատուհանը, որի համար կներդրվի տեղեկատվության եւ այլ գործառույթների միասնական համակարգ, դա ըստ ՊԵԿ ղեկավարի, բիզնեսի համար ավելի հանգիստ միջավայր կստեղծի:
Ծրագրի ընդհանուր բյուջեն 1 միլիոն 403 հազար եվրո է, հայկական կողմի գումարը, Արթուր Բաղդասարյանի ներկայացմամբ` մոտ 52 միլիոն եվրո է, որի մի մասը դրամաշնորհ է, մի մասը`արտոնյալ վարկեր:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ